Ամառային Ճամբար «Հայաստան-Արցախ»

օգոստոս 04, 2013 - 12:31        Viewed: 2616       

Ինչպես տեղեկացրել էնք մեր ընթերցողներին, «Վրաստանի Հայ Համայնք»-ի Պատանեկան Միության շուրջ 50 մասնակից հուլիսի 20-ին ուղևորվել էր դեպի Հայաստան, որտեղ անցկացվելու էր հնգօրյա ճամբար: Եվ ահա, նրանց վերադառնալուց հետո «Միություն» թերթը զրուցել է «Վրաստանի  Հայ Համայնք»-ի վարչության անդամ և Պատանեկան Միության պատասխանատու Սլավա Մեժդոյանի հետ.

Ավարտվեց «Վրաստանի Հայ Համայնքի» Պատանեկան Միության ամառային ճամբարը և մեկ շաբաթվա ընթացքում Պատանեկան Միության անդամներին հնարավորություն ընձեռվեց տեսնել գրեթե ողջ Արևելյան Հայաստանը: Ի՞նչ նպատակների էր ծառայում ձեր այցելությունը Հայաստան և ինչպիսի՞ արդյունք ունեցավ այն:

Նախ կցանկանայի ներկայացնել «Պատանեկան Միության» ծրագիրը և նպատակները, որի մասն է կազմում հենց մեր Հայաստան այցելությունը: Պատանեկան Միության ծրագիրը ստեղծվել է վիրահայերի խնդիրներից ելնելով, որոնցից մեկը հենց ուծացման (ասիմիլյացիա) և ձուլման խնդիրն է: Մենք մշակել էինք ծրագիր, որի արդյունքում Թբիլիսիում բնակվող հայ պատանիները պիտի ուսուցանեին հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, երգ և պար: Ծրագրի ամփոփիչ միջոցառումը նախատեսված էր իրականացնել Հայաստան այցելությամբ, որը կարող եմ կոչել «ուխտագնացություն» դեպի Հայաստան: Մենք պատանիների հետ այցելեցինք բազմաթիվ տեսարժան, պատմա-մշակութային վայրեր, ինչպիսիք են. Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Էրեբունի թանգարան, Խոր Վիրապ, Գորիս, Շուշի, Ստեփանակերտ, Գանձասար, Տաթև, Նորավանք, Սևան և այլն: Այցելեցինք Արցախ, որը շատ կարևոր և խորհրդանշական էր պատանիների համար, քանի որ այն մեր հայրենիքի ազատագրված մասնիկն է: Այդ իսկ պատճառով շատ եմ կարևորում սույն ծրագրի անցկացումը: Այսպիսով մենք կարողացանք շուրջ 120 պատանու միավորել և նրանց մեջ սերմանել հայրենասիրություն: Ես վստահ եմ, որ այդ պատանիները առնվազն չեն փոխի իրենց դավանանքը և ազգությունը, որն իմ կարծիքով առաջընթաց է և մենք հայապահպանության գործում  մեծ ներդրում ենք ունեցել:

Ի՞նչ կպատմեիք ձեր ճամբարի մասին, ինչպիսի՞ էմոցիաներ ունեին երեխաները և արդարացա՞ն արդյոք նրանց սպասումները:

Մենք հյուրընկալվել էինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ մեզ շատ ջերմ ընդունեցին: Ծրագրի շրջանակներում այցելելեցինք նաև այլ երիտասարդական կենտրոններ ու ծանոթացանք նրանց գործունեության հետ: Երեխաները չափազանց գոհ ու երջանիկ էին, չնայած նրան որ ճանապարհը բավական հոգնեցուցիչ էր: Ես անձամբ չէի սպասում տեսնել նման ոգևորվածություն և ուրախություն: Ճիշտ է, այս ամենի համար շատ քիչ ժամանակ ունեինք, քանի որ մեր շեշտը դրված էր պատմա-մշակութային վայրեր այցելելու վրա: Այն գեղատեսիլ վայրեր, որոնց մասին պատանիները տեղեկացել էին պատմության դասընթացներից: Հուսանք  ապագայում ավելի երկար ժամանակով կմեկնենք հայրենիք:

