Քնած ավանդույթի արթնացում

հուլիս 05, 2013 - 03:47        Viewed: 1742       

Հիշեցնենք, որ Սիրիայում գոյություն ունի բավական մեծ և հաջողակ հայ համայնք, որը երկրում սանձազերծված քաղաքացիական պատերազմի հետևանքով այսօր կարիքի մեջ է, այդ թվում հումանիտար: Համայնք, որն իր ողջ գոյության ընթացքում այլ համայնքների և նույնիսկ Հայաստանի Հանրապետության օգնության գործում ջանք ու եռանդ չէր խնայում, այսօր չար բախտի (այդ թվում արտաքին միջամտության) շնորհիվ, ինքն ունի օգնության և աջակցության կարիք:

2012 թվականի տարեվերջում «Վրաստանի Հայ Համայնքը», տեղական մտավորականության հետ մեկտեղ, հանդես եկավ նախաձեռնությամբ – իրագործել նվիրատվությունների հավաք սիրիահայերի օգնության համար: 2012թ. դեկտեմբերի 25-ին «Վրաստանի Հայ Համայնքի» նախաձեռնությամբ անցկացվեց առաջին միջոցառումը - ամանորյա բարեգործական ընթրիք, որի նպատակն էր նորաստեղծ ֆոնդի համալրում: Միջոցառմանը ներկա էին ինչպես կազմակերպության անդամներն, իրենց ընտանիքների հետ, այնպես էլ այլ թբիլիսահայեր – մտավորականություն, փոքր բիզնեսի ներկայացուցիչներ, Թբիլիսիում գոյություն ունեցող այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բարեգործական ընթրիքին միացան նաև Վիրահայոց թեմի Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները, Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի ղեկավարությամբ, ինչպես նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնի աշխատակիցները: Ընթրիքին ներկա էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: Ահա այսպես սիրիահայերի օգնության համար, մեկ նպատակի շուրջ հավաքվել էր մեր համայնքի աշխարհիկ և հոգևոր կազմակերպության ներկայացուցիչների մեծ բանակ, մտավորականությունն ու ձեռնարկատերերը, երիտասարդ ու ծեր: Բարեգործական ընթրիքի արդյունքում հավաքվեց 1475 լարի և 25 եվրո:

Հաջորդիվ, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի, «Դավթյան» տիկնիկային թատրոնի և «Armenian Art Hall» առցանց ամսագրի ղեկավար Վալերի Ունանյանցի ջանքերով անցկացվեց մի քանի միջոցառում, որի նպատակը նմանապես գոյություն ունեցող ֆոնդի համալրումն էր:  Մասնավորապես, հատկանշական է 2 միջոցառում. Բարեգործական համերգներ – մեկը դասական երաժշտության (Թբիլիսիի կոնսերվատորիայում), մյուսը  ժողովրդական և ժամանակակից երաժշտության և պարի համերգ Art Hall-ում: Սիրիահայերին օգնություն ցուցաբերելու նպատակով անցկացվեց նաև մի քանի փոքր մասշտաբի միջոցառում:

Բնական է (ցավոք շատ սխալ և մեզ համար օտար երևույթ դառնում է բնական), Վրաստանում ապրող կազմակերպված հայերս չկարողացանք լուրջ գումար հավաքել: Չորս ամիսների ընթացքում հավաքված գումարը կազմում է 5000 ԱՄՆ դոլլար: Ուրախալի է մի փաստ, որ չնայած փոքր գումարի, բարեգործական միջոցառումներին մասնակցեց բազմաթիվ մարդ (մոտավորապես 1000-1500 հոգի):  Բոլոր այդ մարդկանց հնարավորություն ընձեռվեց նույնիսկ 1 լարիի նվիրատվությամբ իր մասնակցությունն ունենալ այնպիսի մեծահոգի գործում, ինչպիսին է – կարիքավոր եղբորն օգնելը, աջակցելը: Եղբորը՝ ոչ թե ընկերոջը: Սիրիահայերի օգնության համար ստեղծված համայն հայկական ֆոնդը կրում է հենց «Օգնիր եղբորդ» անունը: Ֆոնդ, որն երկու տարվա ընթացքում (ճգնաժամը սկսվելուն պես) հսկայական օգնություն է ցուցաբերել սիրիահայությանը: (Հումանիտար և բժշկական օգնությամբ բեռնված, լի մի քանի ինքնաթիռ ուղարկվեց հակամարտության գոտի, ֆոնդի օգնությունը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետություն ապաստան գտած սիրիահայերի վրա և այլն)

