Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 15ին Դուշանբեում հայտարարել է, որ հայադրբեջանական սահմանում իրադրությունը սրելու Ադրբեջանի փորձերը հղի են տարածաշրջանի ապակայունացմամբ:
ՀՀ նախագահը, ելույթ ունենալով ՀԱՊԿի հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում, նշել է, որ ՀԱՊԿի պետությունների ղեկավարները նեղ կազմով հանդիպման ընթացքում քննարկել են սուր հարցեր, «քննարկումը, ավանդույթի համաձայն, անկեղծ բնույթ է կրել»:
«Ես ՀԱՊԿի պետությունների ղեկավարներին տեղեկացրեցի Հարավային Կովկասի տարածաշրջանի իրադրության մասին՝ ուշադրությունը հրավիրելով հայադրբեջանական սահմանի եւ ղարաբաղաադրբեջանական շփման գծի երկայնքով լարվածության աճի էական սպառնալիքի վրա: Կրկին չեմ անդրադառնա այդ հարցին, միայն կնշեմ, որ իրադրությունը սրելու ադրբեջանական կողմի փորձերը՝ միջազգային հանրակցության համարժեք հակազդման բացակայության դեպքում, հղի են ամբողջ տարածաշրջանի իրադրության ապակայունացմամբ», -հայտարարել է նախագահ Սարգսյանը: