Հայ-թուրքական լարվածություն՝ նաեւ Վրաստանում

ապրիլ 27, 2016 - 09:28        Viewed: 1242       

Հայկական Ժամանակ -Ղարաբաղյան հակամարտության շփման գոտում ապրիլյան պատերազմը չսահմանափակվեց միայն զինված բախումների թատերաբեմով:

Այն իր արձագանքը գտավ նաեւ հարեւան պետություններում, հատկապես ՝ Վրաստանում, որոշակի լարվածություն առաջացնելով այդ բազմազգ երկրի ներսում, որտեղ բավականին ակտիվ գործում են մի քանի համայնքներ՝ հայկական, ադրբեջանական եւ թուրքական: Արդյունքում Թբիլիսիի հայկական համայնքն արդեն ավանդական դարձած Թուրքիայի դեսպանատան մոտ ամենամյա ապրիլ 24-յան ցույցն իրականացրեց այլ վայրում, ինչը դժգոհություններ առաջացրեց վիրահայ համայնքում: Նման հորդորով համայնքին դիմել էր Վրաստանի կառավարությունը:  

Ըստ երեւույթին վտանգ կար, որ պատերազմը Ղարաբաղում կարող էր հագեցնել այդ երկրի ներսում ազգային խնդիրների սրման: Ով-ով, բայց Վրաստանը, որը ապրիլյան պատերազմի օրերերին եւ դրանից հետո պահում է չեզոքություն, ներքին քաղաքացիական պատերազմի կամ միջհամայնքային բախումների 1990-ականների ողբերգական իրադարձությունները դեռ չի մոռացել: Գուցե հենց նման սցենարի նախանշման հնարավորությունից խուսափելու համար Վրաստանի կառավարությունը եւս մեկ քայլ կատարեց: Այն թույլ չտվեց Վրաստան մուտք գործել մի խումբ ադրբեջանցիների, ովքեր նախատեսում էին հանրահավաք անել Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան դիմաց: Դրանից հետո հորդորվեց հայկական համայնքին տեղափոխել ապրիլի 24-ին նախատեսած հանրահավաքի վայրը, ինչը որոշ վերլուծաբաններ գնահատեցին որպես հարված Թբիլիսիի հայկական համայնքին:

Թե ինչու այնուամենայնիվ հայկական համայնքն ականջալուր եղավ կառավարության հորդորներին եւ ինչ լարվածության մասին էր խոսքը երկրի ներսում, մեզ հետ զրույցում որոշակի մանրամասներ ներկայացրեց «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Ալեքսանդր Օհանյանը:

Ալեքսանդր, հանրահավաքի վայրի տեղափոխման վերաբերյալ ձեր տարածված հայտարարության մեջ որպես հիմնավորում նշվում է Վրաստանում առաջացած լարվածպւթյան մասին: Ի՞նչ լարվաթյուն մասին է խոսում:

- Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով ապրիլի սկզբին Ղարաբաղում իրավիճակի կտրուկ վատթարացումը լարվածության տեսքով առկա է նաեւ Վրաստանում: Ցավոք, Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ հայերի դեմ ագրեսիվ քաղաքականությունը չի սահմանափակվում պետության տարածքներով: Այնտեղ, որտեղ այդ երկու պետություններն ունեն ազդեցություններ, փորձում են հայ ժողովրդին վնաս հասցնել: Դրա մասին է խոսում նաեւ Ալիեւի հայտարարությունն առ այն, որ ողջ աշխարհի հայերն Ադրբեջանի թշնամիներն են:

Ուստի, հենց սկսվեցին ռազմական գործողությունները ղարաբաղյան ճակատում, Ադրբեջանը եւ իր հովանավորած որոշակի ուժերը շրջանցեցին Վրաստանի հայտարարած չեզոքությունը եւ սկսեցին այստեղ որոշակի գործողություններ ծավալել: Այդ ամենի մասին որոշակի տեղեկատվություն սողոսկում էր մամուլ, ինչը լարվածություն էր ստեղծում: Հենց այդ լարվածության մասին էլ մենք խոսում ենք հաղորդագրության մեջ, որը Վրաստան է մտցվել դրսից՝ թուրքական պետություններից: Պաշտոնական Թբիլիսին պետք է արձագանքի նման դրսեւորումներին: Մենք էլ հաշվի առնելով իրավիճակը, որպեսզի չլինեն պրովոկացիաներ (որոնց մասին փաստացի հայտարարվում էր), ցնցումներ եւ վնաս չհասցվի համայնքին, որոշեցինք այս անգամ հանրահավաքի վայրը տեղափոխել:

Նշում եք որոշակի ուժերի մասին, որոնք դրսից Վրաստան են մտցնում այդ լարվածությունը: Դրանք ի՞նչ ուժեր են: Թուրքական կամ ադրբեջանական բիզնե՞սն է, թե՞ նրանց կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները:

- Վրաստանի հատուկ ծառայությունները երեւի այդ հարցին ավելի ճիշտ կպատասխանեն: Նրանց է պետք դիմել: Սակայն կարծում եմ, ձեր նշված քաղաքական, տնտեսական ուժերի կամ կազմակերպությունների համախումբն է: Նրանք ունեն իրենց շահերը, որը չի համընկնում ոչ Վրաստանի ազգային, ոչ էլ հայ համայնքի շահերի հետ: Խոսքը Վրաստանի կայուն զարգացման մասին է: 

Դուք նշում եք կառավարության հորդորների մասին: Ի՞նչ հորդոր է եղել, կոնկրետ ո՞ւմ ուղղված: Կապ եղե՞լ է Վրաստանի կառավարության հետ:

- Եթե մենք հայտարարության մեջ նշում ենք հորդորի մասին, նշանակում է ինչ-որ կապ եղել է եւ այդ հորդորը մեզ հասցվել է:

Հայկական Համայնքում դժգոհությո՞ւն եղավ խնդրի կապակցությամբ: Ինչպե՞ս արձագանքեց համայնքը:

- Դժգոհություններ, իհարկե եղել են, մենք ինքներս ունենք նման դժգոհություններ, քանի որ մենք, հաշվի առնելով շատ հանգամանքներ, փաստացի ստիպված ենք եղել խախտել մեր իսկ կողմից ձեւավորած ավանդույթը: Այնուամենայնիվ, մենք հասկանում եւ վստահ ենք, որ սա միանգամյա որոշում է, եւ էլ չի կրկնվի:

Ոչ մեկը թող չկասկածի մեր տրամադրվածության լրջության աստիճանի վրա: Բացի Ցեղասպանության խնդրից, մեր կազմակերպությունն ամենօրյա ռեժիմով զբաղվում է համայնքի անվտանգության եւ իրավունքներին վերաբերող շատ խնդիրներով: Դրանք ամենօրյա բնույթ են կրում: Մենք, իհարկե, կիսում ենք առաջացած դժգոհությունները, բայց նաեւ պատասխանատվություն ենք զգում առ այն, որպեսզի թույլ չտանք մեզ համար անհայտ ուժերի պրովոկացիաները:

Արշալույս Մղդեսյան

Օրացույց