ՈւՂԵՐՁԸ

մայիս 26, 2016 - 08:28        Viewed: 1133       

Վրաստանի Հայ Համայնքի ուղերձը

վրացական պետականության վերականգնման 25-ամյակի կապակցությամբ

 

Ցանկացած հոբելյան և ամսաթիվ ետ նայելու լավ հնարավորություն է ընձեռում` գնահատելու ներկան և ուրվագծելու ապագան: 25 տարի առաջ մեր երկիրը վերականգնեց իր պետականությունը: Վրաստանի բնակչությունը քաղաքացի դառնալու որոշում ընդունեց և իր վրա երկրի ապագայի պատասխանատվությունը ստանձնեց:

Անցյալ քառորդ դարը հեշտ չէր վրաց պետության համար: Երկիրն անցավ պատերազմների, ավերումների, անկումների կրակի միջով, որոնց մեծ մասն անմիջականորեն կապված էր ինչպես երկրի ղեկավարության, այնպես էլ հասարակության` այս հողի ներկայի և ապագայի հանդեպ պատասխանատվության բավարար հասկացության բացակայության հետ:

Ամենալուրջ կորուստներից մեկը, որը կրել է մեր պետությունը իր անկախության 25 տարիների ընթացքում, այս հողի հետ հազարամյակներով կապված քաղաքացիների ամբողջական խմբերի զանգվածային արտահոսքն է: Հարյուր հազարավոր իր քաղաքացիների կորստի հիմնական պատճառն է հանդիսանում այն փաստը, որ Անկախ պետությունը իր երիտասարդության պատճառով չկարողացավ հասկանալ և ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանար իրեն պետքական զգալ այս պետությանը: Ցավոք, բայց Անկախության 25 տարիների ընթացքում մեր երկրում այսօր էլ օրակարգային է փաստացի Անկախության և Ազատության ձեռք բերման գործընթացում բոլոր խմբերի լիարժեք ներառվածության հարցը:

Անցած տարիների, իրադարձությունների և սխալների փորձը պետք է դաս հանդիսանա ինչպես իշխանության, այնպես էլ Վրաստանի ողջ Հասարակության համար: Միայն համընդհանուր համաձայնության ոգով` հիմնված առանց բացառության բոլոր քաղաքացիների և խմբերի ինքնության հարգանքի վրա, մեր պետությունը կարող է ձեռք բերել Իրական Անկախություն: Կարող է դառնալ կամավոր ձգողական կետ բոլոր նրանց համար, ովքեր ստեղծված պայմաններից ելնելով` իրենց ապագան տեսել են վրացական պետության սահմաններից դուրս:

Գիտակցելով և ընդունելով մեր երկրի բազմազանությունը` սրտանց շնորհավորում ենք Վրաստանի բոլոր քաղաքացիներին պետականության վերականգնման 25-ամյակի կապակցությամբ: Թո´ղ Աստված պահպանի խաղաղություն և բարեկեցություն այս հողի վրա, իսկ քաղաքացիները հոգ տանեն իրական Անկախության ձեռք բերման և Վրաստանի զարգացման մասին:

Օրացույց