Վրաստանի վարչապետը այցելեց Սուրբ Գևորգ եկեղեցի

մարտ 28, 2016 - 07:00        Viewed: 994       

ՎիրաՀայոց Թեմ -Մարտի 27-ին, Սուրբ Հարության տոնին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի այցելեց և Սուրբ Պատարագին ներկա գտնվեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Երկրի վարչապետին ուղեկցող պատվիրակության կազմում էին Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Բռնագրավված և բռնի վերաբնակեցվածների ու փախստականների նախարար Սոզար Սուբարը, Թբիլիսիի Ժողովրդական ժողովի նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլին:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին վրացահայությանը, ինչպես նաև այդ օրը Քրիստոսի Սուրբ Հարության տոնը նշող բոլոր հավատացյալներին, շնորհավորեց Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ և նշեց, որ Սուրբ Հարության տոնը չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի հաղթանակն է: Վարչապետ Կվիրիկաշվիլին կարևորեց հայերի և վրացիների դարավոր բարեկամությունը, որին «պետք է զգույշ վերաբերվել և ընդգծեց, որ Վրաստանը հպարտ է իր երկրի հայազգի զավակներով, որոնք վրացիների հետ միասին կառուցում են մի երկիր, որը բազմազգ մշակույթի, տարբեր ժողովուրդների համագոյակցության օրինակ է ամբողջ աշխարհում»:

Այդ օրը Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում Զատկական Սուրբ Պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Բաթումիի հայության Սուրբ Զատիկը շնորհավորեցին և Սուրբ Պատարագին մասնակցեցին Աջարիայի Ինքնավար Հանրապետության վարչապետ Արչիլ Խաբաձեն, Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովը, Աջարիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարար Գիորգի Թավամաիշվիլին, Բաթումիում Իրանի Իսլամական Հանրապետության Գլխավոր հյուպատոս Հուսեյն Մաշհադին, Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:

Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին նվիրված Սուրբ Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի մյուս եկեղեցիներում:

Օրացույց