ԱՍՊԱՐԵԶ (ԱՄՆ) -«Մոտիւս Վիվենտի» կեդրոնի ղեկավար, Գանատայի մօտ Հայաստանի նախկին դեսպան Արա Պապեան՝ խօսելով տարածաշրջանային զարգացումներուն մասին, հաստատած է, որ այս տարուան ամառը շատ կարեւոր էր իր բերած փոփոխութիւններով։ Ըստ անոր՝ առաւելապէս Հայաստանի համար նպաստաւոր պայմաններ ստեղծուած են, բայց ինք կը կասկածի, որ այս անգամ ալ Հայաստան կարողութիւն կ՛ունենայ ստեղծուած կացութենէն օգտուելու:
«Մենք արտաքին քաղաքական առումով ունենք աշխարհաքաղաքկան նպաստաւոր իրավիճակ: Մի իրավիճակ, որը տասնամեակներ շարունակ չի եղել Հայաստանի համար, բայց իմ մտահոգութիւնն այն է, մտավախութիւնը, գրեթէ համոզմունքը, որ մենք դրանից չենք կարող օգտուել ելնելով ներքաղաքական խնդիրներից, ինչպէս նաեւ հերթական անգամ պատրաստ չլինելուց», ըսած է ան։ Քաղաքագէտը վերլուծած է Թուրքիոյ, Իրանի, Ատրպէյճանի, Սուրիոյ եւ Ռուսիոյ մէջ տեղի ունեցած իրադարձութիւններն ու ապագայի հաւանական զարգացումները։
«Այն, ինչ կատարւում է տարածաշրջանում առայժմ ձեռնտու է Հայաստանին: Բարենպաստ է, օրինակ՝ Թուրքիայում տիրող իրավիճակը, քրդական շարժումով հանդերձ եւ նոր պետութեան ստեղծման հեռանկարով, բարենպաստ է Իրանի նկատմամբ կիրառուող պատժամիջոցների վերացումն ու այդ երկրի մուտքը համաշխարհային շուկայ: Մի կողմ դնենք, թէ հետագայում ինչ համատեղ ծրագրեր կարող են անել Հայաստանն ու Իրանը, այժմ արդէն բարենպաստ է այդ երկրի միջոցով նաւթի գնի իջեցումը. այն վերջնական կը ջախջախի Ադրբեջանը, ըստ կանխատեսումների՝ նաւթի մէկ բարելի գինը կարող է իջնել մինչեւ 20 դոլար: Որքան քիչ փող, այնքան քիչ զէնք», հաստատած է Արա Պապեան՝ Հայաստանի դրացի երկրին համար կանխատեսելով տնտեսական եւ հետեւաբար քաղաքական լուրջ խնդիրներ:
«Նոյն Ադրբեջանը 94 դոլարով էր 1 բարել նաւթը հաշուել բիւջէում, հիմա այդ փողերը չկան, փողերը մաշւում են եւ այլն: Սա զսպող դեր է կատարում Ադրբեջանի համար, միւս կողմից Ադրբեջանը հասկանում է, որ սա իր վերջին շանսն է, ըստ էութեան՝ այս տարեվերջը եւ միւս տարուայ սկիզբը, եթէ ինքը փորձի ռազմական եղանակով հարցեր լուծի, պիտի փորձի այդ ժամանակ, որովհետեւ յետոյ աւելի վատ կը լինի: Ակնյայտօրէն Ադրբեջանում դժգոհութիւնը շատանում է, նաեւ էթնիկ-կրօնական խմբերի դժգոհութիւնն է շատանում: Այսինքն՝ սունիներն ակտիւանում են հիւսիսում, ազգային խմբերից լեզգիններն ու թալիշներն են ակտիւանում, թաթերն են սկսել իրենց մասին հնչեցնել եւ խօսել», յայտնած է Պապեան։