Երկու հոդված՝ թատրոնի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ

օգոստոս 03, 2013 - 00:28        Viewed: 1982       

Ներկայացնում ենք Լևոն Մութաֆյանի երկու հոդված՝ թատրոնի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: 

 

Մաս առաջին՝ Համախմբվենք՝ընդդեմ Ազգային դավաճանության (Հուլիս 29, 2013)

Գուցե շատ խիստ վերնագիր եմ ընտրել, բայց հենց ազգային դավաճանություն է այն, ինչն այսօր տեղի է ունենում Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շուրջ: Այս թատրոնը հիմնադրվել է 1858 թվականին, ուրեմն աշխարհում առաջին հայկական պրոֆեսիոնալ, եվրոպական տիպի թատրոնն է: Մոտ հարյուր տարի վրացական իշխանությունները, հանուն իրենց հեղինակության, պահել-պահպանել են այս թատրոնը: Հայ համայնքը, թատրոնի ստեղծագործական և վարչական անձնակազմներն ամեն ինչ արել են, որպեսզի հնամենի այս քաղաքում, որը նաև հայ մշակույթի ոստանն է, հայ խոսքը չկտրվի, ի տրիտուր հայկական դպրոցների լուծարման սաակաշվիլիական ծրագրի՝ թատրոնը դառնա դպրոց, մայրենիի տարածման օջախ… Սակայն վերջին շրջանում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդը և իրենց թատրոնական համարող մի քանի պատեհապաշտներ ամեն ինչ անում են՝ թատրոնը լուծարելու, նրա շենքն այլ նպատակների ծառայեցնելու համար: Եթե Սրբազան հայրը ցանկանում է իբրև թե Հայարտուն կառուցել թատրոնի շենքում՝ չհասկանալով թատրոնի դերն ու նշանակությունը, ապա առավել անհանդուրժելի է այն, որ այս թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար՝ ՎՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Միքայել Գրիգորյանն ու թատրոնի դերասան ՎՍՍՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հովհաննիսյանն են նախաձեռնել թատրոնը վարկաբեկելու գործընթացը: Նրանք իրենց հակահայ և հակաթատրոնական ծրագիրը կյանքի են կոչում ոմն Գեորգի Էլիբեկովի հետ, որի գերխնդիրն է դառնալ թատրոնի տնօրեն և շենքը հանձնել եկեղեցուն՝ այստեղ նաև ունենալով սեփական բիզնես շահերը… Միտումնաբար այս մարդիկ հեռուստատեսային իրենց ելույթներում խոսում են վրացերեն, որպեսզի թատրոնի դեմ հանեն նաև վրաց իշխանություններին և վրաց հանրությանը: Հենց սա էլ ազգային դավաճանություն է, հարված մեր ինքնությանը, մեր մշակույթին, լեզվապահպանմանն ու համայնքի համախմբվածությանը… Հետևաբար, Միքայել Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Գեորգի Էլիբեկովը կյանքի են կոչում ազգային դավաճանության իրենց ծրագիրը՝ այսպես յուրովի միանալով Թալեաթին, Էնվերին, Ջեմալին, բոլոր նրանց, ովքեր իրականացրեցին Ցեղասպանությունը: Մեր լեզվի ու ինքնության դեմ ցանկացած քայլ նույնպես Եղեռն է… Ուրեմն, պիտի Վրաստանի ազգային կառույցները, հայաստանյան մտավորականությունը ոտքի կանգնեն, համախմբվեն ու հակահարված տան հայ կոչվող այս հակահայ ,,երևույթներին,,: ՀԹԳՄ վարչության նախագահ Հակոբ Ղազանչյանն արդեն հանդիպում է ունեցել Վրաստանի մշակույթի նախարարի հետ, քննարկել թատրոնի խնդիրները, վիրահայ նշանավոր մտավորական Գիվի Շահնազարը թատրոնի հարցերը քննարկել է Բիձինա Իվանիշվիլու հետ, սակայն մենք իրավունք չունենք ճակատագրական համարվող այս պահին մեր նշանավոր մտավորականներին մենակ թողնելու: Մենք պիտի կանգնենք թատրոնի, նրա անվանի վարպետների, հրաշալի երիտասարդության, թատրոնը ազնվորեն և բարձր պրոֆեսիոնալիզմով կառավարող Արմեն Բայանդուրյանի կողքին: Ավելին, պիտի կոչ անենք Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ Վիրահայ թեմի առաջնորդին հետ պահելու ազգադավ ծրագրերից և պարտադրելու՝ սատարել թատրոնին ու հայ համայնքին:

 

Մաս Երկրորդ՝ Հանդիպում Վիրահայոց թեմի առաջնորդի հետ (Օգոստոս 1, 2013)