- «Գանձասարի վանքի (Արցախ) շրջակայքում մեզ թույլատրեցին բացել վրաններ: Խարույկ վառեցինք: Աղջիկները սկսեցին կերակուր պատրաստել: Մեր «մենյուն» չէր տարբերվում բազմազանությամբ, սակայն Արցախի սրտում գտնվող Գանձասար բերդավանքի մոտ տապակած կարտոֆիլին և խորովածին ոչինչ չէր հասնի: Ողջ գիշեր խարույկի մոտ կատակում էինք ու երգում: Վրաններ նույնիսկ չենք մտել: Բոլորս միասին դիմավորեցինք լուսաբացը – արևածագը: Չափազանց գեղեցիկ տեսարան էր: Կարծես թե ամեն տեղ արևը մեկն է, բայց այնտեղ այլ արև էր», - «Միություն»-ի հետ զրույցում վերհիշում է ճամբարի 16-ամյա մասնակից Արմենը:

Իր ապրումների մասին պատմեց նաև վիրահայ պատանի Լուսինե Աստոյանը.

-«Հայաստանում եղել էի բազմիցս, սակայն Արցախ առաջին անգամ էի այցելել և շատ տպավորված եմ: Ինձ հատկապես դուր եկավ Շուշին,Գանձասարը, Տաթևի վանքը, որը կախարդական էր և հրաշալի: Աննկարագրելի հպարտություն և հուզմունք էի ապրում: Ցավ եմ զգում մեր քաջ ազատամարտիկների կորստի համար և միևնույն ժամանակ հպարտ եմ նրանցով ու գիտակցում եմ, որ նրանց արյունը իզուր չէր թափված:

«Պատանեկան Միության» անդամ Արմեն Առաքելյանին  հատկապես հուզել է Արարատ լեռը, որը հայ ազգի խորհրդանիշներից մեկն է: Նա պատմում է նաև որ տպավորված է Արցախի բնությամբ:

«Վրաստանի Հայ Համայնք»-ի ծրագրի շրջանակներում (Սլավա Մեժդոյան - Մենք մշակել էինք ծրագիր, որի արդյունքում Թբիլիսիում բնակվող հայ պատանիները պիտի ուսուցանեին հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, երգ և պար)վիրահայ պատանիներին  6 ամսվա ընթացքում իրենց մտավոր ու հոգևոր ունակություններին էին փոխանցում թբիլիսահայ երիտասարդ առաջնորդները, որոնք ևս երեխաների հետ մեկնել էին Հայաստան: Առաջնորդ Ալեքսանդր Գրիգորյանը վերհիշում է այն օրը, երբ պատանիները առաջին անգամ հանդիպեցին ու ծանոթացան միմյանց հետ.

-«Բացի նրանից, որ մեր համայնքի երեխաները սովորեցին հայերեն գրել-կարդալ, երգ-պար, հայոց պատմություն, նրանք նաև դարձան մտերիմ ընկերներ հենց առաջին օրվանից, որը շատ ողջունելի է: Ծրագրի գագաթնակետը մեր Հայաստան այցելությունն էր: Մինչև հիմա չեմ կարող մոռանալ պատանիների հիացած դեմքերը, երբ մենք այցելեցինք Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ և այլ տեսարժան վայրեր: Այս 5 օրերի ընթացքում նրանք տեսան այն ամենը, որի մասին լսել էին, կարդացել ու երազել, իսկ հիմա նրանց երազանքը դարձել էր իրականություն և նրանք վերջապես հայտնվել էին իրենց պատմական հայրենիքում: Վերադառնալիս բոլորը տխուր էին և հուզված, քանի որ հեռանում էին Հայաստանից, սակայն միևնույն ժամանակ նրանք հեռանում էին երջանիկ և սպասումներով լի... Մի օր ետ վերադառնալու՝ արդեն Արևմտյան Հայաստան վերադառնալու  և այնտեղ մշտական բնակություն հաստատելու ակնկալիքով:

«Պարոն Սլ.Մեժդոյան, իսկ ի՞նչ կպատմեիք ձեր ապագա ծրագրերի մասին, ի՞նչ աշխատանքներ եք պատրաստվում տանել այս պատանիների հետ»:

