Հարկ է մտածել վաղվա օրվա մասին

ապրիլ 08, 2016 - 09:59        Viewed: 1191       

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից վերսկսած պատերազմի հենց սկզբից Վրաստանի իշխանությունները շտապեցին հաստատել իրենց դիրքորոշումն այս բախման վերաբերյալ: Վրաստանի իշխանությունների հիմնական կոչն այն էր, որ պատերազմի վերսկսումը վրացական պետության շահերի մեջ չի մտնում, և, համապատասխանաբար, Վրաստանը կոչ է անում ռազմական գործողությունների դադարեցում: Ավելին, Վրաստանի ղեկավարությունը նույնիսկ նախաձեռնությամբ հանդես եկավ` որպես չեզոք վայր առաջարկեց Թբիլիսին, որտեղ ռազմական գործողություննների մեջ անմիջականորեն ներքաշված կողմերը կարող են հանդիպում անցկացնել:

Դա երկրի պաշտոնական դիրքորոշումն է: Վրաստանի տվյալ պաշտոնական դիրքորոշումն ունի իր տրամաբանությունը, որը կապված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին սպառնալիքների հետ: Եվ այդ տրամաբանությանը, առավել ևս լարված իրավիճակում, պետք է հետևեին երկրի բոլոր քաղաքացիները, հատկապես երկրի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչները:

Մինչդեռ, այն օրերին, երբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ էին ընթանում, երկրի ոչ բոլոր քաղաքացիներն էին ողջամտություն դրսևորում:

Վերջին 7 օրվա ընթացքում (ապրիլի 1-7) Վրաստանի տարբեր շրջաններում գրանցվել են անպատասխանատու և սադրիչ վարք դրսևորող բազմաթիվ փաստեր, ինչպես որոշ ադրբեջանական համայնքային կազմակերպությունների, այնպես էլ աղետալի քարոզարշավի ազդեցության տակ գտնվող Վրաստանի շարքային ադրբեջանցի քաղաքացիների կողմից:

Վրաստանի պաշտոնական դիրքորոշման և տարբեր խմբերի փոխհարաբերությունների համամարդկային տրամաբանության հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորման քննարկումը դեռևս ապագայում կհասցնենք: Դա չէ այսօրվա հոդվածի նյութը: Կցանկանայինք ընթերցողի հատուկ ուշադրությանը ներկայացնել մեր երկրի անվտանգության հիմնական սկզբունքի չհասկացվածության ամենավտանգավոր դրսևորումներից մեկը: Չհասկացվածություն, որը դրսևորվեց պետական կառույցի` Վրաստանի Խորհրդարանի անդամներից մեկի կողմից:

«Ես ադրբեջանցի եմ և երբեք չեմ վախեցել պաշտպանել այն հարցերը, որոնք վերաբերում են Ադրբեջանին և նրա տարածքային ամբողջականությանը: Վրաստանին վերաբերող հարցերին հավասարապես: 2008թ. օգոստոսյան պատերազմի ժամանակ ես ունեի 150 հոգուց բաղկացած գումարտակ: Մենք պատերազմում էինք հանուն Վրաստանի տարածքային ամբողջականության, քանի որ սա մեր Հայրենիքն է: Ադրբեջանը մեր պատմական հայրենքին է, այդ իսկ պատճառով ես մտադիր եմ վերականգնել իմ գումարտակը և նրա հետ միասին ուղևորվել դեպի Լեռնային Ղարաբաղ: Առավել ևս որ ես արդեն տասնյակ դիմումներ եմ ստացել իմ նախկին զինվորներից», -ապրիլի 4-ին հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի «Միավորված Ազգային Շարժում» խմբակցության պատգամավոր Ազեր Սուլեյմանովը:

Այն պահից, երբ Վրաստանի Խորհրդարանի պատգամավորն արել է այդ հայտարարությունը, արդեն 4 օր է անցել: Տրամաբանական կլիներ, եթե Վրաստանում բնակվող ադրբեջանցիներն իրենք բացատրեին պատգամավոր Ազերին, թե ինչքանով են վտանգավոր նման հայտարարությունները:

Մյուս կողմից բացահայտ հանդուգն հայտարարությանը արձագանք կարելի էր ակնկալել երկրի իշխանություններից, որի պաշտոնական ներկայացուցիչն է պատգամավոր Ազեր Սուլեյմանովը: Ընդ որում արձագանքը պետք է լիներ սիմետրիկ և, բնականաբար, հանրային: Դա կարևոր կլիներ, որպեսզի այն անձինք և կազմակերպությունները, որոնք կարող էին կուլ գնալ սադրանքին, հասկանային, որ պետությունը տվյալ հարցի շուրջ բոլորովին այլ տեսություն ունի:

Մինչդեռ, ոչ մի նման բան Վրաստանի քաղաքացիները դեռևս ո´չ տեսել են, ո´չ լսել: Եվ սա հերթական անգամ պարտավորեցնում է մեզ խորապես մտածել մեր վաղվա օրվա մասին:

Օրացույց