Հուլիսի 31-ին ես հանդիպեցի Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպս. Միրզախանյանի հետ: Հանդիպման առիթն իմ հրապարակումն էր՝ ,,Համախմբվենք ընդդեմ ազգային դավաճանության,, խորագրով: Հիշեցնեմ, որ այդ հրապարակման մեջ, խոսելով Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական թատրոնի շուրջ ձևավորված անառողջ մթնոլորտի, մի խումբ անձանց կողմից թատրոնի վարկաբեկման և գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանին պաշտոնանկ անելու մասին, ես այս ամբողջ տհաճ, ազգադավ իրողությունների մեջ հիշատակել էի նաև թեմական առաջնորդին՝ որպես հակազգային ծրագրի կազմակերպիչների մեկի: Իհարկե, հրապարակման մեջ Սրբազանին նման սուր մեղադրանք չէի ներկայացրել: Իմ հրապարակման համար հիմք էր հանդիսացել վրաստանյան հեռուստատեսությամբ մեկնաբան ու վարող Գեորգի Էլիբեկովի հավաստիացումը, որ իրենց բոլոր նախաձեռնությունները համաձայնեցվում են Թեմական առաջնորդի հետ: Այսինքն, ըստ Էլիբեկովի և նրա համախոհների, Սրբազան հայրն է դրդում թատրոնի կազմաքանդմանը…
Մեր հանդիպման ժամանակ Սրբազանն ասաց, որ Գեորգի Էլիբեկովի սույն հայտարարությունը խիստ զայրացրել է իրեն, հեռախոսազրույց է ունեցել տվյալ անձնավորության հետ, հանդիմանել նրան և տեղեկացրել, որ եկեղեցին իր հայտարարություններն ու դիրքորոշումները չի արտահայտում ուրիշների միջոցով, այլ ինքն է հրապարակավ հայտնում իր տեսակետները: Ավելին, Սրբազան հայրը տվյալ Էլիբեկովին ներկայացրեց որպես անարժան, հոգեկան խանգարումներ ունեցող և հարբեցող մեկը, որն իր ,,երազանքները մատուցում է իբրև իրականություն,,: Համաձայնելով Սրբազան հոր կողմից տրված գնահատականին, միաժամանակ մեր զարմանքն արտահայտենք, որ նման նկարագրով, օրնիբուն ոչ սթափ վիճակում եկեղեցու բակում հայտնվող մարդն է հեռուստատեսությամբ վարում հաղորդաշար՝ այսպես վրաց հանրությանը ներկայացնելով մեր համայնքն ու մեզ… Ուրեմն, հոգեկան անհավասարակշռության մեջ գտնվող, համայնքի ներսում կազմաքանդող գործողություններ իրականացնող մարդը կարող է հեռուստատեսությունն օգտագործել ընդդեմ հայերի վարկաբեկիչ հաղորդումներ կազմակերպելու համար…
Անդրադառնալով թատրոնի խնդրին, Սրբազանն, իհարկե, ներկայացրեց իր դիտարկումները և իր գնահատականները, որոնք նա չի համարում պաշտոնական կարծիք: Սրբազանը համակարծիք էր այն մտքին, որ Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնը պետական թատրոն է, հետևաբար միայն պետական կառույցներն իրավունք ունեն միջամտելու նրա գործերին և խնդիրներին, առաջարկելու առաջացող խնդիրների լուծումներ…
Ինչ վերաբերում է Հայարտունը թատրոնի շենքում տեղավորելու գաղափարին, ապա Սրբազան հայրն ասաց, որ ժամանակին ինքը նման զրույց ունեցել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի հետ, սակայն այժմ արդեն համայնքի մշակութային օջախների շարքում ընդգրկվել է Հովհաննես Թումանյանի տունը…
Անտարակույս, Սրբազանի հետ մեր հանդիպման ժամանակ եկանք փոխադարձ համաձայնության, որ բոլոր ուժերը պետք է ներդնել աշխարհում առաջին հայկական թատրոնը պահել-պահպանելու, նրան բարոյապես և ֆինանսապես աջակցելու, Հայաստանի հետ ունեցած կապն առավել սերտացնելու ուղղությամբ:
Սրբազանը որևէ գնահատական չտվեց թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Միքայել Գրիգորյանի և ՎՍՍՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հովհաննիսյանի հնչեցրած գնահատականներին: Սա հասկանալի է, որովհետև ինքը հոգևոր իշխանության կրողն է, մինչդեռ վերոնշյալ մարդիկ հանդես են գալիս որպես աշխարհիկներ:
Կարծում եմ, որ Սրբազանի հետ մեր զրույցն օգտակար էր երկուստեք, մանավանդ որ հոգևոր առաջնորդը համոզվեց, որ ես ամբողջապես տիրապետում եմ իրավիճակին և գիտեմ այն ենթաշերտերի և ներքին խմորումների մասին, որոնք առկա են թատրոնի շուրջ: Մնում է, որ համայնքի մտավորականությունը, թատերասեր հանրությունը, ինչպես նաև թատրոնի խնդիրներով զբաղվող պետական կառույցները մեկ անգամ ևս դատապարտեն Գեորգի Էլիբեկովի, Միքայել Գրիգորյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խառնակչական և հակահայ գործունեությունը, աջակցեն թատրոնին, նպաստեն թատրոն-հանդիսատես կապի ամրապնդմանը: Նաև պետք է խնդիր դրվի Գեորգի Էլիբեկովին հեռացնել մի ոլորտից, որտեղ նա հայության դեմքն ու նկարագիրն է աղավաղում, վրաց հանրությանը տրամադրում հայերի և հայ մշակույթի դեմ: Նաև պետք է Միքայել Գրիգորյանին բացատրվի, որ մոր կողմից վրացի լինելու հանգամանքը (նա ներկայանում է որպես վրաց բեմի մեծագույն դերասանուհի Վերիկո Անջափարիձեի զարմկիը և Սոֆիկո Ճիաուրելիի ոչ հարազատ եղբայրը) նրան իրավունք չի տալիս ծավալելու հակահայ գործունեություն և կազմաքանդելու այն թատրոնը, որտեղից ժամանակին իրեն հեռացրել են ինտրիգներ ստեղծելու համար…

Լևոն Մութաֆյան

Օրացույց