Թուրքիայի կողմից բռնագրավված Արևմտյան Հայաստանի արևելյան նահանգներում շուրջ երկու ամիս է շարունակվում են փաստացի ռազմական գործողություններ թուրքական զինուժի և երկրում ահաբեկչական համարվող Քրդական Բանվորական Կուսակցության (PKK) միջև:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի բաժնը, սեպտեմբերի 8ին` ժամը 09.46ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում պայթյունի ձայն է լսվել:
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Արարատի մարզի Նորամարգ գյուղից 5 կմ հեռավորության վրա` Թուրքիայի տարածքում: Մասիս և Թոնդրակ լեռների հարակից տարածքները սեպտեմբերի 4ին Աղրըի նահանգապետարանը 15 օրով հայտարարել էր «հատուկ անվտանգության գոտի», որտեղ թուրքական զինուժը գործողություններ է իրականացնում PKKի դեմ:
Աղրըի նահանգապետարանն առաջին անգամ 15ական օրով անվտանգության գոտի սահմանելու մասին հայտարարել էր օգոստոսի 2ին, իսկ երկրորդ անգամ` օգոստոսի 19ին: Այժմ, հաշվի առնելով Արարատ և Թոնդրակ լեռների տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը` նահանգապետարանը որոշում է կայացրել այս տարածքները ևս 15 օրով հայտարարել «հատուկ անվտանգության գոտի»: