Գիտելիքի, գրքի և դպրության օրը

սեպտեմբեր 01, 2015 - 13:54        Viewed: 1654       

ԱրմենՊրես -Գիտելիքի, գրքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1­ը, յուրահատուկ իրադարձություն է ցանկացած դպրոցականի, ուսանողի, ծնողի և մանկավարժի համար: Տոն, որին անհամբերությամբ սպասում են շատերը: Սեպտեմբերի 1­ին հանրապետությունում 40 հազարից ավելի փոքրիկներ առաջին անգամ ոտք կդնեն դպրոց: Նախորդ տարի առաջին դասարանցիների թիվը 38 հազար է եղել: «Այս օրը հիշարժան է բոլոր աշակերտների, մասնավորապես, առաջին դասարանցիների համար, ովքեր իրենց ուսուցիչների ուղեկցությամբ առաջին անգամ կմտնեն դպրոց` զարմանահրաշ մի աշխարհ, որը տարիների ընթացքում կդառնա նրանց համար անչափ հոգեհարազատ, սիրելի ու անմոռանալի մի վայր, որն ամբողջ կյանքում կոչելու են «իմ դպրոցը»` շնորհավորելով դպրոցականներին` նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Օրը պակաս տոնական չէ նաև այն պատանիների և երիտասարդների համար, ովքեր առաջին անգամ կբացեն բուհերի դռները: Հայաստանի ավելի քան 10 հազար երիտասարդներ սեպտեմբերի 1­ին առաջին անգամ ոտք կդնեն բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Հայկական երկրորդ հանրապետությունում՝ Արցախում, սեպտեմբերի 1­ը ևս սպասված տոներից է: ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը նշեց, որ այս տարի Արցախի 219 դպրոցներ առաջին անգամ ոտք կդնի 2760 փոքրիկ: «Նախորդ տարվա համեմատությամբ, ավելի շատ առաջին դասարանցի ունենք: 2014­-2015 ուսումնական տարում աշակերտների թիվը եղել է 2329: Երեխաների թվի աճը պայմանավորված է «Ղարաբաղյան մեծ հարսանիք»­ով, քանի որ այդ տարի ամուսնացածների երեխաներն այսօր դպրոց են գնում: Իսկ ընդհանրապես Ղարաբաղում ծնելիության աճի տենդենց կա, հատկապես վերջին հինգ տարիների ընթացքում», ­նշեց Սլավա Ասրյանը: 2008 թվականին Արցախում միանգամից գրեթե 700 ընտանիքներ կազմվեցին: Հենց այդ ամուսնություններից ծնված երեխաներն արդեն սկսում են դպրոց հաճախել: «Հաջորդ տարի հնարավոր է ավելի քիչ լինեն առաջին դասարանցիները, բայց 2500­ի շեմը կպահպանվի»,­հավելեց նախարարը: Սլավա Ասրյանի խոսքով, դպրոցները պատրաստ են ընդունել առաջին դասարանցիներին: «Դասագրքերի բաժանման գործընթացն սկսված է: Մեզ մոտ ոչ թե 1­­րդ, այլ 1­2­րդ դասարանի աշակերտներն անվճար են ստանում դասագրքերը` պետության հաշվին»,­ընդգծեց նա: Սեպտեմբերի մեկը տոն է նաև արցախցի այն ուսանողների համար, ովքեր առաջին անգամ ոտք կդնեն բարձրագույն ուսումնական հաստատություններ: Արցախում կա երկու պետական բուհ` Արցախի պետական համալսարանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը: Գործում են նաև երեք ոչ պետական բուհեր: «Արցախի պետական համալսարանը 474, իսկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը 86 առաջին կուրսի ուսանող կունենա: Մասնավոր բուհերն ավելի քիչ առաջին կուրսեցի կունենան», ­նշեց ԿԳ նախարարը:

Օրացույց