Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի բնակիչները դեմ են նոր օրինագծին

հոկտեմբեր 04, 2013 - 13:24        Viewed: 2715       

«Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ»-ը հայտարարություն տարածեց, որում դիմում է Վրաստանի կառավարությանը՝

 

« Օրերս Վրաստանի ակադեմիական շրջանակները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերում է Վրաստանի պետական լեզվի չափանիշների խախտման դեպքում տուգանքների կիրառմանը:  Նախաձեռնությանն արձագանքել է խորհրդարանի կրթության կոմիտեն, ինչից կարելի է եզրակացնել, որ վերջինս շուտով կընդունվի խորհրդարանի կողմից և կստանա օրենքի ուժ, որը կտարածվի ինչպես պետական հաստատություններում աշխատող անձանց, այնպես էլ՝ լրատվամիջոցների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների և այլ շրջանակների վրա:   

Հիշեցնենք, որ այս գործընթացն իր դրսևորումներն էր ունեցել նաև 2012 թ. իշխանափոխության օրերին, երբ Բ. Իվանիշվիլու թիմակիցների կողմից հայտարարվեց այսպես կոչված “Լեզվի ոստիկանության” ստեղծման մասին:  

Ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանի ամբողջական տարածաշրջաններ բնակեցված են ոչ վրացական ազգություններով, իսկ վրացական իշխանությունները մինչ օրս չեն ստորագրել կամ վավերացրել բնիկ ժողովուրդներին և ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքներին վերաբերող  միջազգային փաստաթղթերը, դրանց միանալու դեպքում էլ՝ երկրում չեն մշակվել և կիրառության մեջ դրվել համապատասխան օրենքները, վերոնշյալ ողջ գործընթացն իր անմիջական ազդեցությունն է գործելու Վրաստանի կազմում գտնվող մի շարք տարածաշրջանների, այդ թվում՝ Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայահոծ  շրջանների հայության վրա: Միջազգային պարտավորություների չկատարման, օրենսդրական այսպիսի բացի պայմաններում վրացական իշխանությունների այսպիսի քայլերը նշյալ հայահոծ տարածաշրջաններում տեղի են տալու նոր հուզումների, կրկին մեծանալու է վրացական իշխանությունների հանդեպ անվստահությունը, խորանալու է ջավախահայության մեկուսացումը պետական ինստիտուտներից:

Նշյալ և այլ բացասական գործընթացներից խուսափելու համար Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը պահանջում է վրացական իշխանություններից, որ վերջիններս զերծ մնան իրենց ծրագրերի հանդեպ երկակի ստանդարտների կիրարկումից և նման գործընթացներ սկսելու շրջանակներում շուտափույթ կերպով ձեռնամուխ լինեն խնդրո առարկա տարածաշրջանում հայերենին տարածաշրջանային կարգավիճակ շնորհելուն: Դրանով նաև Վրաստանի նոր իշխանությունները կապացուցեն, որ պահպանում են իրական ժողովրդավարությանը հավատարիմ լինելու իրենց որդեգրած քաղաքական ուղեգիծն ու դրանով իսկ տարբերվում են նախորդ իշխանություններից: 

Ի վերջո՝ ժամանակն է ընդունելու, որ բազմահազար ջավախահայեր բնիկ լինելու հետ մեկտեղ նաև հարկատու են, ինչպես երկրի բնիկ և հարկատու վրացիները, և ջավախահայերը ևս իրավունք ունեն սեփական լեզուն կիրառելու վարչական օղակներում կամ պետական միջոցներով պաշտպանելու այն, ինչպես փորձ է արվում ներկայումս՝ պաշտպանելու վրացերենը: Սա է իրական ժողովրդավարությունը:»

«Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկականհասարակական կազմակերպությունների խորհուրդ»

 

Սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Վրաստանի խորհրդարանը սկսել է աշխատել «Պետական լեզվի մասին» օրենքի վրա: Տարածված տեղեկության համաձայն, նշված օրենքի հիմնական նպատակը Վրաստանում պետական լեզվի (վրացերենի) պահպանման և զարգացման երաշխիքների ստեղծումն է: Լեզվի պահպանման մեխանիզմները նախատեսում են այն անձանց (ֆիզիկական և իրավաբանական) տուգանում, որոնք չեն ենթարկվի նշված օրենքով սահմանված նշումներին:  

 

Օրացույց