«Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է թաքցնել իր իրական կորուստները` սեփական հանրությանը մոլորության մեջ պահելու և ընտրած հանցավոր մարտավարության անհաջողությունները քողարկելու նպատակով», -այս մասին նշված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, որում, մասնավորապես, ասված է.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից սեպտեմբերի 28-ին տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած հերթական առճակատման արդյունքում ադրբեջանական կողմը տվել է 3, իսկ հայկական կողմը 7 կորուստ, ինչպես արդեն հաղորդել ենք, ոչ միայն չէր համապատասխանում իրականությանը, այլև իր սովորության համաձայն, պաշտոնական Բաքուն փորձել է սեփական կորուստների իրական թիվը վերագրել ղարաբաղյան կողմին:
Ինչպես հայտնի է դարձել պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների կողմից ձեռք բերված տվյալներից, բացի արդեն նախօրեին հայտարարված զոհերից, ադրբեջանական բանակը սեպտեմբերի 28ին ունեցել է ևս 6 կորուստ:
Կատարվածը ցույց է տալիս, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է թաքցնել իր իրական կորուստները` սեփական հանրությանը մոլորության մեջ պահելու և ընտրած հանցավոր մարտավարության անհաջողությունները քողարկելու նպատակով:
Չնայած վերոնշված կորուստների փաստին, հակառակորդը սեպտեմբերի 28ին և լույս 29ի գիշերը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (76 արկ), 82 (31 արկ), և 120մմ (5 արկ) ականանետերից ու ՀԱՆ17 (15 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:
Վերոնշված զինատեսակներից բացի, հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (11արկ): ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների»: