Վիրահայերը համերաշխ են հույն ժողովրդի հետ. Հանցագործը պետք է պատժվի

մայիս 19, 2016 - 20:19        Viewed: 2072       

«Մենք վրդովված ենք, որ հարյուր հազարավոր անմեղ հույներ սպանվել են այն տարիներին: Սկսած 1916թ.-ից մինչ 1923թ. մարդկանց սպանել են, կենդանի այրել, աքսորել սեփական տներից: Այն աննախադեպ դաժանությունները, որոնք իրականացրել են երիտթուրքերը, շարունակվել են նաև Աթաթուրքի օրոք, երբ Թուրքիայի հունական բնակչությունը փաստացիորեն ամբողջությամբ ոչնչացված էր: Արդեն իսկ Թուրքական Հանրապետության տարիներին տեղի էր ունենում հույների անթաքույց ջարդը, և ոչինչ չէր կանգնեցնել դահիճներին: Հրաման կար` ոչնչացնել քրիստոնյաներին, ոչնչացնել հույներին, հայերին, ասորիներին…

Այսօր մենք ասում ենք` մենք չենք մոռացել, մենք հիշում ենք և միշտ կհիշենք ու կպահանջենք արդարություն: Մենք չենք կարող մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել մեր եղբայրների, քույրերի, ծնողների հետ… Պոնտոսի հույները կհիշվեն հավերժ:

Մենք շնորհակալ ենք այն երկրներին, որոնք խիզախություն են դրսևորել և աջակցել մեր արդար պահանջին: Մենք շնորհակալ ենք Հայաստանի Խորհրդարանին, որը ճանաչել և դատապարտել է 1916-23թթ. հույն ժողովրդի Ցեղասպանության փաստը: Հայաստանի Խորհրդարանը ճիշտ գնահատական է տվել այն իրադարձություններին, որոնք, ցավոք, տեղի են ունեցել անցյալ դարում: Շատ երկրներ վախենում են ճշտի կողմնակիցը լինել միայն Թուրքիայի արձագանքի պատճառով:

Ողջ աշխարհը պետք է իմանա, որ հույները երբեք չեն մոռանա այն սարսափելի տարիները, երբեք չեն հաշտվի հանցագործության հետ և չեն ների իր մեղքը չխոստովանած հանցագործին», -«Միության» հետ զրույցում հայտնեց Վրաստանի Հույների Դաշնության նախագահ պարոն Ֆոտի Չիտլիդիսը:

Մայիսի 19-ին ողջ քաղաքակիրթ աշխարհը հարգում է 1916-23թթ. թուրքական պետության կողմից իրականացված Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Թուրքական ցեղասպան քաղաքականությունը խլել է Պոնտոսի ավելի քան 300 000 հույնի կյանք, որոնց ընդհանուր քանակը ХХ դարասկզբին չէր գերազանցում 600 000-ը:

Պոնտոսյան հույների զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Վրաստանի Հույների Դաշնությունը սգո արարողություն է անցկացրել. Թբիլիսիի Ալեքսանդր Նևսկու անվան ռուսական ուղղափառ եկեղեցում անցկացվեց Ցեղասպանության տարիներին անմեղորեն զոհված Պոնտոսի հույների հոգեհանգստի արարողությունը:

Թուրքական պետության ցեղասպան քաղաքականության զոհը դարձած հայ ժողովուրդը համերաշխ է ցեղասպանություն հանցագործությունը վերապրած բոլոր այլ ազգերի հետ:

Մայիսի 19-ին Վրաստանի Հայ Համայնքի և Վիրահայոց Թեմին կից «Հայարտուն» մշակութալուսավորչական կենտրոնի ներկայացուցիչների պատվիրակությունը մասնակցեց Պոնտոսի Հույների Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո արարողությանը և իր լիակատար համերաշխությունը հայտնեց հույն ժողովրդին արդարության վերականգնման հարցում: Թբիլիսիում բնակվող հայ և հույն համայնքների ներկայացուցիչները միասին աղոթեցին Ցեղասպանության զոհերի հոգու հանգստի համար և հաստատեցին իրենց հավատարմությունը պայքարին` հանուն լիակատար արդարության վերականգնման:

Սգո արարողության ավարտին «Միություն»-ը զրուցեց Վրաստանում Հունաստանի Հանրապետության լիազոր դեսպան Գեորգիուս Խազիմիխելակիսի հետ:

Ինչո՞ւ է կարևոր արդարություն պահանջել, պահանջել Կոստանդնուպոլսի, Արևմտյան Հայաստանի վերադարձը: Ինչո՞ւ է կարևոր, որպեսզի Թուրքիան ճանաչի հույն և հայ ժողովուրդների հանդեպ իրականացրած իր հանցագործությունը:

- Նրանք չեն կարող ուղղել այն, ինչ իրենք արել են: Տվյալ պահին: Բայց նրանք կարող են գոնե ճանաչել և պատասխանատվություն կրել թափված արյան համար:

Եթե նրանք ցանկանում են դառնալ քաղաքակիրթ աշխարհի լիիրավ անդամ, նրանք պետք է պատասխանատվություն կրեն: Կան բաներ, որոնք շարունակվելու իրավունք չունեն: Ձերը դա ձերն է, բայց իմն էլ է իմը: Պատմական փաստ է, որ այդ վայրագությունները, որոնք իրականացվել են ХХ դարասկզբին Օսմանյան Կայսրության, իսկ հետո արդեն Թուրքական Հանրապետության կողմից, ոչ այլ ինչ են, եթե ոչ Ցեղասպանություն: Ցեղասպանությունը եղել է:

Շարունակել աչքերը փակել, և առավել ևս հերքել, դա ճիշտ չէ: Եթե Թուրքիան կարծում է, որ նա կարող է շարունակել հերքել, այդ ժամանակ մենք ավելի բարձրաձայն պետք է խոսենք մեր իրավունքների մասին:

Այն միջոցառումը, որն այսօր տեղի ունեցավ եկեղեցում, դա փոքրիկ քար էր, որը մենք նետեցինք հիշողությունների լիճը:

Ոչ ոք չի ասում` եկեք նորից սպանենք միմյանց: Բայց երբ դու ուզում ես մտնել հարգված ակումբ, դառնալ Եվրամիության անդամ, դու գոնե պետք է ճանաչես այն, ինչ արդեն արել ես:

Թուրքիան ասում է մեզ` դարձրեք մեզ Եվրամիության անդամ, բայց մեր սխալները, այդ թվում նաև Կիպրոսում, ես չեմ ճանաչելու: Դա սխալ է: Երկրները պետք է ճանաչեն իրենց սխալները և պատասխանատվություն կրեն:

Օրացույց