Սկսվել է «Պատանեկան Միության» ամառային ճամբարը

հուլիս 20, 2013 - 17:25        Viewed: 2530       

«Վրաստանի Հայ Համայնք»-ի Պատանեկան Միության (ՎՀՀ ՊՄ) շուրջ 50 մասնակից հուլիսի 20-ին ուղևորվեց դեպի Հայաստան, որտեղ անցկացվելու է «Պատանեկան Միության» հiնգօրյա ճամբար:

Ճամբարի ընթացքում ծրագրված են բազմաթիվ ժամանցային և կրթական միջոցառումներ: Երեխաները 5 օրվա ընթացքում կայցելեն Հայաստանի Հանրապետության կարևորագույն պատմա-մշակութային վայրեր (Գառնի, Գեղարդ, Էջմիածնի Մայր տաճար և թանգարան, Տաթևի վանք, Սարդարապատ, Սևանի լիճ և այլն): Ճամբարը մեծ նշանակություն ունի, հատկապես նրա համար, որ նրա մասնակից երեխաներն առաջին անգամ կհայտնվեն իրենց պատմական հայրենքում:

«Խոսքերով չեմ կարող փոխանցել ուրախությունս: Առաջին անգամն է, որ լինելու եմ Հայաստանում: Շատ եմ լսել Հայաստանի մասին, գրքեր եմ կարդացել, ֆիլմեր դիտել... Համայնքում Հայաստանի մասին երգեր էինք սովորում... Իսկ այժմ մի քանի ժամից ես կտեսնեմ այն վայրը, որի մասին երգում էի ու երազում: Կտեսնեմ Արարատը.. Շատ ուրախ եմ», - «Միության» հետ զրույցում ասում է «Պատանեկան միության» անդամ Ալլան:

Իր ուրախությունը չի թաքցնում նաև Միության անդամ Գևորգը, - «Մի քանի անգամ եղել եմ Հայաստանում, բայց ուրիշ է երբ ծնողներիդ հետ ես գնում և այլ, երբ հասակակիցներիդ՝  ընկերներիդ հետ: «Պատանեկան Միությունում» ձեռք բերեցի բազմաթիվ ընկերներ: Եթե Համայնք չգայի, այսքան լավ ընկեր չէի ունենա: Այստեղ հայտնաբերեցի, որ ես ողջ հայ ազգի մի մասնիկն եմ: Երբ մեզ ծանոթացրեցին ճամբարի ծրագրի հետ – ինձանից երջանիկ մարդ երևի չկար այդ վայրկյանին: 5 օրում մենք կտեսնենք համարյա թե ողջ Հայաստանը՝ հյուսիսից հարավ: Վստահ եմ, որ անմոռանալի ժամանակ ենք անցկացնելու»:

«Շատ ուրախ եմ, որ երեխաս ունի իր հայրենիքը տեսնելու հնարավորություն: Արդեն երկու ամիս է նա խոսում է ճամբարի մասին: Սպասում է անհամբեր... Ընտանիքի անդամներս վախենում ենք պատկերացնել, թե ինչքան կխոսի և կպատմի տուն վերադառնալուց հետո», - ծիծաղով ասում է միության անդամներից մեկի մայրը՝ Մարինեն և ավելացնում. «Ուրախ եմ, որ գոյություն ունի Համայնք, որտեղ երեխան շատ բան է սովորում: Առաջին անգամ համայնք հաճախելուց անմիջապես հետո նա սկսեց երգել մեր ազգային երգերը, նրան նույնիսկ պարել են սովորացրել: Ամեն կիրակի Համայնքից տուն վերադառնալուց հետո պատմում է, թե ինչ է սովորել այդ օրը: Ընտանիքի անդամներս նրա հետ սկսել ենք սովորել հայոց պատմությունը: Ամաչում եմ, որ մինչ այժմ չգիտեի իմ ազգի մասին: Շատ շնորհակալ եմ Համայնքից: Պատրաստ եմ օգնել համայնքին, որպեսզի նա ապագայում ևս շարունակի իր բարի գործը: Ինչքան ուժեղ կլինի համայնքը, այնքան ավելի շատ երջանիկ հայ ընտանիք կլինի: Այնքան ավելի շատ ընտանիքներում կարթնանա հայրենասիրական ոգին»:

«Համայնքի Պատանեկան Միությունն այսօր միավորում է 150-ից ավելի հայ պատանու: Երեխաների մեծամասը 14-16 տարեկան է: Շատ կարևոր է, որ այս տարիքում երեխային զարգանալու համար ճիշտ ուղղություն տրվի, ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր, բարոյա – էթիկական:  Մեր ողջ գործունեությունը ուղղված է դեպի հայ երիտասարդների հոգևոր և ֆիզիկական զարգացումը: Որպեսզի մեծ մոտ հայտնված երիտասարդը ձեռք բերի ընկերներ, դառնա իր ազգի արժանի և հաջողակ ներկայացուցիչը: Այս մասին ենք հոգում համայնքի անդամներս, ովքեր պատասխանատու ենք «Պատանեկան Միության» գործունեության համար (առաջնորդներ): 2012-13թթ. «Պատանեկան Միության» անդամները կազմակերպեցին բազմաթիվ միջոցառումներ – արշավներ, էքսկուրսիաներ, թեմատիկ քննարկումներ, սպորտային և ինտելեկտուալ մրցույթներ և այլն: Բոլոր անցկացված միջոցառումների գլխավոր նպատակներից է Վրաստանում բնակվող հայ երիտասարդների մեջ ազգային միաբանության և սեփական մշակույթի նկատմամբ սիրո սերմանումը: Մի տարվա ընթացքում պատանիները, որոնք մինչ այդ նույնիսկ կապ չունեին իրենց հայ հասակակիցների հետ, բազմաթիվ ժողովրդական և հայրենասիրական երգեր սովորեցին: Նրանք նաև ուսումնասիրեցին հայոց պատմությունը և սովորեցին հայերեն: Ինչ վերաբերում է ճամբարին՝ այն 2012-13թթ. եզրափակիչ միջոցառումն է: Ճամբարը լինելու է 5օր և անցկացվելու է հուլիսի 20-ից մինչև 24-ը: Երեխաները բավական ծանրաբեռնված գրաֆիկ են ունենալու: 5օրվա ընթացքում շատ վայրեր ենք այցելելու: Ծրագրված է նաև ճամբարի մասնակիցների և Հայաստանում գործող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտների միջև համատեղ միջոցառումների անցկացում: Համոզված եմ, որ երեխաների համար այս ճամբարը անմոռանալի է լինելու», - զրույցում ասաց «Վրաստանի Հայ Համայնք»ի վարչության անդամ և «Պատանեկան Միության» ղեկավար Սլավա Մեժդոյանը:

«Վրաստանի Հայ Համայնք»-ը իր հերթին հաջողություն է մաղթում ճամբարի ընթացքին և շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց անմիջական մասնակցությամբ խթանեցին այս ճամբարի կազմակերպմանը:

Օրացույց