Օսմանյան կառավարությունը քաղաքական նպատակներով խեղաթյուրել է Արևմտյան Հայաստանի բնակչության թիվը

սեպտեմբեր 24, 2015 - 14:42        Viewed: 1477       

ArmenPress -«Արևմտահայության թվաքանակի հարցը 1878­-1914 թվականներին» մենագրությամբ հեղինակ Ռոբերտ Թաթոյանը ցույց է տալիս, որ 1878­-1914թթ. Օսմանյան Թուրքիայում հայ բնակչության վերաբերյալ տվյալները քաղաքական նպատակներով խեղաթյուրվել են Օսմանյան իշխանությունների կողմից:

Հայոց ցեղասպանության թանգարան­ ինստիտուտում գրքի շնորհանդեսից հետո, զրույցում Ռոբերտ Թաթոյանն ընդգծեց, որ 1878­-1914թթ.­ն այն ժամանակահատվածն էր, երբ հայկական բարեփոխումների հարցը և դրա հետ կապված` Արևմտյան Հայաստանի 6 նահանգների հայ բնակչության թվաքանակի և էթնիկ խմբերի հարաբերակցության հարցերը գտնվում էին միջազգային դիվանագիտության օրակարգում, իսկ Օսմանյան Թուրքիայի կառավարությունը, ելնելով իրավիճակից, խեղաթյուրել է Արևմտյան Հայաստանի բնակիչների թիվը:

«Աշխատանքը բաղկացած է երեք գլուխներից: Առաջին գլխում ներկայացրել եմ Օսմանյան կառավարության կողմից քաղաքական նպատակներով Արևմտյան Հայաստանի բնակչության թվաքանակի խեղաթյուրումը: Ներկայացրել եմ նաև այն գործոնները, որոնք օբյեկտիվորեն ազդել են բնակչության թվաքանակի խեղաթյուրման վրա: Խոսքն այն մասին է, որ հայ բնակչությունը շատ դեպքերում խուսափել է հարկումից, ինչի հետևանքով խուսափել է նաև հաշվառումից: Երկրորդ գլխում ներկայացրել եմ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի վիճակագրական տվյալները, մարդահամարները, դրանց տվյալները և այդ տվյալների վրա ազդեցություն ունեցած գործոնները: Երրորդ գլխում արդեն ներկայացրել եմ այդ տվյալների արծարծումը դիվանագիտական գործընթացներում»,­ -նշեց Թաթոյանը:

Նա ընդգծեց, որ հիմնական արդյունքներն այն են, որ Օսմանյան կառավարությունը, նվազ չափով նաև Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանը, տարբեր պատճառներով թերհաշվառել են հայ բնակչությանը: «Այսինքն` Օսմանյան կառավարության տվյալներով Օսմանյան Կայսրությունում այդ տարիներին ապրել է մոտ 1 միլիոն 200­-300 հազար հայ, իսկ Պոլսի Հայոց պատրիարքարանի տվյալներով՝ շուրջ 2 միլիոն 100 հազար հայ: Երկու տվյալներն են թերհաշվառում են: Օսմանյան կառավարությունը քաղաքական նպատակով էր թերհաշվառում՝ մոտ երկու անգամ իրականից ցածր ներկայացնելով, իսկ Պոլսի պատրիարքարանը, որքան էլ փորձել է խուսափել թերհաշվառումից, օբյեկտիվ պատճառներով չի կարողացել, որովհետև նրա մոտ շատ դեպքերում թերզարգացած համակարգ գոյություն ուներ, և այն տվյալները, որոնք կարողանում էր հավաքել մարդահամարի ընթացքում, նույնպես թերի էին՝ թեև նվազ չափով»,­ -հավելեց Ռոբերտ Թաթոյանը:

Նա ընդգծեց, որ իր աշխատության մեջ ինքն այդ տարիներին Արևմտյան Հայաստանի իրական բնակչության թիվը պարզելու խնդիր չի դրել:

«Ես օրինակների վրա ցույց եմ տալիս, որ վերապրածների վկայությունների, փախստականների հաշվառման տվյալների համեմատ Պոլսի Հայոց պատրիարքարանի տվյալները նվազ են: Ցույց եմ տալիս, որ փախստականների հաշվառման մասին տվյալները, ինչպես նաև վերապրածների՝ իրենց բնակավայրերի մասին տեղեկատվությունների հաղորդումներն ավելի հավաստի են: Սակայն ընդհանուր պատկեր ցույց տալու համար հարկավոր է կենտրոնացնել բոլոր վիճակագրական տվյալները և մեկ առ մեկ հաշվել բոլոր նահանգների բնակչության թիվը: Ես նման հոդված ունեմ միայն երկու նահանգի՝ Վանի և Էրզրումի վերաբերյալ: Միգուցե, հետագայում մյուս նահանգների մասին էլ հոդվածներ գրեմ, հետո բոլորը կենտրոնացնեմ մեկ աշխատանքի մեջ, սակայն, այս աշխատանքի շրջանակում կարելի է հաստատ ասել, որ Արևմտյան Հայաստանի բնակչության թիվն այդ տարիներին գերազանցել է 2 միլիոն 100 հազարը, այսինքն` երկու անգամ ավելի բարձր է եղել, քան ներկայացրել է Օսմանյան կառավարությունը»,­ -նշեց Թաթոյանը:

Հեղինակն իր մենագրությունը կարևոր է համարում այն առումով, որ այսօր էլ թուրքական ժխտողականության հիմնական դրույթներից մեկը հենց այն է, որ այդ տարիներին չէր կարող 1.5 միլիոն հայ սպանվել, քանի որ այդքան հայ Օսմանյան Կայսրությունում չի ապրել: «Մենք միշտ տարբեր մակարդակներով քննադատել ենք այս դրույթը: Այդ գրքով էլ ես իմ նպաստն եմ բերում այդ քննադատությանը: Թե որքանով է դա ինձ հաջողվել, թող որոշեն ընթերցողները»,­ եզրափակեց Թաթոյանը: Հայոց ցեղասպանության թանգարան­ինստիտուտում սեպտեմբերի 23­-ին տեղի է ունեցել 4 գրքի շնորհանդես, որոնց թվում էր նաև Ռոբերտ Թաթոյանի «Արևմտահայության թվաքանակի հարցը 1878­-1914 թվականներին» խորագրով մենագրությունը:

Օրացույց