Հավանաբար, հուլիսի 26-ին Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահին կհեռացնեն

հուլիս 22, 2013 - 00:36        Viewed: 1961       

Թբիլիսիի փողոցներում «Միության» կողմից անցկացված հարցումների արդյունքում 50 թիֆլիսեցուց միայն 8-ը պատասխանեց մեր հարցին, թե ո՞վ է Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նախագահը: Ծանոթացե"ք, «դեռևս» ք.Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ – Զաալ Սամադաշվիլի:

Առկա օրենսդրության համաձայն, սակրեբուլոն քաղաքի պառլամենտ է, որը իրականացնում է օրենսդրական գործառույթներ: Տարիների ընթացքում, երբ քաղաքի գործադիր և օրենսդիր իշխանությունը մեկ քաղաքական ուժի ձեռքում էր հայտնվել, սակրեբուլոն դե ֆակտո կորցրել էր այն գործառույթները, որոնք օրենքով նրան էին պատկանում: Սակրեբուլոն դարձավ «Ազգային շարժման» փաստաթղթերի ապացուցման կանցելարիա : Սակրեբուլոյի նախագահի պաշտոնը դարձել է նոմինալ: Այնքան ակնհայտ ու նույնիսկ ամոթալի էր նրա կախումը քաղաքապետարանից, որ օրինակ, երբ «Վրաստանի Հայ Համայնք»-ը գրավոր դիմում էր քաղաքի ավագանուն (սակրեբուլո) և նրա նախագահին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման թույլտվության հարցով, դիմումը ուղարկվում էր քաղաքապետարան և քաղաքապետարանի վարչությունը պատասխանում էր այդ նամակին:

Օրեր առաջ, սակրեբուլոն, որը ընդհանրապես չէր երևում Թբիլիսիի քաղաքական հորիզոնի վրա, ուշադրության արժանացավ այն բանից հետո, երբ հուլիսի 19-ին արտահերթ նիստի ժամանակ 25 ձայնով հեռացվեց սակրեբուլոյի նախագահի տեղակալ Մամուկա Ախվլեդիանին և սակրեբուլոյի 13 հանձնաժողովի նախագահները:

Մամուկա Ախվեդիանիի հայտարարությամբ, «Թբիլիսիի սակրեբուլոյում 25 հոգանոց ժողովը և արտահերթ նիստի նշանակումը անօրինական է»: Իսկ ինչ վերաբերում է նիստին կայացված որոշումներին, Ախվլեդիանին պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ դատարանում: Ըստ նրա, «կառավարության կողմից ճնշումն ու ուժային կառույցներում աշխատողների հարցաքննության կանչելը առաջացրել է նոր մեծամասնության հավաք»:

Միևնույն ժամանակ հուլիսի 19-ին սակրեբուլոյի նախագահը անում է հայտարարություն, որտեղ կարդում ենք.

«... Գիտակցում ենք ստեղծված նոր իրականությունը, երբ «Միասնական ազգային շարժում» խմբակցությունը կորցրեց մեծամասնությունը սակրեբուլոյում (և մեղմ ասած տարբեր անընդունելի միջոցներ կիրառելով դրան հասնելու համար), հարկ եմ համարում այս և այլ կադրային հարցերի վերաբերյալ անցկացվեն բաց խորհրդատվություններ խմբակցությունների միջև: Սակրեբուլոյի նախագահի նախաձեռնությամբ առաջարկում ենք սակրեբուլոյի արտահերթ նիստ, որը գործող օրենսդրությունը հաշվի առնելով կհրավիրվի հուլիսի 24-ին և որտեղ կքննարկվի սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալի և հանձնաժողովի նախագահների հեռացման հարցը: Խորհրդակցությունների միջև մեկ շաբաթվա խորհրդակցությունները մեզ հնարավորություն կտա ընդունել վերջնական որոշումներ: Հուլիսի 26-ին օրենքով սահմանված նիստին պիտի դրվի սակրեբուլոյի նախագահին հեռացնելու և առաջին փոխնախագահի ու հանձնաժողովի նախագահների ընտրության հարցը»:

