Սեպտեմբերի 1. օրվա իրադարձություններ. Վրաստան

սեպտեմբեր 01, 2015 - 19:10        Viewed: 1522       

Սեպտեմբերի 1-ին Վրաստանի Կառավարությունում տեղի է ունեցել երկու փոփոխություն: Վարչապետի կողմից անցկացված հատուկ ճեպազրույցի ընթացքում հայտնի է դարձել, որ Վրաստանի Արտաքին Գործերի նախարար Թամար Բերուճաշվիլին հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից: Նրա տեղը զբաղեցրել է Տնտեսության արդեն նախկին նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին: Տնտեսության նախարարի թափուր պաշտոնը միանգամից զբաղեցրել է Թբիլիսիի նախկին փոխքաղաքապետ Դմիտրի Քումսիշվիլին: Ինչ վերաբերում է Արտաքին Գործերի նախկին նախարարին, Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ «որոշումը այն մասին, թե ինչ պաշտոն կզբաղեցնի Թամար Բերուճաշվիլին, կընդունի Արտաքին Գործերի նոր նախարարը»: «Երկրի Կառավարությունը կենտրոնացած է տնտեսության զարգացման հարցի վրա, որը պետք է նոր աշխատատեղեր ստեղծի երկրի քաղաքացիների համար: Հատկապես դա է եղել Արտաքին Գործերի նախարարի պաշտոնին Տնտեսության նախարարին նշանակելու որոշման հիմնավորումը: Այսօրվա դրությամբ մենք կարևորում ենք այդ երկու ճյուղերի` արտաքին քաղաքականության և տնտեսության միավորումը: Գիորգի Կվիրիկաշվիլիի փորձը թույլ կտա ավելի սերտ կապել մեր արտաքին քաղաքականությունը երկրի տնտեսական առավելությունների հետ», -հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական ՍՈԿԱՐ ընկերությունը հայտարարել է գազի նոր սակագների մասին իրավաբանական անձ համարվող բաժնետերերի համար: «Հոկտեմբերի 1-ից ՍՈԿԱՐ ընկերության բոլոր առևտրային բաժանորդները 1կբմ. գազի դիմաց կվճարեն 0.84 լարի: Սակագների փոփոխությունը կվերաբերի միայն այն իրավաբանական անձանց, որոնք նախկինում 1 կբմ. գազի դիմաց վճարում էին 0.84 լարիից պակաս: Սակագների փոփոխության մասին որոշումը չի վերաբերի միայն հաց արտադրող ձեռնարկություններին, ինչպես նաև կրոնական կազմակերպություններին (Վրաստանի բոլոր կրոնական կազմակերպությունները ադրբեջանական գազն անվճար են ստանում -խմբ.)», -ասված է ՍՈԿԱՐ ադրբեջանական ընկերության հատուկ հայտարարությունում, որը Վրաստանի նավթագազային շուկայի փաստացի մենատերն է:

Վրաստաի Ազգային Բանկի որոշման համաձայն` սեպտեմբերի 2-ին 1 դոլարի արժեքը կկազմի 2.3644 լարի, իսկ 1 եվրոն հնարավոր կլինի գնել 2.6633 լարիով: Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին 1 դոլարը կազմել է 2.2792 լարի, իսկ 1 եվրոն 2.4987 լարի: Վրաստանի ազգային արժույթը շարունակվում է արժեզրկվել:

Սեպտեմբերի 1-ին հայտնի է դարձել թբիլիսյան հացահատիկ արտադրող գործարանի փակման մասին: Գործարանի փակման արդյունքում գործազուրկ է մնացել 120 մարդ: «Հացահատիկի գործարանի աշխատակիցները չգիտեն, թե ինչն է դարձել ալյուր արտադրող ձեռնարկության փակման պատճառը: Աշխատակիցների մի մասը հնարավոր պատճառ է համարում Կառավարության ճնշումը գործարանի ղեկավարության վրա: Փակված ձեռնարկության ղեկավարությունը հերքում է տվյալ տարբերակը և հայտարարում, որ հացահատիկի գործարանի փակման պատճառը եղել են ֆինանսական խնդիրները», -գրում է վրացական մամուլը:

Սեպտեմբերի 1-ին Վրաստանի Խորհրդարանի Բյուրոյի նիստն է կայացել: Այսօրվա նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն` «Վրաստանի Խորհրդարանի աշնանային նստաշրջանը կսկսվի սեպտեմբերի 2-ին»:

«Վրացական երազանք» իշխող կոալիցիան Վրաստանի ընտրական համակարգում սպասվելիք բարեփոխման մասին հայտարարություն է տարածել: Իշխող կուսակցության առաջարկությունների համաձայն` «2016թ. ընտրությունների ընթացքում(խորհրդարանական ընտրություններ -խմբ.) հավասարություն կապահովվի բոլոր ընտրատարածքների միջև»: «Բոլոր ընտրատարածքները հավասար կլինեն ըստ բնակչության քանակի սկզբունքի: Բացի այդ, 2016թ. ընտրությունների ընթացքում մեծամասնական պատգամավորների համար կմտցվի 50% անցումային սանդղակը: Դա պետք է մեծացնի ժողովրդի կողմից ընտրվող պատգամավորների օրինականությունը: Իշխող կոալիցիան նաև ծրագրում է մոտակա ժամանակներս խորհրդարան ներմուծել սահմանադրական օրինագիծ, որի համաձայն` 2016թ. ընտրությունները կկայանան ըստ համամասնական համակարգի. բազմամանդատ ընտրատարածքների հետ միասին: Բազմամանդատ ընտրատարածքներում կհետևվի պատգամավորների տարածքային ներկայացուցչության սկզբունքը», -ասված է իշխող կոալիցիայի հայտարարությունում:

«Լարս» անցակետում ձևավորվել է բեռնատար մեքենաների մի քանի կիլոմետրանոց խցանում», -սեպտեմբերի 1-ին հայտարարել է Խորհրդարնական փոքրամասնության պատգամավոր Կոբա Սուբելիանին: Հայտարարությանն ամրագրված է նաև տեսանյութ, որը հաստատում է բեռնատար մեքենաներից բաղկացած խցանման առկայությունը ռուս-վրացական սահմանի վրա: «Ահա արդեն մի քանի օր է, ինչ «Լարս» անցակետում ձևավորված է բեռնատար մեքենաների բազմակիլոմետրանոց խցանում: Ոչ ոք չգիտի պատճառը: Միաժամանակ, յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր կորցրած ժամը և օրը մեծ վնաս է մեր տնտեսությանը: Կոչ եմ անում երկրի վարչապետին գնալ անցակետ և պարզել, թե ինչն է պատճառը: Խոսքը հարյուրավոր բեռնատար մեքենաների մասին է, որոնք չեն կարող տեղից շարժվել», -հայտնել է Կոբա Սուբելիանին: Հիշեցնենք, որ «Լարս» անցակետը Վրաստանի և Ռուսաստանի միջև օրինականորեն գործող միակ անցակետն է: Պաշտոնական տվյալների համաձայն` «Լարս» անցակետի միջոցով 2015թ. Վրաստանի տարածք է մտել 469 000 այցելու: «Լարսը» նաև օգտագործվում է Հայաստանի կողմից դեպի Ռուսաստան մեքենայով փոխադրվելու համար:

Օրացույց