Պատմության և տեխնոլոգիաների միջև. CNN ¬ի անդրադարձը Հայաստանին

նոյեմբեր 26, 2015 - 08:21        Viewed: 1533       

CNN հեռուստաընկերության «Մետաքսի ճանապարհ. անցյալ, ներկա, ապագա» խորագրով հաղորդումն անդրադարձել է Հայաստանին` որպես նորագույն տեխնոլոգիաների ոլորտը զարգացնող երկիր, որն ունի հնագույն հարուստ մշակույթ:

Տեսանյութն սկսվում է մտքով, որ տարածաշրջանի լեռները բաժանում են Եվրոպան Ասիայից: Ւսկ Երևանում հաղորդման հեղինակը նշում է, որ գտնվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկում, որն ունի մոտ 3 հազար տարվա պատմություն, իսկ այսօր ավելի քան մեկ միլիոն մարդու տունն է:

Անդրադարձ է կատարվում Կասկադին, Օպերային թատրոնին, այնուհետև խոսվում է Հանրապետության հրապարկի, Ազգային պատկերասրահի մասին` նշելով, որ այն մի քանի տասնյակ կառույցներից է, որ նվիրված է արվեստին և մշակույթին Հայաստանում:

Հեղինակի խոսքով` դարերի ընթացքում Հայաստանը յուրահատուկ կանգառ է եղել, որը կապող ճանապարհ էր Չինաստանից Հռոմ գնացող առևտրականների համար: Շուկայի տեսարանում խոսվում է այն մասին, որ Հայաստանը հայտնի է իր գյուղատնտեսական ապրանքներով, չրերով ու ավելի հաճախ հայկական կոնյակով:

«Ներկայում երկիրը նոր անուն է ստեղծում մեկ այլ կարևոր ոլորտում` նորագույն տեխնոլոգիաների ասպարեզում: Դուք լսել եք iPad­-ի մասին, իսկ ինչ կասեք ArmTab-ի մասին: Այն հայերի սեփական համակարգիչն է, որ նախագծվել է հայ ինժեներների կողմից հենց Երևանում: Մարդը, ով պատրաստում է դրանք, Վահան Շաքայանն է, ով հայ է, բայց իր կյանքի երկու տասնամյակն ապրել է Կալիֆորնիայում: Շաքարյանը չի փորձում մրցակցել հայտնի բրենդների հետ, նա ցանկանում է ստեղծել էժան լուծումներ տեղի շուկայի համար», ­ասում է CNN-­ի հեղինակը` հավելելով, որ Երևանում ՏՏ ոլորտը բում է ապրում` ծրագրավորումից մինչև ռոբոտաշինություն, երիտասարդների կողմից ստեղծվում են սկսնակ ձեռնարկություններ:

Հայաստանի ՏՏ ոլորտի հաջողությունները ներկայացվում են նաև «Rafa Solutions» և «Triada studio» ընկերությունների միջոցով: Խոսելով iOS­-ի համար նախագծված «Shadowmatic» խաղի մասին` հաղորդավարուհին նշում է, որ այն արդեն ունի 4 միլիոն բեռնում:

Օրացույց