Վերջին զանգը Թբիլիսիյում

հունիս 24, 2013 - 14:21        Viewed: 4139       

Դպրոցական կյանքն անգնահատելի հարստություն է, որը տարիներ հետո ավելի թանկ ու քաղցր է դառնում: Դպրոցական տասներկու տարիներն ամփոփվում են Վերջին զանգի արարողությամբ: Այդ օրը յուրատեսակ, աննկարագրելի զգացողություններ են խառնվում դպրոցականի հոգում ու ժպիտը թախիծի հետ` շնորհակալության, հրաժեշտի խոսքեր է ձոնում ուսուցիչներին: Հենց այդ օրն են պատանիները հասկանում, որ իրենց առջև նոր, ավելի պատասխանատու շրջան է բացվում, որից մեծապես կախված է նրանց ապագան: Վրաստանի հայկական դպրոցների ավարտական դասարանի երեխաները ըստ ավանդույթի, ամեն տարվա մայիս ամսին կազմակերպում են հրաժեշտի երեկո, որտեղ ասմունքում են, երգում, պարում և այլն:

Թբիլիսիի 104 – րդ հայկական դպրոցի շրջանավարտները ևս  միջոցառում էին կազմակերպել, նվիրված ավարտական վերջին զանգին: Բոլորը շատ հուզված էին ու շփոթված, որովհետև այդ օրը նրանք հեռանում էին իրենց համար արդեն հարազատ դարձած դպրոցից ու թևակոխում կյանքի նոր փուլ: Երեկոյի ընթացքում շրջանավարտներին իրենց բարեմաղթանքի խոսքերը հղեցին դպրոցի տնօրենը, ուսմասվարը և Տեր - Մանուկ քահանան: Միջոցառման ավարտից հետո փորձեցինք հետաքրքրվել արդեն նախկին աշակերտների պլաններով, ապագայի ծրագրերով:

-Անչափ հուզված եմ, ուրախ և տխուր... Այսօր իմ կյանքի կարևորագույն օրերից մեկն է: Րոպեներ առաջ ավարտվեց այսքան սպասված վերջին զանգն ու ես արդեն պիտի մտածեմ ավարտական և ԲՈւՀ - ի ընդունելության քննությունների մասին: Պատրաստվում եմ ընդունվել բիզնես կառավարման եւ էկոնոմիկայի բաժին: Հուսով եմ ինձ մոտ ամեն ինչ կստացվի. – պատմեց Վիկտորիա Դանելյանը:

Իր հուզմունքի խոսքն արտահայտեց նաև մեկ այլ շրջանավարտ.

-Դեռ չեմ պատկերացնում, որ դպրոցի զանգը էլ երբեք չի ղողանջելու ինձ համար: Բոլորին շատ կկարոտեմ ու շատ եմ ափսոսում, որ հեռանում եմ իմ հարազատ օջախից, ուսուցիչներից, դասընկերներից: Ես մանկուց երազել եմ դառնալ բժիշկ և ավարտական քննությունները հանձնելուց հետո պատրաստվում եմ ընդունվել բժշկական քոլեջ: Հաջողութուններ եմ մաղթում բոլորիս. – ասաց Գայանե Տոնոյանը:

Մի փոքր տեղեկություն նշենք նաև Թբիլիսիի 132 – րդ հայկական դպրոցի վերաբերյալ: Այս դպրոցը 2013 թ. ունեցավ 7 շրջանավարտ, որոնցից 5 – ը պատրաստվում է ընդունվել ԲՈւՀ, իսկ մնացած երկուսը առայժմ ոչ:

Մեզ մնում է կանաչ ճանապարհ մաղթել շրջանավարտներին: Թող Աստծո օրհնանքը միշտ ուղեկից լինի նրանց, իսկ բոլոր խոչընդոտներն ու խնդիրները հեշտությամբ հաղթահարվեն:

 

տեսանյութ

Օրացույց