Թբիլիսիում կայացավ «Եռատոն-2016» անդրանիկ փառատոնը

մայիս 10, 2016 - 08:03        Viewed: 1635       

Մայիսի 9-ին հայ ժողովուրդը տոնում է նորագույն պատմության կարևորագույն տոներից մեկը` Շուշիի Ազատագրման Օրը: Օր, երբ հայ կամավորական ջոկատները կարողացան դուրս շպրտել Շուշի քաղաք-ամրոցից ադրբեջանական զորքին` դրանով իսկ ապահովելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի` Ստեփանակերտի խաղաղությունն ու անվտանգությունը:

Նույն օրը ևեթ` 1992թ.-ի մայիսի 9-ը` Շուշիի Ազատագրման Օրը, համարվում է Արցախի Բանակի կազմավորման պաշտոնական ամսաթիվը:

Շուշիի Ազատագրման Օրը համընկնում է նաև Երկրորդ Համաշխարհային Պատերազմի պաշտոնական ավարտի հետ: Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկզբի ժամանակ դեռևս Խորհրդային Միության կազմում գտնվող Հայաստանի բնակչությունը կազմում էր շուրջ 1 500 000 մարդ, ֆաշիզմի դեմ պատերազմելու Հայաստանից ուղևորվեց ավելի քան 500 000 մարդ: Հայաստանի բնակչության ավելի քան մեկ երրորդը մասնակցել է Երկրորդ Համաշխարհային Պատերազմին: Նրանցից տուն է վերադարձել յուրաքանչյուր երկրորդը: Հայկական դիվիզաներից մեկը հասել է Բեռլին և մայիսի 9-ին պարել հայկական քոչարին Ռեյխստագի շենքի դիմաց:

Մեկ օրվա մեջ համախմբված և ռազմական ոգով ներծծված այս երեք ամսաթվերը հայ ժողովրդի կողմից տոնվում է որպես «Եռատոն»: Հայ զինվորի ռազմական հաղթանակի տոնը` անկախ նրանից, թե որ բանակում է նա ծառայել: Կարևոր է մի բան` և´ Համաշխարհային պատերազմի տարիներին, և´ Արցախի Ազատագրման տարիներին, հայ զինվորականները կռվում էին չարի, ֆաշիզմի և մարդատյացության դեմ: Կռվեցին և հաղթեցին:

Եռատոնի տոնակատարությունը այս տարի յուրահատուկ տեսք ստացավ Թբիլիսիում: Մայիսի 7-ից 9-ը Թբիլիսիում կազմակերպվեց Եռատոնին նվիրված երեք միջոցառում: Մայիսի 7-ին երեկո տեղի ունեցավ Վիրահայոց Թեմին կից գործող «Հայարտուն» կենտրոնում: Մայիսի 8-ին «Ալիք Մեդիայի» հրավերով Հայաստանից համերգով Թբիլիսի էր ժամանել հայտնի երգիչ Ռուբեն Հախվերդյանը:

Մայիսի 9-ին Թբիլիսիի հայաբնակ թաղամասերից մեկում` Մետրոմշենում կայացավ անդրանիկ բացօթյա «Եռատոն-2016» փառատոնը: «Եռատոն-2016» փառատոնի նախաձեռնողը և կազմակերպիչն էր Վրաստանի Հայ Համայնքը:

Մի քանի հազար տեղի բնակիչներ և հյուրեր մայիսի 9-ին հավաքվել էին հայկական Մետրոմշենի հրապարակում, որպեսզի միասին տոնեին հայ ժողովրդի եռակի հաղթանակի տոնը: Իր պատմության մեջ առաջին անգամ հայկական Մետրոմշենի կենտրոնական հրապարակը հայկական տեսք ընդունեց: Հնչում էր հայկական երաժշտությունը, ծածանվում էին Արցախի և Հայաստանի ազգային դրոշները:

Մարդաշատ հրապարակում ելույթ էին ունենում քաղաքի լավագույն հայկական պարային համույթները` «Անի», «Վանք», «Ջեյրան», Վրաստանի Հայ Կաթոլիկ եկեղեցու «Մարիամ» պարային համույթը, և, իհա´րկե, Վիրահայոց Թեմի «Տարոն» պարային համույթը: Փառատոնին ելույթ ունեցան նաև Թբիլիսիի լավագույն հայ երգիչները:

Կային նաև հյուրեր: Տոնական փառատոնին էին միացել նաև վրացական ժողովրդական «Օցնեբա» պարային համույթը, որը կատարեց մի քանի վրացական ազգային պար` դրանով իսկ ընդգծելով հայ և վրաց ժողովուրդների միջև ընկերության բազմահազարամյա ավանդույթը:

«Շնորհակալություն այս փառատոնի կազմակերպիչներին: Ցավոք, մեր թաղամասում նման միջոցառումներ փաստացիորեն երբեք տեղի չեն ունեցել: Այսօր մենք եկել ենք ամբողջ ընտանիքով, որպեսզի միասին տոնենք Եռատոնը: Եկել ենք լսելու ազգային երգ-երաժշտություն, տեսնելու, թե ինչպես են պարում մեր երեխաները… Սա իսկական տոն է, որը մեզ շատ անհրաժեշտ էր:

Կարևոր է, որպեսզի Թբիլիսիի հայությունն ավելի ակտիվ լինի: Կարևոր է, որպեսզի մենք բոլորս միմյանց ճանաչենք, ընկերություն անենք և միասին ուրախանանք ընդհանուր հաղթանակով: Այսօրվա օրը տոն է ոչ միայն Մետրոմշենի բնակիչների, այլև քաղաքի ողջ հայության համար», -«Միության» հետ զրույցում ասաց հայկական Մետրոմշենի բնակիչ Արմեն Մովսիսյանը:

«Բացօթյա փառատոն անցկացնելու գաղափարը մենք շատ վաղուց ունեինք: Եվ ահա, 2016թ.-ը մեր համայնքի պատմության մեջ կմտնի որպես լավ ավանդույթներից մեկի` քաղաքի տարբեր հայկական թաղամասերում բացօթյա փառատոն անցկացնելու ավանդույթի սկզբնավորման տարի:

Այսօր աղջ աշխարհի հայությունը տոնում է Եռատոնը: Թիֆլիսահայությունը համայն հայության անբաժանելի մասն է: Ինչքան էլ ոմանք փորձում են համոզել, թե Թբիլիսահայերը «ուրիշ» են, մեկ է, չի ստացվի: Այո´, մենք ուրիշ ենք, բայց մենք հայ ենք, և մեր ազգը միասնական է: Հայերի միասնությունը երևում է հենց այստեղ` Շուշիի Ազատագրման Օրվան նվիրված տոնակատարությանը: Փառատոնին եկել են ինչպես երիտասարդներ, այնպես էլ ավագ սերնդի ներկայացուցիչներ: Բոլորն ուրախանում են, տոնում են:

Միասնության մեջ է մեր ուժը: Այդ ուժը երբեք ուղղված չի եղել ինչ-որ մեկի դեմ: Այն միշտ եղել է հավաքական, ստեղծարար: Բայց վա´յ նրան, ով կսխալվի և մեր բարությունը և խաղաղության մեջ ապրելու ցանկությունը թուլություն կհամարի: Դրա վառ ապացույցն է Մայիսի 9-ը», -«Միության» հետ զրույցում ասաց Վրաստանի Հայ Համայնքի Երիտասարդական և Ուսանողական Միությունների պատասխանատու Արթուր Միրզոյանը:

Օրացույց