Ակնհայտ է մի խմբի երկու ներակայացուցիչների չհամաձայնեցված քայլերը: Առաջինը սակրեբուլոյի որոշումները կոչում է «անօրինական», իսկ մյուսը «ստեղծված նոր իրականություն»:

Տարածված տեղեկության համաձայն, «Վրացական երազանքը» չի պատրաստվում օգտվել սակրեբուլոյի նախագահի առաջարկներից և հերթական արտահերթ նիստին, որը նաշանակված է հուլիսի 26-ին, կքննարկի Սամադաշվիլու հեռացման հարցը:

«Զաալ Սամադաշվիլու փոխարեն, «Վրացական երազանքը» ծրագրում է, որ սակրեբուլոյի նախագահի «աթոռին»  պիտի նստեցնի Իրակլի Շիխիաշվիլուն, որին լոբբի են անում ոստիկանության բարձրպաշտոնյաները: Շիխիաշվիլին նախկին «ազգայնական» էր: Նա ընտրություններից հետո թողեց կուսակցությունը և թռավ հաղթանակածի «թասը», - գրում է «պրեսաա.ջե» տեղեկատվական գործակալությունը:

Իրակլի Շիխիաշվիլին, որը սակրեբուլոյում հայտնվել է Սամգորիի շրջանի ընտրական մարզից (հայաշատ թաղամասներից մեկը), դեռևս սեպտեմբերի 27-ին (մինչ ընտրություններ) առանձնացավ «մայր կուսակցությունից» - «Ազգային շարժումից», համապատասխանաբար դժվար է հասկանալ, պարոն Իրակլին «արդիական» է, թե ուղղակի առաջ նայող քաղաքական գործիչ: Մի փաստ կա – ընտրություններից հետ, իրոք,  բազմաթիվ պատգամավորներ «թռան» հաղթանակած զորքի «նավը»: Հենց այսպես կոչված «ժամանակակից» պատգամավորները դարձան նոր իշխանության «ազգ.-շարժման» դեմ տարած հակամարտության գլխավոր գործիք:

2012թ. հոկտեմբերի ընտրություններից հետո ք.Թբիլիսին, իր գործադիր և օրենսդիր իշխանություններով դարձավ «Ազգային շարժման» բաստիոն (ամրոց): Այս «ամրոցի» կարևորագույն մասի՝ սակրեբուլոյի «գրավումը» այժմյան կառավարությունը հավանաբար ծրագրում է մինչև աշուն:

2013թ. հուլիսի տվյալների համաձայն, 2010-2014թթ. գումարման սակրեբուլոյի քաղաքական «պատկերն» այսպիսին է.

«Ազգային շարժում» խմբակցություն – 22 անդամ

«Անկախ ժողովրդավարներ» խմբակցություն – 3անդամ

«Վրացական երազանք - թիֆլիսցիներ» –– 3 հոգի

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» խմբակցություն - 6 անդամ

«Ազատություն» խմբակցություն – 6 անդամ

«Վրացական երազանք – Թբիլիսի» խմբակցություն – 3 անդամ

«Մայրաքաղաք» խմբակցություն – 3 անդամ

Անկախ պատգամավոր – 4 անդամ

 

*) ք.Թբիլիսիի բնակչությունը կազմում է 1 152 500 հոգի: Այստեղից մոտավորապես 85 000 հոգին հայազգի քաղաքացիներս ենք (7%): Այսօր թբիլիսահայերս չունենք քաղաքի օրենսդիր մարմնում ոչ մի ներկայացուցիչ: Տարրական հաշվարկով, սակրեբուլոյի անդամների թիվը 50 պատգամավոր է, այստեղից 7% - 3,5, լավ – 3 հայ պատգամավոր պիտի ներկայացնի ազգությամբ հայ քաղաքացիներին: Սակրեբուլոյի կանոնի համաձայն, խմբակցություն ստեղծելու համար բավարար է որ նրանում անդամագրված լինի 3 պատգամավոր: Քաղաքի օրենսդիր մարմնում հաջորդ ընտրությունները կկայանան 2014 թ.:

Օրացույց