Առաջին զանգը 104-րդ հանրային դպրոցում

սեպտեմբեր 17, 2013 - 16:55        Viewed: 2072       

Սեպտեմբերի 16-ին, ողջ երկրի մասշտաբով դպրոցներում սկսվեց նոր ուսումնական տարին: Բացառություն չէր կազմում նաև Թբիլիսի միակ հայկական 104-րդ դպրոցը:

Առաջին զանգի միջոցառմանը ներկա էին Վրաստանի Վերաինտեգրման հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին, Քրեակատարողության նախարար Սոզար Սուբարին, «Վրացական երազանք» դաշինքի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, նախագահի խորհրդատու Վան Բայբուրտը և այլոք:

«Այսօրվա օրը հատկապես ցանկանում եմ շնորհավորել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Էթնիկ բազմազանությունը մեր երկրի հարստությունն է, որի պահպանումը պետական ստրատեգիայի մասն է կազմում: Վրաստանի կառավարության խնդիրն է, մի կողմից, ապահովենք նրանց ազգային ինքնության պահպանումը և մյուս կողմից, աջակցենք նրանց, լինեն մեր պետության արժանի և լիարժեք քաղաքացիներ»,- ասված է Վերաինտեգրման հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլիի ուսումնական տարվա սկսվելուն նվիրված շնորհավորական ուղերձում:

«Լավ սովորեք, սիրեք ուսումը: Սովորեք ուրախությամբ և սիրով: Խաղաղություն մեր ընտանիքներին և երկրին»,- այս խոսքերով դիմեց դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը առաջին դասարանցիներին:

Այս տարի 104-րդ հանրային դպրոցի առաջին դասարանում կա 24 աշակերտ: Բոլոր առաջին դասարանցիներին փոխանցվեցին համակարգիչներ: Ազգային ուսումնական ծրագրի համաձայն, հենց այս համակարգիչներն են ուսումնական ընթացքի հիմնական բաղադրիչ մասը, որոնք պետք է երեխաների ուսումը դարձնեն ավելի հետաքրքիր, ժամանակակից և արդյունավետ: Չնայած հայկական դպրոց լինելուն, համակարգիչներում բեռնված ուսումնական ծրագրերը վրացալեզու են:

Այլ հայկական ուսումնական հաստատությունների նման, աշակերտներին բաժանվեցին երկլեզու դասագրքեր, իսկ հայոց լեզվի և գրականության դասագրքեր դպրոցը դեռևս չի ստացել:

Նշված հարցը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք Վրաստանի Կրթության և գիտության նախարարության հետ:

«Նախարարությունը Վրաստանում գործող բոլոր հայալեզու դպրոցներին ապահովել է երկլեզու դասագրքերով: Ինչ վերաբերում է մայրենի լեզվի և գրականության դասագրքերին, Հայաստանի Կրթության նախարարության հետ փոխհամաձայնության համաձայն, Վրաստանի հայալեզու ուսումնական հաստատություններին մայրենի լեզվի և գրականության դասագրքեր պետք է մատակարարի հայկական կողմը: Մենք տեղեկացված չենք այն մասին, թե ինչու՞ դա տեղի չի ունեցել մինչ այսօր»,- հաղորդում է Վրաստանի Կրթության և Գիտության նախարարի մամլո ծառայությունը:

Պարզաբանում ստանալու համար Report.am դիմեց ՀՀ կրթության ե գիտության նախարարություն։ «Նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության՝ սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Նունե Վարդանյանը մեզ տեղեկացրեց, որ իրոք, կա այդպիսի խնդիր, Վրաստանի հայկական դպրոցներն արդեն ստացել են այբբենարանները, իսկ ինչ վերաբերում է մայրենի լեզվի եւ գրականության դասագրքերին, դրանց տրամադրումը ձգձգվում է, քանի որ ընթացակարգերն են ժամանակատար։ Այսպես, ըստ Ն. Վարդանյանի, նախ գրքերի անհրաժեշտ քանակն է ձեռք բերվում եւ պահեստավորվում (դեռեւս ամռանը), ապա ՀՀ արտգործնախարարության խողովակներով հայկական կողմը դիմում է վրացական կողմին՝ տվյալ գրքերի խմբաքանակը Վրաստան ուղարկելու թույլտվություն ստանալու համար, Վրաստանի կրթության նախարարության կողմից համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո նոր միայն գրքերը կարող են հասնել Վրաստան։  Կրթության եւ գիտության նախարարությունն արդեն դիմել է հայաստանյան արտգործնախարարությանը։ Մնացած ընթացակարգը, ինչպես փորձն է ցույց տալիս, կարող է ձգվել նույնիսկ ամիսներ. գոնե մինչեւ սեպտեմբերի վերջ Վրաստանում հայկական դպրոցները հայոց լեզվի եւ գրականության դասագրքեր չեն հասցնի ստանալ»:

Օրացույց