Խոնարհում՝ Գայանե Խաչատրյանի հիշատակին

դեկտեմբեր 06, 2015 - 10:49        Viewed: 1509       

Վիրահայոց Թեմ -«Գայանեն մեր կողքին է... » այս խորագիրն էր կրում նոյեմբերի 28-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացված թբիլիսահայ տաղանդավոր նկարիչ Գայանե Խաչատրյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսը: Այն նախաձեռնել էին «Հայարտուն» կենտրոնը և Վրաստանի հայ նկարիչների միությունը, «Շէն» ասոցիացիայի աջակցությամբ: Գայանեն թեև ֆիզիկապես չկա, սակայն նա մեր կողքին է տարբեր ժամանակներում ստեղծած յուղաներկ ու մատիտանկար աշխատանքներով, տարբեր տարիքում նրան հիշեցնող լուսանկարներով և դահլիճում տարածվող խոսքով, մտորումներով, որ հնչում էր մեծ նկարչուհուն նվիրված հեռուստատեսային հաղորդումներից- ահա այս էր ցուցահանդեսի խորհուրդը:

Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանն անդրադարձ կատարեց անսահման երևակայությամբ, պատկերման ու ընդհանրացման մեծ ուժով տոգորված հազվագյուտ նկարչի ստեղծագործական ուղուն և երախտագիտության խոսքեր ուղղեց Էդուարդ Մեսրոպյանին, Գոհար Մազմանյանին, Սուսաննա Խաչատրյանին, Եսայի Աբովյանին, Միքայել Ավագյանին և մյուսներին, ովքեր իրենց հավաքածուներից Գայանեի աշխատանքները տրամադրեցին ցուցահանդեսին:

Գայանեն իր աշխատանքներով հաղորդել է իր էությունը՝ բոլորին տեսնելու և ամեն մեկին իր սերն ու մոտեցումը փոխանցելու ներսից եկող ուժը: Նրա կտավները թափանցող են, իրենց գիրկն առնող և իրենց հետ դիտողին դեպի անսահմանություն տանող: Գայանեն խոհական է, նրա խոսքը փիլիսոփայական է, որը ունկնդրին տալիս է մտորելու, վերլուծելու և համոզվելու ցանկություն:

Թբիլիսիում ծնված նկարչուհին իր կյանքն անցկացրեց այս բազմաբղետ ու կոլորիտային քաղաքում, որի դինամիկան ու ռիթմը Գայանեի ստեղծագործական մուսան էր, սակայն կրկին նկարելու, կրկին արարելու շնորհը նկարչուհուն անցել էր ագուլիսցի ծնողներից և Ագուլիսի, հայրենիքի և ազգի նկատմամբ ունեցած մեծ սիրուց և հպարտությունից, որն անբաժան էին Գայանեից ողջ կյանքի ընթացքում:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գնահատանքի իր խոսքում անդրադարձ կատարեց գեղանկարչության թիֆլիսյան դպրոցին, հայ բազմադարյա և հարուստ մշակույթի պատմության մեջ մտած այս դպրոցի կարկառուն դեմքերին, որոնցից մեկը Գայանե Խաչատրյանն է: Սրբազան Հայրը բարձր գնահատեց նման միջոցառումները, որոնք խոնարհում են ազգի արժանավոր զավակների հիշատակին, իսկ Գայանեն իր հավատքով, իր աշխարհընկալմամբ, իր ստեղծագործությամբ իր ժողովրդի հպարտությունն է:

Գայանե Խաչատրյանի արարած շուրջ 700 յուղաներկ ու մատիտանկար աշխատանքները պահպանվում են աշխարհի հեղինակավոր պատկերասրահներում, և մասնավոր հավաքածուներում, ընդորում 100-ից ավելին Վրաստանի կինոյի և թատրոնի թանգարանում: Գայանեն պատվավոր տեղ է գրավում Վրաստանի 50 արժանավոր կանանց ցուցակում: 

Օրացույց