Բեթղեհեմ թաղամասի դժբախտությունը

հունիս 24, 2013 - 14:40        Viewed: 1543       

2009 թ.-ից ք.Թբիլիսիի քաղաքապետարանը հին Թբիլիսիի վերակառուցման – վերականգնման ծրագիրն աշխատացրեց: Ոչ մեկի համար նորություն չի այն փաստը, որ օրինակ – քաղաքի վերականգնման աշխատանքներն իրականացվում էին բազմաթիվ (ինչպես ճարտարապետական ինքնության, այնպես էլ տեղի բնակչության իրավունքների) խախտումներով: «Վերակառուցման» հետևանքով հին Թբիլիսին ձեռք է բերել բոլորովին նոր տեսք: Առանձին ուշադրության է արժանի այն փաստը, թե ինչքանով է համապատասխանում նորացված հին Թբիլիսին, վաղ շրջանի քաղաքացիական ճարտարապետությանը: «Միություն» թերթն անպայման կանդրադառնա այս հարցին մոտ ապագայում, սակայն այս հոդվածի նպատակն այլ է:

Բեթղեհեմ փողոցի բնակիչ Ալբերտ Տրդատյանը հունիսին դիմեց մեր թերթին: Նրա խոսքով,  իր տանը կատարած աշխատանքներն արված է անորակ: Վերակառուցման ծրագիրը մեկ է, իսկ «վերակառուցված» տունը – այլ: Մասնավորապես, խոսքը տանիքի մասին է, որը «վերականգնման» աշխատանքներից հետո մի քանի քառակուսի մետր կորցրեց: Տարածքային կորուստներ ունեցավ նաև պատշգամբը: Խմբագրությունը հետաքրքրվեց այս հարցով և մենք փորձեցինք տեղում զննել «վերականգնված» շենքը, զրուցել տեղի բնակչության հետ:

«Ամեն կերպ ճնշեցին, տանիքիս մի մասը կորցրեցի, ինչպես նաև պատշգամբն ու մի սենյակը:  Դիմացի տանը մի հարկ էլ կառուցեցին, ավելացրին – մեր տուն արև չի մտնում: Կողքի հարևաններն էլ իրենց համար հարկեր կառուցեցին:  Ամեն կողմից ճնշեցին: Հարևանը «ներխուժեց» մեզ պատկանող բակ, փաստորեն յուրացրեց բակի մի մասը, իսկ «կրճատված» տանիքը չենք կարող օգտագործել: Երբ մեր բողոքն էինք արտահայտում, քաղաքապետարանի վերահսկողության վարչության ներկայացուցիչ Սոսո Վարսեմաշվիլին պատասխանեց - «Դուք հյուր եք այս հողի վրա: Ինչ արել ենք, դրանով էլ գոհ պիտի լինեք: Որտեղ ուզում եք բողոքեք»: Ինչո՞վ պիտի լինենք գոհ: Ուրիշները երկհարկանի տուն ունեին – եռահարկ սարքեցին, պատշգամբ չունեին՝ ավելացրեցին և այլն: Չենք պահանջում, որ մեզ էլ ավելացնեն, նվիրեն: Չենք ցանկանում իրենց նվերները, բայց ինչու՞ են մեզ ճնշում: Բեռը կրող պատերն էլ չամրացրեցին: Սա՞ է վերակառուցումը: Մի քանի անգամ դիմել ենք քաղաքապետարանին նամակով: 3 տարի է պատասխանի ենք սպասում: Մինչև երբ է շարունակվելու այս իրավիճակը՝ չգիտենք» - մեզ հետ զրույցում ասաց Բեթղեհեմ փողոցի բնակչուհի Ժաննա Տրդատյանը:

