Կարո՞ղ է արդյոք Վաչիան գյուղի դպրոցի Հոգաբարձուների Խորհուրդն օգտվել իր լիազորություններից

մայիս 30, 2016 - 06:22        Viewed: 1443       

Վրաստանի Կրթության և Գիտության նախարարության տարածած հայտարարության համաձայն` մինչ հունիսի 10-ը երկրի ամբողջ տարածքով մեկ կկայանան հանրային դպրոցների Հոգաբարձուների Խորհրդի ընտրությունները: Երկրում գործող օրենսդրության համաձայն` Հոգաբարձուների Խորհուրդը մի մարմին է, որն իրավասու է ընտրել դպրոցների տնօրեններին:

«Հոգաբարձուների Խորհուրդը մրցույթով անցած թեկնածուներից, ըստ ցուցակի, գաղտնի քվեարկությամբ հավասարության և ընտրության ազատության հիման վրա ընտրում է դպրոցի տնօրենին» («Միջնակարգ կրթության մասին» Վրաստանի օրենք, կետ 2, հոդված 42):

Մինչդեռ, ինչպես պարզվում է, մեր երկրում նաև գոյություն ունեն այնպիսի հանրակրթական հաստատություններ, որտեղ օրենքը ամբողջ ուժով չի գործում:

Մի քանի օր առաջ Jnews համացանցային հրատարակչությունը հոդված է հրապարակել «Վաչիան գյուղում դպրոցի տնօրեն են ընտրում» վերնագրով: Տվյալ հոդվածում խոսքը վերաբերում է վերոնշյալ գյուղի դպրոցի տնօրենի ընտրության գործընթացին: Կարծես թե սովորական բան է… Մինչդեռ, շրջանում տիրող իրականությունը որոշակիորեն տարբերվում է այն իրականությունից, որը պետք է գոյություն ունենա ողջ երկրի տարածքում:

Տվյալ հոդվածում բերված է տեղի Ռեսուրս Կենտրոնի ղեկավար ոմն Թերեզա Չիվչյանի մեկնաբանությունը: Տվյալ մեկնաբանությունն էլ Վաչիան գյուղի դպրոցի տնօրենի ընտրությունների հանդեպ խմբագրության ուշադրությունն է գրավել: «Դպրոցի հոգաբարձուների խորհուրդը չի կարող լուծել այդ հարցը (դպրոցի տնօրենի ընտրություն -խմբ.): Մեկ շաբաթվա ընթացքում նախարարությունը կնշանակի Վաչիան գյուղի տնօրենին», - jnews-ի հետ զրույցի ընթացքում հայտնել է տեղի Ռեսուրս Կենտրոնի ղեկավարը:

«Միություն» խմբագրությունը հետաքրքրվել է, թե, այնունամենայնիվ, ինչ է կատարվում Վաչիան գյուղում, որ դպրոցի Հոգաբարձուների Խորհուրդը չի կարող օգտվել իր այն նույն իրավունքներից, որոնք ունեն երկրի մյուս բոլոր հոգաբարձուների խորհուրդները: Ինչո՞ւ են Հոգաբարձուների խորհրդին զրկում իր հիմնական լիազորությունից:

Պարզվում է, որ գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնն ունի երեք թեկնածու: Միակ թեկնածուն, որն ունի դպրոցի Հոգաբարձուների Խորհրդի համընդհանուր աջակցությունը, Արևիկ Գաբրիելյանն է: Ի տարբերություն այլ թեկնածուների` նա այն գյուղի բնակիչ է, որտեղ և գտնվում է դպրոցը:

Մայիսի 13-ին տեղի է ունեցել դպրոցի Հոգաբարձուների Խորհրդի նիստը: Խորհրդի նիստի ընթացքում մի շարք այլ հարցերի հետ նաև քննարկվել է տնօրենի պաշտոնի թեկնածուների հարցը: Վաչիան գյուղի դպրոցի Հոգաբարձուների խորհուրդը լիովին աջակցություն է հայտնել` հօգուտ Արևիկ Գաբրիելյանի: Փաստաթղթերն ուղարկվել են երկրի Կրթության նախարարությանը:

Զարմանալի չէ, որ դպրոցի Հոգաբարձուների Խորհրդի տվյալ դիրքորոշումը առաջացրել է մյուս թեկնածուների զայրույթը: Դատելով ամեն ինչից` հենց այս զգացմունքային իրավիճակն էլ նրանցից ոմանց դրդել է ապատեղեկատվության տարածմանը… Ինչպես ասում են, պատերազմի ժամանակ բոլոր մեթոդներն արդարացված են… Մինչդեռ, այդ երբվանի՞ց գյուղական դպրոցի տնօրենի` գործող օրենքով փուլ առ փուլ գրված ընտրությունները ռազմական գործողություններ են համարվում: Ամեն դեպքում ամեն ինչ դեռ առջևում է:

Վաչիան գյուղի դպրոցի տնօրենների թեկնածուների ցանկն արդեն ներկայացված է Վրաստանի Կրթության նախարարությանը: Այն բանից հետո, երբ նախարարությունը կհաստատի տվյալ ցանկը, տեղի կունենան ընտրությունները: Լիազորված մարմինը` դպրոցի Հոգաբարձուների Խորհուրդը, օրենքով հաստատված կարգի համաձայն` կընտրի իր նոր տնօրենին: Ամեն դեպքում այդպես պետք է լինի ըստ երկրում գործող օրենքի:

Օրացույց