Հայերը Վրաստանում՝ սփյու՞ռք

հուլիս 31, 2013 - 22:55        Viewed: 2407       

Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ ենք լսում՝ հայկական սփյուռքը Վրաստանում, հայկական սփյուռքի ներկայացուցիչը Թբիլիսիում և այս բնույթի այլ արտահայտություններ: Սույն բառակապակցություններն սկզբունքորեն սխալ են, այդ իսկ պատճառով էլ՝ վնասակար թե հայերի, թե Վրաստանի Հանրապետության իշխանության համար: Վերջիններս, ելնելով դրանց իմաստից, կարող են և ոչ ճիշտ ընկալել հայկական երևույթը Վրաստանում:

Հունական «դիասփորա» բառը նշանակում է սեփական հայրենիքից, ազգային տարածքից դուրս գտնվող համայնք և այլն: Բառակազմորեն այն բաղկացած է dia – երկու, բաժանված, և spora – ընտանիք, մասնատված ընտանիք բաղադրիչներից: Այսինքն՝ հիմնականից անջատված, այն հիմքից, որը մնացել է պատմական բնօրրանի սահմանում:

Բայց Կովկասում հյուսիսային կամ հարավային, բնակվող հայերը չեն լքել պատմական բնօրրանը: Անգամ եթե հայկական սկզբնաղբյուրները չհիշատակենք, այդ են վկայում բոլոր նրանք, ովքեր գրել են Հալիս և Կուբան գետերի միջև ընկած տարածքի մասին: Դասական անցյալի բոլոր պատմիչները՝ Ստրաբոնը, Դիոնիսիոսը, Պլուտարքոսը և ուրիշները հայերին այս տարածքներում հիշատակում են որպես տեղաբնիկների, ավելին՝ պետականության հիմնադիրների:

Ելնելով այս հոդվածի բուն նպատակից՝ օրինակ բերեմ պատմիչ Լեոնտի Մրովելուց, ով «Քարթլիս ցխովրեբա»-ի (Քարթլիի կյանքը) հեղինակներից մեկն է: «Նախ և առաջ հիշատակենք, որ հայերի և քարթլիների, ռաների ու մովականների, էրոսների ու լեկերի, մեգրելների ու կովկասացիների հայրը մեկն է եղել՝ Թորգոմ անունով: Այս Թորգոմը Տարշիսի որդին էր, Իաֆետի թոռը, որը Նոյի որդին էր: Այդ Թորգոմը հերոս էր: Եվ նրա ցեղը հզոր էր ու անհամար, ուներ բազմամարդ սերունդ... Եվ նրանց չէր տեղավորում Այրարատի ու Մազիսի հողը: Նրանց բաժին հասած երկրի սահմաններն էին, արևելքից՝ Գուրգենյան ծովը, արևմուտքից՝ Պոնտական ծովը, հարավից՝ Օրեթյան ծովը և հյուսիսից՝ Կովկաս լեռը: Նրա որդիներից աչքի էին ընկնում ութ հոգի՝ հզորազոր ու փառավոր, որոնց կոչում էին. առաջինին՝ Հայկ (Հայոս), երկրորդին՝ Քարթլոս, երրորդին՝ Բարդոս, չորրորդին՝ Մովական, հինգերորդին՝ Լեկ, վեցերորդին՝ Էրոս, յոթերորդին՝ Կավկաս, ութերորդին՝ Էգրոս: Եվ այդ եղբայրները հերոսներ էին: Բայց հերոսներից լավագույնը Հայկն էր, քանզի ոչ մարմնով, ոչ ուժով ու համարձակությամբ նրա նմանը չի եղել ոչ ջրհեղեղից առաջ, ոչ էլ հետո»: Հայ հին հեղինակները հաճախ են հիշատակել Հայաստանը որպես քաղաքակրթություն՝ կոչելով «Թորգոմա տուն»:

Այսինքն՝ Հալիս գետերից մինչև Կուբան գետը Թորգոմի սերունդներինն է եղել: Այս պարագայում մենք խոսում ենք հայերի մասին, իսկ նրանք իրենց պատմական զարգացման միջավայրում են և ոչ մի կերպ չեն կարող սփյուռք համարվել: Նրանք այս հողի բնիկներն են: Այսինքն՝ նրանք այս հողում արդեն իսկ տանն են:

Այս երևույթը հասկանալու համար դիտարկենք Թիֆլիսի հայրենակցությունները: Բնականաբար, այդ քաղաքում եղել են և կան բնիկ հայություն և հայկական բազմաթիվ հայրենակցական միություններ: Օրինակ, եթե դիմենք Հայաստանի ազգային արխիվին (ՀՀ ԱԳՆ ֆոնդ), ապա այնտեղ շատ հետաքրքիր հայտարարություններ ու դիմումներ են պահպանվում, որոնց բովանդակությունը հիմա չի դիտարկվում, բայց հետաքրքիր է, թե դրանք ովքեր են ստորագրվել: Ահա և պարզվում է, որ ոչ այնքան վաղուց՝ Նիկոլաևյան ժամանակներում, Թիֆլիսում՝ Կովկասի կենտրոնում, եղել են պաշտոնապես գրանցված, սեփական գրասենյակներով և կառույցներով հայկական հայրենակցական միություններ՝ Ղարաբաղի (Արցախի.-խմբ.), Զանգեզուրի, Ալեքսանդրապոլի (Գյումրու), Կարսի, Նոր Բայազեդի (Քյավառ), Ախալքալաքի, Լոռվա, Ախալցխայի, Նուխիի և Արեշի, Ղազախ-Շամշադինի, Փամբակի, Ելիզավետպոլի (Գանձակի), Շամախու և Գեոչկայի, Արդահանի և Օլթիի, Վանի, Էրզրումի (Կարին), Բիթլիսի, Քղիփիանի, Դիարբեքիրի (Ամիդ), Բուլանիք-Մանազկերտի: Բանն այն է, որ այս մարդիկ իրենց բոլորովին էլ սփյուռքում՝ հայրենիքից դուրս չեն համարել: Ուրեմն՝ ինչու՞ են փորձում նրանց սերունդներին, այսինքն մեզ՝ թիֆլիսահայերիս կոչել «սփյուռք»:

Յուրի Մկրտումյան

Օրացույց