Մեր ապագա ծրագրերը շատ չի տարբերվի նախորդից, քանի որ այս ծրագիրը ես շատ հաջողակ եմ համարում և մենք ուղղակի կզարգացնենք ու կկատարելագործենք այն: Օրինակ, մենք ունեինք տարիքային սահմանափակում և ծրագրում ընգրկել էինք միայն 15-17 տարեկան պատանիների, իսկ այժմ մենք պատրաստվում ենք ներգրավել ավելի փոքր տարիքային խմբի վիրահայերի: Անցած 6 ամիսների ընթացքում մենք անցկացրել ենք բազմաթիվ միջոցառումներ, էքսկուրսիաներ և արշավներ, իսկ ապագայում ծրագրում ենք նաև այցելել Ջավախք, որպեսզի մեր երիտասարդները կապ հաստատեն ջավախահայերի հետ:

 

Եվ այսպես, հուլիսի 25-ի առավոտյանհոգնած երեխաները վերադարձան Թբիլիսի: Վերադառնալուց մի քանի օր անց պատանիները սկսեցին պատրաստվել նոր ճամփորդության համար: Նրանց Ջավախքն էր սպասում...

Ախալքալաք և Ախալցխա, որտեղ սփյուռքից (ԱՄՆ) ժամանած երիտասարդների և տեղի հայկական միությունների համար կազմակերպվել էր ճամբար: Օգոստոսի մեկին այս ճամբարին 2 օրով միացավ «Վրաստանի Հայ Համայնք«-ի 25 հոգուց բաղկացած պատանիների խումբը:

Ջավախքում իր հասակակիցների հետ մտերիմ հարաբերություններ հաստատելու մասին է խոսում «Պատանեկան Միության» անդամ Աննա Պապոյանը.

 -«Մենք եղանք Սուրբ Խաչ եկեղեցում, Ախալքալաքիի  Երիտասարդական կենտրոնում, որտեղ ընդգրկված էին մեծ թվով երիտասարդներ, որոնք սովորում էին հայրենասիրական երգեր, ազգագրական պարեր, հայկական երաժշտական գործիքների վրա նվագել: Բոլորը շատ շնորհալի էին: Ծանոթացանք նաև սփյուռքահայ երիտասարդների հետ, որոնք այցելել էին ճամբար: Մենք ընկերացանք նրանց հետ և վստահ ենք, որ ապագայում դեռ բազմաթիվ առիթներ կունենանք նրանց հետ հանդիպելու:

Թբիլիսահայ առաջնորդ Խաչիկ Փափախչյանը, որն իր կյանքի ազատ և ոչ միայն ազատ ժամանակն է տրամադրում Պատանեկան Միության երեխաների հետ աշխատելուն, Ջավախքից վերադառնալուց հետո իր կարծիքն արտահայտեց և կիսվեց տպավորություններով.

-«Ախալքալաքիում մեզ շատ ջերմ ընդունեցին: Հատկապես ուրախալի էր այն փաստը, որ Վրաստանի տարածքում գտնվող այդ տարածաշրջանում, բոլորը հայ են ու մենք շատ հարազատ միջավայրում էինք մեզ զգում: Հալա"լ է սփյուռքահայերիփոքր ներդրումը այս ճամբարն անցկացնելու հայրենանվեր գործում: Իրականում ոչ այդքան փոքր: Նրանք եկել են հեռու երկրներից, որպեսզի օգնեն ջավախահայերին պահպանել ազգային ինքնությունը:Չնայած, Ախալցխայում նկատվում էր հայ բնակչության պակաս և դա հիմնականում ազգափոխության արդյունք է: Մենք այցելեցինք Ջավախքի այն հայկական եկեղեցիները, որոնք համարվում են վիճելի, չնայած, որ նրանց ծագումն այսօր գաղտնիք չի ներկայացնում ոչ ոքի համար ու ակնհայտ է: Այցելեցինք այն վայրերը, որոնք հայկական են և մեզ են պատկանում: Ամեն քայլափոխին զարմանում էինք...Վիրահայ համայնքը ձուլման դեմ կարող է պայքարել  միահամուռ  ուժերով ևուծացումից խուսափել միասնական լինելով: Միայն այդ դեպքում է կարող Վրաստանի հայ համայնքը ծաղկունք ապրել: Ջավախքը մեզ համար շատ կարևոր տարածաշրջան է և մենք չպիտի  կորցնենք այն»:

Օրացույց