Պատգամավոր Պետրոսյանի հայտարարությունը Վրաստանին հայ ժողովրդի ցեղասպանությունը ճանաչելու կոչով

ապրիլ 14, 2016 - 00:11        Viewed: 1966       

Ապրիլի 13-ին Վրաստանի Խորհրդարանում պատգամավոր Սամվել Պետրոսյանը 1915-23թթ. հայ ժողովրդի Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու կոչով է դիմել Վրաստանին: Մինչդեռ, Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցչի պատասխանը մատնանշում է, որ Վրաստանում Ցեղասպանության ճանաչման հարցը ակնհայտորեն դիտարկում են այլ համատեքստում: Հարգելի ընթերցողին ենք ներկայացնում ապրիլի 13-ին Վրաստանի Խորհրդարանում, պլենար նիստի ընթացքում հնչած հայտարարությունների տեքստն առանց մեկնաբանության:

Սամվել Պետրոսյան (Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր, «Միացյալ Ազգային Շարժում» կուսակցություն).

Սիրելի´ գործընկերներ, Վրաստանը բազմազգ երկիր է, և մենք բոլորս մեկ երկրի զավակներ ենք: Մենք պետք է ապրենք միասնական և խաղաղ Վրաստանում: Այդ իսկ պատճառով մենք պետք է վերականգնենք պատմական արդարությունը, այն, ինչ 100 տարի առաջ տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում: Ես նկատի ունեմ Հայ ժողովրդի Ցեղասպանությունը:

Դա հայ ժողովրդի համար մեծ տրավմա է (ցնցում): Ցեղասպանությունը ճանաչվել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների և պետությունների կողմից:

Մենք` որպես ժողովրդավարական պետություն, պետք է ճանաչենք նշված փաստը: Գոնե այն պատճառով, որ Օսմանյան կայսրությունը վնաս է հասցրել նաև Վրաստանին: Այն բռնագրավել է նաև վրացական հողեր և շարունակում է դրանց տիրել նաև այսօր:

Ես համոզված եմ, որ եթե իր ժամանակին դատապարտված լիներ հայ ժողովրդի Ցեղասպանությունը, ապա նման ողբերգություններ տեղի չէին ունենա մոլորակի այլ անկյուններում: Ես համոզված եմ, որ այդ հանցագործությունն այլևս ոչ մի ժողովրդի դեմ չպետք է կիրառվի:

Ուզում եմ բոլորին կոչ անել ճանաճել և դատապարտել նշված ցեղասպանությունը: Դրանով իսկ վերականգնել պատմական արդարությունը և կանխել նմանատիպ հանցագործություններն այլ ժողովուրդների դեմ: Շնորհակալություն:

Մանանա Կոբախիձե (Վրաստանի Խորհրդարանի փոխնախագահ) -սիրելի´ ընկերներ, հանգստացե´ք, խնդրում եմ (Սամվել Պետրոսյան ելույթի ժամանակ որոշակի ակտիվություն էր փորձում ցուցաբերել պատգամավոր Ազեր Սուլեյմանովը, որի անհասկանալի արտահայտությունները լսելի են կադրի ետևում-խմբ.):

Զվիադ Կվաճանտիրաձե (խորհրդարանական մեծամասնության պատգամավոր)

Հարգելի´ գործընկերներ, ես կցանկանայի այլ հարցի կապակցությամբ մեկնաբանություններ անել, բայց այնուամենայնիվ, ուզում եմ դիմել իմ գործընկերներին: Ուզում եմ դիմել մինչ ինձ ելույթ ունեցողներին և բանավեճի բռնված գործընկերներին: Խորհրդարանական գործընկերնե´ր, ընկերնե´ր և համագործակիցնե´ր.

Ուզում եմ հիշեցնել, որ բոլորովին վերջերս փորձ կատարվեց Կովկասում արթնացնել շատ մեծ, խորը և քնած բախում: Բարեբախտաբար, միջազգային հանրության ջանքերի շնորհիվ այդ բախման լուրջ բռնկումից, տվյալ փուլում, հաջողվեց խուսափել: Բայց մենք միշտ պետք է հիշենք, որ մեր շուրջը կան ուժեր, որոնք մշտապես շահագրգռված են, որպեսզի Կովկասում միշտ լինի պատերազմ: Շահագրգռված են, որպեսզի Հարավային Կովկասի բոլոր երկրները, այդ թվում նաև մեր ընդհանուր Հայրենիքը` Վրաստանը, մշտապես ակտիվորեն մասնակցի այդ պատերազմներին:

Մենք, պատմականորեն, այս երկրում միշտ ընդհանուր լեզու ենք գտել, ընկերություն ենք արել: Դրա վառ ապացույցն է մեր գործընկերների վերջերս արված հայտարարությունը Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ (պատգամավոր Պողոսյանի և Մամեդովի հայտարարությունը-խմբ.):

Անկեղծորեն ուզում եմ ձեզանից յուրաքանչյուրին կոչ անել, նկատի չունեմ միայն այն անձանց, ովքեր հենց նոր ելույթ ունեցան այստեղ, դիմում եմ բոլոր գործընկերներին և համախոհներին. Չենթարկվե´նք սադրանքներին, որոնք բխում են մեր ոչ բարյացկամ հարևանների շահերից:

Ցանկանում եմ կոչ անել վրացական կողմին` ինչպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներին, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներին, թո´ղ որ մենք ունենանք առավելագույնս մերձեցված և ընդհանոր դիրքորոշումներ այն ընդհանուր, ազգային հարցերի շուրջ, որոնց քննարկումը ծրագրվում է հանձնաժողովի հաջորդ նիստի ընթացքում: Դրանով իսկ մենք կարող ենք ընդհանուր գործ անել: Դրանով իսկ մենք կապացուցենք, որ մենք բոլորս պատրաստ ենք մի կողմ դնել մեր ներկուսակցական շահերը, և մեր ներդրումն ունենալ վրաց պետության և Վրաստանի ժողովրդի ընդհանուր շահերի մեջ:

Օրացույց