Ֆրանսիայի Խորհրդարանում հնարավոր է քննարկվի ԼՂՀ ճանաչման հարցը

սեպտեմբեր 08, 2015 - 15:06        Viewed: 1565       

ԱՊԱՌԱԺ (Արցախ) -Հայ Յեղափոխական Դաշնակցության հրավերով Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբի պատվիրակության Հայաստան և Արցախ այցելության վերջնակետը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում է։

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո Լը Ռուին Հայաստանում էր նաեւ ապրիլի 24-ին։  

«Այսօր հարցը նրանում չէ, թե ինչ քայլեր է անում Թուրքիան Ցեղապսանությունը մերժելու ուղղությամբ։ Մեր խնդիրն է լինել Հայաստանի կողքին եւ ավելի ուժեղ դարձնել Հայաստանը։ Իսկ այստեղ Ֆրանսիայի նախագահն իր խոսքում եւս մեկ անգամ հաստատեց Ցեղասպանության փաստը եւ հայտարարեց, որ ճանաչելով պետք է առաջ գնանք եւ միասին պետք է լինենք այդ հարցում», -Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ ասել է Բրյունո Լը Ռուին:

«Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան քննարկել, խոսել այն բանի մասին, ինչը չես տեսել», -Արցախ կատարած այցից հետո ասել է սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո Լը Ռուին։ Իսկ այցելությունն էլ Արցախ համընկավ լարված իրավիճակի հետ։ Առաջնագիծ այցելած ֆրանսիացի պատգամավորները փաստել են, որ Դաշնակցության իրենց գործընկերի աջակցությամբ այդ այցը հնարավորություն տվեց փաստել մեկ բան՝ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը պետք է փոխել։  

«Տեղի են ունենում գնդակոծություններ եւ կա մեծ լարվածություն։ Յուրաքանչյուրն ունի պատասխանատվություն՝ խաղաղություն հաստատելու համար։ Այն ինչ մենք տեսանք Արցախում, վերադառնալուն պես պետք է ներկայացնենք մեր ընկերներին։ Չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը դառնա ընդունված, սովորական մի բան»,- ասել է Բրյունո Լը Ռուին:

Դաշնակցության Ֆրանսիայի կառույցի անդամ Հրաչ Վարժապետյանը հետեւել է առաջնագծում ֆրանսիացի գործընկերների զրույցներին։ Ասում է, Ֆրանսիայի խորհրդարանում մեծամասնություն կազմող այս խմբակցության այցը Հայաստան եւ Արցախ առաջիկայում մեկ նշանակություն կարող է ունենալ հենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործում։ Տեղեկացրեց, որ այդ հարցը այս օրերին քննարկել են սոցիալիստական կուսակցության անդամների հետ։

Վարժապետյանը վստահեցրել է՝ Արցախ կատարած այցելությունից հետո պատվիրակության անդամների մեջ էլ ավելի ամրապնդվեց այն դիրքորոշումը, որ պետք է աշխատեն Արցախի հանրապետության ճանաչման ուղղությամբ եւ չի բացառել, որ Ֆրանսիայի խորհրդարանում առաջիկայում հնարավոր է այդ հարցի քննարկումը։

Օրացույց