Ինչու՞, ինչի՞ համար գնեց վրացական հոգևորական սեմինարիան հայկական գրքերը

հունիս 29, 2013 - 01:06        Viewed: 1705       

2012թ. ամառ: Թբիլիսահայերի մեծամասնության համար աննկատ, համայնքը հերթական կրթա – մշակութային կորուստ ապրեց: Լուծարման ենթարկվեց «Մետրոմշեն» թաղամասում գտնվող 30-րդ հայկական գրադարանը:

Գրադարանը գոյատևում էր պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Նրա պահեստանոցներում 5000-ից ավելի գրքեր էին, որոնցից 2776-ը հայերեն լեզվով էր, իսկ մնացածը - վրացերեն և ռուսերեն: Բնակչության հարցին, թե ինչու է լուծարվում գրադարանը, այպիսի պատասխան տրվեց. «Պետությունը բավարար միջոցներ չունի այս հաստատությունն աշխատացնելու համար»:

Օրեր առաջ «Վրաստանի Հայ Համայնք»-ի ներկայացուցիչները Մետրոմշեն թաղամասի մի քանի բնակիչների հետ այցելեցին ք.Թբիլիսիի գլխավոր գրադարան: Համայնքի ներկայացուցիչներին հետաքրքիր էր, թե ինչ է պատահել հայկական գրադարանի գրքերի հետ (2012թ. գրադարանի լուծարումից անմիջապես հետո տարածվեց տեղեկություն, իբր գրքերը փոխանցվել են Սամցխե - Ջավախեթիի գրադարաններից մեկին, սակայն տարածաշրջանի ոչ մի խոշոր գրադարանում սույն տեղեկությունը չհաստատեցին): Այն դեպքում, եթե գրքերը կենտրոնական գրադարանի պահեստանոցներում է պահվում՝ համայքը ցանկություն ուներ վերցնել լուծարված գրադարանի գրքերը: Վերջ ի վերջո, եթե պետությունը մեր իսկ հարկերով չի կարող պահպանել գրքեր, դպրոցներ և այլն, երևի հարկավոր է գիտակցենք, թե ինչպիսին է իրականութունը: Գիտակցենք և համապատասխան քայլեր անենք: Հենց այսպիսի քայլ կարող ենք համարել համայնքի դիմումը կենտրոնական գրադարանին – վերադարձնեն հայկական գրքերը:

Կենտրոնական գրադարանի գլխավոր տնօրեն՝ տիկին Ցիալա Կալմախելիձեի հետ հանդիպման ժամանակ ստացել ենք տեղեկություն, որն առաջացրել է խորին զարմանք և շփոթմունք:

«Գրադարանի լուծարումից հետո բոլոր գրքերը տեղադրված էին մեր պահեստանոցներում: Բավականին մեծ գրադարան էր (լուծարված): 2013թ. փետրվարին գրքերն ունեցան «այցելուներ»: Պարոն Միխեիլ Մեբոնիան ցանկություն հայտնեց օգտագործման վերցնել բոլոր հայկական գրքերը: Մենք իհարկե ուրախացանք, որ գրքերը նոր սեփականատեր կունենան: 2013թ. փետրվարի 13-ին գրքերը փոխանցվեցին նոր սեփականատիրոջը: Ունենք բոլոր համապատասխան փաստաթղթերը, գրքերի ցուցակը, հաշվառման և ֆինանսական փաստաթղթերը». – տեղեկացրեց մեզ տիկին Կալմախելիձեն:

Երբ մենք պահանջեցինք գրքերի նոր տիրոջ կոնտակները և փոխանցման հետ կապվածփաստաթղթերին ծանոթանալ, գրադարանի տնօրենը երկար չսպասեցրեց: Սեղանի դարակից հանեց համապատասխան թղթապանակը:

Ծանոթացանք փաստաթղթերին...

«Միխեիլ Մեբոնիա: ք.Թբիլիսի, Մուխիանիի ռազմական բնակավայր, Սբ. Եկատերինեի անվ. կրոնական դպրոց: Հայ գրականություն, ընդ. 2776 հատ, գումար 6929 լարի 39 թեթրի»:

Գրադարանից դուրս գալուն պես փորձեցինք կապնվել Սբ. Եկատերինեի անվան հոգևորական սեմինարիայի ներկայացուցիչ պարոն Մեբոնիայի հետ: Ապարդյուն... «Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս»...

Իհարկե բազմաթիվ հարցեր առաջացան: Ինչու՞, ինչի՞ համար գնեց վրացական հոգևորական սեմինարիան հայկական գրքերը: Միթե՞ այս սեմինարիայում մինչ օրս մեզ համար անհայտ, հայագիտության բաժին է գործում: Ի՞նչ բախտի են արժանացել հայկական գրքերը:

Խմբագրությունը չի դադարեցնի այս թեմայի հետ կապված հարցերին պատասխաններ փնտրել: Մոտ ապագայում մեր ընթերցողին նոր տեղեկություն կփոխանցենք:

Օրացույց