«Իմ տուն ներխուժեցին – ուզում ես թե ոչ, պիտի վերանորոգենք: Ես դեմ էի: Դրսից ինչ ուզում եք սարքեք, իսկ տան ներսում ոչ մի բանի ձեռք չտաք: Բայց ո՞վ լսեց: Այնպիսի տպավորություն ունեմ, կարծես իմ տունը քաղաքապետարանին է պատկանում: Ինչ ցանկանում են, այն էլ անում են: Պատերը քանդեցին – նրբատախտակով փոխեցին, երկաթե դուռը հեռացրեցին – նրբատախտակով փոխեցին, շենքի ճակատը (ֆասադ) փոխեցին, հատակն իրարից այնպես է հեռացել, որ նույնիսկ կատու կտեղավորվի այդտեղ, մկների մասին էլ չեմ խոսում... Առաջ տունս փայլում էր, իսկ հիմա նույնիսկ ամաչում եմ հյուրեր ընդունել: Ում ասես չեմ դիմել – ոչ մի արձագանք չկա: Հարևաններիս, որոնք նման խնդիր ունեին, նրանց օգնություն ցուցաբերեցին ու մասամբ վերանորոգեցին տունը: Ծանոթությամբ էր դա, թե ոչ՝  չգիտեմ: Ես քաղաքապետարանում ոչ ոք չունեմ: Մեզ դժբախտացրեցին, որպեսզի զբոսաշրջիկը տեսնի՞ գեղեցիկ ճակատ: Եթե ունենայի հնարավորություն, կքանդեի նրանց «վերանորոգած» տունը և նորը կկառուցեի, ինչպես պետք է: 88 տարեկան կին եմ, սոցիալապես ծանր պայմաններում եմ ապրում: Ո՞վ էր նրանց խնդրում, որ ներխուժեին իմ տուն իրենց «վերակառուցումով»:  Ի՞նչ անեմ, ու՞մ դիմեմ – արդեն չգիտեմ». – պատմում է Տրդատյանների ընտանիքի հարևան տիկին Գոհարը:

«Այսօր ոչ ոք հետաքրքրված չի, որ վերականգնվեն մեր իրավունքները: Այն մարդիկ, ում շնորհիվ մենք հիմա այս վիճակում ենք, այսօր էլ աշխատում են քաղաքապետարանում: Նրանք պաշտպաններ կունենան, որոնց հետ միասին նրանք «կերել են» մեր տները: Եթե իմ տան վերակառուցման համար պիտի հատկացվեր «X» գումար և վերակառուցման ծրագրի համաձայն պիտի պատ կառուցեին օրինակ, կառուցեցին անհասկանալի նրբատախտակ, իսկ որտե՞ղ է պատի կառուցման համար հատկացված գումարը: Հասկանալի է, որ գումարն իրենց գրպաններն է գնացել: Մի քանի անգամ դիմել եմ քաղաքապետարանին, իսկ հետո հասկացա թե ինչ անելանելի իրավիճակում եմ հայտնվել». – ասում է Բեթղեհեմ փողոցի վրա գտնվող մեկ այլ «վերակառուցված» տան բնակչուհի Ինգան:

«Շատ անգամ ենք լսել, որ հին Թբիլիսիի նորացման ժամանակ խախտվել են մարդկանց իրավունքները: Բայց իրավաբանական գրասենյակ ոչ ոք չի դիմել, որպեսզի պաշտպանեինք նրանց խախտված իրավունքները: Բոլորս գիտենք, որ առաջ քաղաքապետարանի դեմ պայքարն – անիմաստ, հաճախ նաև վտանգավոր էր: Ոչ ոք չէր ցանկանում, որ մի խնդիր լուծելու հետևանքով մեկ այլ ավելի ծանր խնդրի առաջ կանգներ: Անկեղծ ասած, առաջ ոչ մի իրավաբանական գրասենյակ չէր վերցնում նման գործ: Այսօր մենք սպասում ենք կտրուկ ազդակների, դեռ սպասում ենք... Չնայած երկրի քաղաքականությունում կատարված փոփոխությունների, չի նկատվում քաղաքացիների ակտիվություն իրենց իրավունքների վերականգնման նպատակով». – խմբագրության հարցին պատասխանեց Թբիլիսիի իրավաբանական ընկերության ներկայացուցիչ – Քեթևան Կեմուլարիան:

Փորձեցինք քաղաքապետարանի ներկայացուցիչների մոտ պարզեինք, թե ինչպես ստացվեց, որ «վերականգնված» տները չեն համապատասխանում վերականգնման ծրագրում նշված տվյալներին: Փորձեցինք նաև պարզել, թե մինչ օրս ինչու են բնակչության նամակները մնացել անպատասխան: Ինչպես և սպասելի էր, ոչ մի մեր հարցին քաղաքապետարանի թեժ գիծը չկարողացավ պատասխանել/չպատասխանեց:

(տեսանյութը)

շարունակություն

Օրացույց