Կարժանանան թե՞ ոչ Մետրոմշենիում բնակվող հայերը դպրոցի վերականգնմանը

օգոստոս 06, 2013 - 11:44        Viewed: 2829       

«Կա լիակատար երաշխիք, որ ընթացիկ տարում պետության կողմից

ոչ մի պարտավորություն չի մնա անկատար»

(Վրաստանի խորհրդարանի նախագահ՝ Դավիթ Ուսուփաշվիլի, 2013թ. օգոստոսի 1)

 

Կես տարի է անցել այն պահից, ինչ «Վրաստանի Հայ Համայնք»-ը Մետրոմշենի թաղամասի հայկական դպրոցի վերականգնման պահանջով դիմել է Վրաստանի Կրթության և գիտության նախարարությանը:

«2004-2012թթ. Թբիլիսիում հերթով փակվում էին հայկական դպրոցները, իսկ ամբողջ երկրի մասշտաբով հայկական դպրոցները բախվում էին բազմաթիվ խնդիրների հետ: Ստեղծված իրավիճակը առաջացնում է Վրաստանի հայ համայնքի վրդովմունքը և զայրույթը, քանզի հայկական դպրոցը մեր ազգային ինքնության պահպանման կարևոր երաշխիքներից մեկն է: Այս գործընթացը (հայկական դպրոցների փակումը) տեղի էր ունենում իշխանության նախաձեռնությամբ և իրականացվում էր տարբեր ճանապարհներով. Վերակառուցման և ուսուցիչներին դպրոցից հեռացնելու կամ կրթական հաստատության փակման միջոցով:

Հուսով ենք, որ դուք, նոր իշխանությունդ, կհրաժարվեք նախորդ իշխանության խտրական գործողություններից և կքննարկեք ոչ վրացական դպրոցների փակման խնդիրը, ինչպես այս մասին նշված է «Վրացական երազանք»-ի նախընտրական ծրագրում և համապատասխանում է քաղաքակիրթ իշխանությանը, որտեղ պաշտպանված են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները»,- ասված է «Վրաստանի Հայ Համայնք»-ի դիմումում՝ ուղարկված Կրթության նախարար Գիորգի Մարգվելաշվիլուն, 2012թ. դեկտեմբերի 3-ի ամսաթվով:

Ուղարկված նամակին զուգահեռ (2012թ. դեկտեմբերի 5), նախարարությանն են դիմել նաև Մետրոմշենիի հայկական դպրոցից հեռացված ուսուցիչները (103-րդ հանրային դպրոցի հայկական բաժին). «Խնդրում ենք բավարարեք մեր պահանջը – քննարկեք մեզ դպրոցից հեռացնելու գործը: Չեղյալ համարեք հեռացման անօրինական հրամանները և վերականգնեք մեզաշխատանքի: Հուսով ենք, որ նոր իշխանությունը անտարբեր չի մնա նախորդ իշխանության կողմից խտրականության զոհ դարձած մարդկանց նկատմամբ և կվերականգնի օրինականությունն ու արդարությունը:Դիմումը ստորագրել է հայկական դպրոցից հեռացված 5 ուսուցչուհի:

Վերոնշյալ դիմումից հետո Վրաստանի Կրթության և գիտության նախարարի ու «Վրաստանի Հայ Համայնք»-ի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել մի քանի հանդիպում: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ համայնքի ներկայացուցիչները «համոզում էին» նախարարությանը Մետրոմշենի թաղամասի հայկական դպրոցի վերականգնման և դեօպտիմալացման կարևորության մեջ: Ջանքերը կարծես արդյունավետ եղան: Նախարարությունը համայնքին խոստացավ վերականգնել և դեօպտիմալացնել Մետրոմշենիի հայկական դպրոցը, նաև այս հարցը քննարկել համապատասխան հանձնաժողովում:

Այս խոստումից հետո անցել է մի քանի ամիս, սակայն դպրոցը դեռ չի վերականգնվել: Ավելին, շենքը, որտեղ նախկինում գործում էր 110-րդ հանրային դպրոցը, հանձնվել է փախստականներին և տեղահանման հարցերով նախարարության հաշվեկշռին: Հուլիսին դպրոցում սկսվեցին նորոգման աշխատանքներ, որը հավանաբար կավարտվի սեպտեմբերի վերջին: Նախկին հայկական դպրոցի շենքում ծրագրվում է բնակեցնել 60 ընտանիք:

«Նախարարությունում ստեղծվել է դեօպտիմալացման հանձնաժողով, որն ուսումնասիրում է օպտիմալացված դպրոցների դեօպտիմալացման նպատակահարմարությունը: Այս հանձնաժողովում հայտարարությունների թիվը 200-ից ավելի է: Նախարարությունը յուրաքանչյուր այսպիսի նամակ ուսումնասիրում է շատ զգուշորեն, որն իհարկե պահանջում է ժամանակ: Որքանով ես տեղեկացվածեմ, այս դպրոցի հետ կապված առաջընթաց կա: Քննվել են մի շարք հարցեր, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել, քանզի դեռ պետք է ճշտվեն որոշ մանրամասներ, որի հիման վրա հետագայում կընդունվի վերջնական որոշում – վերականգնվելու է թե՞ ոչ դպրոցը: Ցանկացած պատասխանի դեպքում նախարարությունը փաստարկներով կհիմնավորի իր որոշումը»,- «Միություն»-ի հետ զրույցում օգոստոսի 2-ին հայտարարել է Կրթության նախարարության վարչության ղեկավար Լևան Քեբուրիան:

«Հաջորդ շաբաթ նշանակված է հանձնաժողովի նիստ, որտեղ նախարարությունը կընդունի վերջնական որոշում այս հարցի վերաբերյալ»,- նախարարի նորանշանակ տեղակալ Լիա Գիգուրիի մեկնաբանությունը փոխանցում է նրա օգնականը:

Հերթական «հաջորդ շաբաթը» համընկնում է օգոստոսի 5-11 ժամանակաշրջանի հետ: Կարժանանան թե՞ ոչ Մետրոմշենիում բնակվող հայերը դպրոցի վերականգնմանը:

Օրացույց