Լրագիր (Երևան) -Վաշինգտոնը Թուրքիայում գտնվող ամերիկացի դիվանագետների ու զինվորականների ընտանիքներին խորհուրդ է տվել լքել երկիրը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ ռազմական գործողությունների ակտիվացման ֆոնին: Պենտագոնի ղեկավար Պիտեր Կուկը հայտարարել է, որ կամավոր տարհանման կարող է մասնակցել Ադանայի շրջանում գտնվող 900 մարդ:
Թուրքիայի նախագահ Էրդողանն ուղիղ մեղադրել է Արեւմուտքին, որ չի նպաստել Սիրիայի, Լիբիայի եւ Իրաքի բարգավաճմանը: «Լիբիայում, Իրաքում նավթ կա, որի արդյունայանումը ցանկանում է վերահսկել Արեւմուտքը»,- ասել է նա:
Թուրքիայի իշխանությունը մեկ տարով երկարացրել է մանդատը, որով կառավարությանը թույլ է տրվում ռազմական ուժ կիրառել Սիրիայի եւ Իրաքի տարածքում: Մանդատը գործում է 2014 թ. հոկտեմբերից:
Թուրքիան լայնամասշտաբ պատերազմի է պատրաստվում, որն ըստ ամենայնի սկսվելու է շատ շուտով: Փորձագետներն ասում են, որ Թուրքիան արդեն հիմա չի կառավարում քրդաբնակ տարածքները: Ընդ որում, Էրդողանը ստիպված էր ժամանակավոր կառավարությունում ընդգրկել քրդական կուսակցության ներկայացուցիչների:
Փորձագետները Թուրքիայում իրադարձությունների զարգացման երկու տարբերակ են նշում: Երկիրը կամ դադարում է ունիտար լինել, իրավունքներ տալով բոլոր էթնիկ փոքրամասնություններին (այդ թվում, ի դեպ, հայերին), կամ էլ պետությունը կփլուզվի: Այսպես թե այնպես, Թուրքիան փոխվելու է, եւ Էրդողանը բոլորից լավ գիտե այդ մասին: Նա հասկանում է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում նոր սահմաններ է գծում, որոնք չեն համընկնում իր ծրագերին: Գոնե դեմքը, եթե ոչ երկիրը պահելու համար Էրդողանը ստիպված է լինելու պատերազմ սկսել:
Տարածաշրջանում սահմանների վերաձեւումը վերաբերելու է ոչ միայն Թուրքիային, այլ նաեւ Ադրբեջանին: Անխուսափելիորեն դրվելու է ոչ միայն Ղարաբաղի, այլ նաեւ Նախիջեւանի հարցը: Թուրքիան պատահաբար չէ իր ռազմաօդային ուժերն ուղարկել Նախիջեւան երկարաժամկետ զորավարժությունների անվան տակ: Թուրքիային ու Ադրբեջանին անհրաժեշտ է Հայաստանը ներգրավել իրենց պատերազմում, որպեսզի չեզոքացնեն հայերի պահանջները, որոնք կարող են վճռորոշ դառնալ:
Այդ համատեքստում հասկանալի է դառնում, թե ինչու է Ադրբեջանը սրում վիճակը ոչ թե Ղարաբաղում, այլ Հայաստանի հետ սահմանին՝ Տավուշում: Ադրբեջանը պատասխան գործողություններ է սպասում հայկական կողմից, որպեսզի ռազմական օգնություն «խնդրի» Թուրքիայից եւ Հայաստանը ներքաշի տարածաշրջանային մեծ պատերազմի մեջ:
Հայաստանն իր զինվորների ու խաղաղ բնակիչների կյանքի գնով տարածաշրջանը զերծ է պահում մեծ պատերազմից: Հայաստանը պետք է պատրաստ լինի Թուրքիայի ու Ադրբեջանի առավել լկտի գործողություններին: Էրդողանն ու Ալիեւը կորցնելու բան չունեն, նրանք արդեն գիտեն, որ իրենց համար լավ ժամանակներն ավարտվել են: