Ախալքալաքում տեղյակ չեն գալիք ընտրությունների մասին

մարտ 25, 2016 - 07:30        Viewed: 978       

Հարցման ենթարկված Ախալքալաքի բնակիչների 85% տեղյակ չէին սույն թվականի աշնանը կայանալիք Վրաստանի Խորհրդարանական ընտրությունների մասին:

«Վրաստանի ընտրական օրենսգրքի» փոփոխությունների համաձայն, Ախալքալաքի 17 գյուղ միանալու է Բորժոմի ընտրատարածքին: Այս փաստը բավականին բացասական արձագանք գտավ հասարակության շրջանում: Այնուամենայնիվ, ընտրությունները կկայանան, սակայն բնակչությունը որքանո՞վ է տեղեկացված կայանալիք ընտրություններից, պարզելու համար անցկացրեցինք հարցումներ Ախալքալաքի բնակիչների շրջանում: Հարցմանը մասնակցեցին տարբեր տարիքի 40 բնակիչ: Հարցման ընթացքում հնչեցված հիմնական հարցերն էին, թե արդյոք տեղյա՞կ են կայանալիք ընտրություններից և ընդհանրապես հետևո՞ւմ են քաղաքական անցուդարձին:

Հարցվողներից 85%-ը բացարձակապես անտեղյակ էին թեմայից և մեզանից իմացան գալիք ընտրությունների մասին: Բացասական պատասխանները մեկնաբանելով՝ «Մեր հոգսերը մեզ հերիք են, էլ ի՞նչ ընտրություն», կամ «Նորից պարապ ե՞ն մնացել» և նմանատիպ, անտարբերություն արտահայտող մտքերով:

40 հարցվածներից միայն 6-ը տեղյակ էին ընտրությունների մասին: Մեկնաբանություններից առավել տարբերվողները ներկայացնում ենք ստորև.

«10 տարի հետաքրքրվեցի քաղաքականությամբ, սակայն անօգուտ: Այժմ ընդհանրապես չեմ ուզում լսել քաղաքականության մասին, բայց գիտեմ, որ կայանալիք ընտրությունները խորհրդարանական են, մանրամասնորեն չեմ հետաքրքրվում: Գալիս մեծ-մեծ խոստումներ են տալիս բայց անգամ ճանապարհները չեն սարքում», -ասաց Մաջադիա գյուղի բնակիչը, ով չցանկացավ ներկայանալ:

«Տեղյակ եմ, որ ընտրություններ են լինելու, բայց չեմ հետաքրքրվում, միևնույնն է, ով էլ լինի դրական սպասելիքներ չունեմ», -ասաց Ախալքալաքի բնակիչ Արմենը:

«Տեղյակ եմ, սակայն արդեն որոշել եմ, չեմ մասնակցելու, հատկապես ընտրատարածքների միացման վերաբերյալ օրենքից հետո», -հարցի վերաբերյալ կարծիքն արտահայտեց Ագանա գյուղի բնակիչը:

«Կայանալիք ընտրություններից տեղյակ եմ, սակայն տեղական հեռուստատեսությամբ այդ մասին չի խոսվում, ինչ էլ որ գիտեմ լսել եմ Ձեզ նման մարդկանցից», -մեկնաբանեց Ախալքալաքի բնակիչն, ով չներկայացավ:

Լիաննա Պողոսյան (J-news)

Օրացույց