Գեթթիի թանգարանը և ՀԱԵ-ն փոխզիջման են եկել Թորոս Ռոսլինի ձեռագիր ավետարանի հատվածի վերաբերյալ

սեպտեմբեր 23, 2015 - 09:41        Viewed: 1490       

Los Angeles Times -Ջ. Փոլ Գեթթիի թանգարանի և Հայ Առաքելական եկեղեցու` ԱՄՆ արևմտյան թեմի միջև XIII-րդ դարի ավետարանի ձեռագիր էջերի սեփականության իրավունքի վերաբերյալ երկարատև իրավական պայքարը ավարտվել է փոխզիջմամբ:

Ինչպես հաղորդում է Ասպարեզը, Գեթթիի թանգարանն ընդունել է, որ եկեղեցին հանդիսանում է ութ նկարազարդ էջերի օրինական սեփականատերը: Եկեղեցին, իր հերթին, խոստացել է էջերը նվիրաբերել թանգարանին: Գեթթիի թանգարանը նաև համաձայնվել է հատուցել եկեղեցու կողմից 2010 թվականին ներկայացված հայցի հետ կապված բոլոր ծախսերը:

Իրավական վեճում Հայ առաքելական եկեղեցին ներկայացնող փաստաբան Լի Բոյդը Los Angeles Times-ին արված մեկնաբանությունում շեշտել է, որ համաձայնությունը Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված արվեստի գործի վերաբերյալ փոխհատուցման առաջին դեպքն է:

«Հուսով եմ, որ այն վերջինը չի լինի: Այս հայցի նպատակը եկեղեցու սեփականության իրավունքի ճանաչումն ու էջերը Հայոց ցեղասպանության ընթացքում գողանալու փաստն արձանագրելն էր: Ցեղասպանությունը սոսկալի ազդեցություն է թողել հետագա սերունդների վրա և մշակութային ժառանգության մեծ կորուստենրի պատճառ հանդիսացել, հատկապես հայկական եկեղեցու համար», -նշել է նա:

Գեթթիի հավաքածուում գտնվող Ձեռագիր Ավետարանից հատված հանդիսացող 8 էջերը թանգարանի հավաքածուում են գտնվել 1994 թվականից, երբ թանգարանը դրանք գնել է ամերիկահայ մի ընտանիքից՝ 1.5 մլն դոլար վճարելով: Ավետարանը XIII-րդ դարի նշանավոր լուսավորիչ և դպիր Թորոս Ռոսլինի ամենավաղ աշխատանքներից է: Գրքի մնացած մասը գտնվում է Մատենադարանում: Էջերն առանձնացվել էին գրքից Հայոց ցեղասպանության ժամանակ:

Ըստ փաստաթղթերի, նախքան փոխհամաձայնության գալը եկեղեցին ցանկանում էր հետ վերադարձնել էջերը և առնվազն 35 միլիոն դոլարի փոխհատուցում ստանալ: Սակայն դատական գործընթացը անկանխատեսելի կլիներ երկու կողմերի համար էլ: իրավական հարթության մեջ: Թանգարանի տնօրեն Թիմոթի Փոթսը նշել է, որ դեռևս անհայտ է մնում, թե որտեղ են եղել ձեռագիր էջերը առաջին համաշխարհայինի ընթացքում և դրանից հետո: «Բազմաթիվ մութ ու անորոշ հարցեր կան, և փաստեր, որոնք մենք չգիտենք», -ասել է նա:

Ավետարանի էջերը պաշտոնապես կնվիրաբերվեն Գեթթիի թանգարանին հատուկ արարողության ընթացքում: Դրանք կհանվեն ցուցադրությունը տեղի կունենա հաջորդ տարի:

Լի Բոյդը շնորհակալություն է հայտնել Գեթթիի թանգարանին և ասել, որ հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին տեղի ունեցածը խիստ կարևոր առիթ է հայ ժողովրդի համար;

Գեթթիի թանգարանի տնօրեն Թիմոթի Փոթսը եկեղեցու և թանգարանի միջև փոխհամաձայնությունը անվանել է «երկու կողմերի համար ստեղծագործ և փոխշահավետ լուծում»:

Օրացույց