Բարեգործական միջոցառումները վաղուց ավարտվել են: Եկել է ժամանակն ամփոփելու արդյունքները: Եզրափակիչ նիստին, որը կայացավ 2013թ. հուլիսի 4-ին «Վրաստանի Հայ Համայնք»-ի գրասենյակում, ներկա էին բարեգործական միջոցառումների նախաձեռնողները՝ «Վրաստանի Հայ Համայնքի» ներկայացուցիչները, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ներկայացուցիչները, «Դավթյան» տիկնիկային թատրոնի նախագահը և «Armenian Art Hall» առցանց ամսագրի ղեկավար Վալերի Ունանյանցը: Դիտորդի տեսքով նիստին ներկա էր նաև Վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյան:

Նիստին կարդացվեց և մասնակիցների կողմից հաստատվեց ֆինանսական հաշվետվությունը, որի արդյունքում հայտնի դարձավ, որ ընդհանուր առմամբ բարեգործական միջոցառումների հետևանքով հավաքվել էր 8250 լարի: Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդը նիստի մասնակիցներին առաջարկեց հավաքված գումարն ուղարկել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի կաթողիկոսարան (Հայաստանի Հանրապետություն, ք.Վաղարշապատ): Իր հերթին, կաթողիկոսարանը շատ շուտով (մեկ շաբաթում) կապահովի ստացած գումարի հանձնումը ք.Հալեպի (Սիրիա) հայկական համայնքին: Վիրահայոց թեմի առաջնորդի նախաձեռնությունն արժանացավ նիստի մասնակիցների հավանությանը: Բարի նպատակներ ունեցող գումար հավաքողներն ու կարիքի մեջ գտնվող սիրիահայերն անպայման կօրհնվեն:

Հաշվետվական նիստի ընթացքում, նիստի ներկայացուցիչների և ք.Հալեպի (Սիրիա) հայկական համայնքի մամլո ծառայության ղեկավար – Ժիրայր Ռաիսյանի միջև անցկացվեց հեռուստակամուրջ: Հեռուստակամրջի ընթացքում Հալեպի համայնքի ներկայացուցչին զեկուցեցին հավաքված գումարի չափի, ինչպես նաև նրա ուղարկման մեթոդի և գումարը ստանալու մոտավոր ամսաթվի մասին: ք.Հալեպի հայ համայնքի մամլո ծառայության ղեկավարը շնորհակալություն հայտնեց բարեգործական միջոցառումների նախաձեռնողներին և յուրաքանչյուր հային, ով իր մասնակցությունն ունեցավ այս բարեհոգի գործում, ով կարիքի մեջ գտնվող եղբորն օգնության ձեռք մեկնեց: Ժիրայր Ռաիսյանը հաշվետվական նիստի անդամներին խոստացավ, որ թբիլիսահայերի կողմից հավաքված գումարը ստանալուն պես կտեղեկացնի նրանց այդ մասին:

«Վրաստանի Հայ Համայնք»-ը նմանապես շնորհակալություն է հայտնում բարեգործական միջոցառումներին միացած յուրաքանչյուր մասնակցին և հուսով է, որ միասնական ուժերով ք.Թբիլիսիի հայկական համայնքում անպայման կվերականգնվի և կամրապնդվի այն հնագույն ավանդույթը, որը կոչվում է բարեգործություն՝ «Օգնիր եղբորդ»: Ավանդույթ, որի շնորհիվ թբիլիսահայությունը դեռ հնուց էր ճանաչված:  Ավանդույթ, որի ոգին արհեստականորեն խեղդված է, սակայն որի վերածնունդը մեր փրկության կարևորագույն նախապայմաններից մեկն է:

Օրացույց