Ռեպրեսիվ օրինագիծ

հոկտեմբեր 03, 2013 - 12:52        Viewed: 2781       

Սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Վրաստանի խորհրդարանը սկսել է աշխատել «Պետական լեզվի մասին» օրենքի վրա: Տարածված տեղեկության համաձայն, նշված օրենքի հիմնական նպատակը Վրաստանում պետական լեզվի (վրացերենի) պահպանման և զարգացման երաշխիքների ստեղծումն է: Լեզվի պահպանման մեխանիզմները նախատեսում են այն անձանց (ֆիզիկական և իրավաբանական) տուգանում, որոնք չեն ենթարկվի նշված օրենքով սահմանված նշումներին:

Տարածված տեղեկության համաձայն, նշված օրինագիծը սեպտեմբերի 26-ին քննարկվել է Խորհրդարանի Կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նիստին, սակայն Վրաստանի Խորհրդարանի պաշտոնական կայք-էջում ակնարկ անգամ չկա սեպտեմբերի 26-ին կայացած հանձնաժողովի նիստի վերաբերյալ, իսկ հանձնաժողովի սեպտեմբերի 25-ի նիստի արձանագրությունում չի նշվում «Պետական լեզվի մասին» օրինագծի մասին և համապատասխանաբար նրա քննարկման հարցը:

Օրինագծի մասին տեղեկություն ստացանք միայն Վրաստանի Գիտության Ակադեմիայի կայք-էջից, որտեղ տեղադրված է օրինագծի աշխատանքային տարբերակը:

Ակադեմիայի կայքում տեղադրված փաստաթուղթն ուսումնասիրելիս պարզվում է, որ նշված օրինագծի համաձայն պետական լեզվի կիրառման տեսանկյունից ծրագրվում  է խիստ վերահսկել պետության կյանքի համարյա բոլոր ոլորտները (ԶԼՄ-ներից և կրթական հաստատություններից մինչև տեղական, տարածաշրջանային վարչություններ): Սակայն օրինագծում ոչինչ նշված չէ պատժի մասին:

«Պետական լեզվի մասին» օրինագծի մանրամասները ճշտելու նպատակով կապ հաստատեցինք Վրաստանի Խորհրդարանի Կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի հետ:

«Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» լրատվական կենտրոնի հարցերին պատասխանում է Վրաստանի Խորհրդարանի վերոնշյալ հանձնաժողովի առաջատար մասնագետ – Օթար Բեժիտաշվիլին:

Վրաստանի Սահմանադրությունում վրաց լեզվին շնորհված է պետական լեզվի կարգավիճակ: Ինչո՞վ է պայմանավորված սեպտեմբերի 26-ին քննարկած օրինագծի ընդունման անհրաժեշտությունը:

-Սահմանադրությունում գրված է ընդհանուր կերպ: Բոլոր երկրներում կան նման օրենքներ: Սա մեր քմահաճույքը չէ, որ լեզվի օրենք պետք է գոյություն ունենա և երկրորդ՝ լեզվի մասին օրենքի հետ կապված ցանկացած խնդիր նշված է «Վրացական երազանք»-ի նախընտրական ծրագրում: Այնտեղ մանրամասն գրած է, որ այս մասին պետք է գոյություն ունենա օրենք, պետք է ստեղծվի հանձնաժողով և պետական մարմին:

Նշված օրինագիծն իրենից ներկայացնում է պետական լեզվի պահպանման և զարգացման երաշխիք: Միևնույն ժամանակ ոչպետական լեզուների պահպանման երաշխիքների մասին նշված չէ ոչ մի օրենսդրական ակտում: Չեք համարու՞մ արդյոք, որ նման մոտեցումը խտրական է այլ լեզուների նկատմամբ (ի նկատի ունեմք այն լեզուները, որոնք ավանդաբար գործածում են երկրի քաղաքացիները – հայերեն, ադրբեջաներեն):

-Իսկ կա՞ դրա անհրաժեշտություն: Միջազգային ստանդարտների պահանջն է: Ոչպետական լեզուների հետ կապված նշված օրինագծում գրված է, որ պետությունը հոգ է տանում, ուշադրություն է հատկացնում և ապագայում կլինեն ծրագրեր և այլն: Ուստի, այն, որ ոչ մի տեղ չի նշվում ոչպետական լեզուների իրավունքների մասին, հենց այդ պատճառով է անհրաժեշտ այս օրենքի ընդունումը, որպեսզի այնտեղ որոշ կետեր լինեն նաև ոչպետական լեզուների մասին:

Այն բանից հետո, երբ կընդունվի այն օրինագիծը, հնարավո՞ր է թե՞ ոչ «Տարածաշրջանային լեզուների մասին եվրոպական կանոնադրություն»-ի վավերացումը:

-Սա արդեն Արտաքին գործերի նախարարության արտոնությունն է և ես ոչինչ չեմ կարող ասել: Խորհրդարանը կվավերացնի միայն այն դեպքում, եթե պետության կողմից նախագահը կամ կառավարությունը ստորագրեն: Մեր հանձնաժողովում դեռ նման օրինագծի վրա չենք աշխատում և ինչ կլինի ապագայում՝ չգիտեմ:

Տարածված տեղեկության համաձայն, օրենքը նախատեսում է ռեպրեսիվ միջոցներ – պատիժներ և տուգանումներ այն անձանց նկատմամբ, որոնք չեն կարողանա լիովին բավարարել օրենքի դրույթները: Որքանո՞վ է ճիշտ, որ պետական լեզվի ուսուցման դրդապատճառ լինի պատիժը կամ տուգանքը:

-Այստեղ խոսքը այն մասին է, որ այդ օրենքը վերաբերում է Վրաստանի բոլոր քաղաքացիներին: Պատժամիջոցները կիրառվում են ոչ թե ազգային փոքրամասնությունների, այլև պետծառայողների, պաշտոնյաների և իրավաբանական անձանց նկատմամբ: Կիրառվելու են նաև պատժամիջոցներ առանձին անձանց նկատմամբ և այս ամենը ուժի մեջ կլինի միայն 2015 թվականից:

Ե՞րբ է ծրագրվում նշված օրինագծի քննարկումը պլենար նիստին և ծրագրվու՞մ են թե՞ ոչ խորհրդակցություններ լեզվական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:

-Այս օրինագիծը դեռևս գրանցված չէ և սա աշխատանքային տարբերակն է: Դեռ վաղ է խոսել նման մանրամասների մասին՝ թե ե՞րբ է քննարկվելու կամ ընդունվելու օրենքը: Գրանցվելուց հետո կանոնի համաձայն կքննարկվի նիստին:

Խորհրդակցություններ արդեն եղել են և ապագայում անպայման կլինեն:

Օրացույց