Ինչու՞ է քաղաքապետարանը կեղծում իր իսկ քաղաքի պատմությունը

հոկտեմբեր 09, 2013 - 22:45        Viewed: 2483       

Անցյալ հանգստյան օրերին քաղաքը տոնում էր իր ծննդյան օրը: Քաղաքի կենտրոնում կազմակերպված էր միջոցառումների մի ամբողջ շարք`սկսած ավանդական շուկաներից և վերջացրած ժողովրդական համույթներից ու դասական երաժշտությունից: Ընդհանուր մթնոլորտն, իհարկե, ուրախ էր: Մարդիկ ուրախանում էին, շնորհավորում իրենց քաղաքին իր տոնի առթիվ: Այն մարդկանց մեծամասնությունը, ովքեր դուրս էին եկել` նշելու իրենց քաղաքի տոնը, օրվա վերջում անպայման  ընկերների և հարևանների հետ նստում էին սեղանի շուրջ` խմելու քաղաքի, «թիֆլիսցի» հասկացության, բոլորի միջև եղբայրության կենացը և կարևոր չէ, թե ո՞վ ի՞նչ ազգության է:

Ընդհանրապես Թբիլիսիում, հատկապես ավագ սերնդի մեջ, արմատավորված է "Թիֆլիսցու" գաղափարախոսությունը: Նրա հիմնական միտքն այն է՝ «ինչ տարբերություն ով ինչ ազգային պատկանելություն ունի. դու թիֆլիսցի ես, դա է ամենակարևորը: Մենք բոլորս` հայերը, վրացիները, ադրբեջանցիները, եղբայրներ ենք, որովհետև մենք թիֆլիսցիներ ենք»: Ամենազարմանալին այն է, որ այս մտքին ամենաշատը հավատում են հայերը`թիֆլիսահայերը: Եվ այստեղ խոսքը ոչ միայն ավագ սերնդի մասին է... Ավագ սերունդը այդ խորհուրդը փոխանցել է երիտասարդ սերնդին, և մեր երիտասարդները անհասկանալի պատճառներով, չնայած նրան որ հին Թիֆլիսը արդեն վաղուց չկա, մինչ այսօր շարունակում են հավատալ, որ մենք բոլորս թիֆլիսցիներ ենք և կապ չունի, թե ինչ ազգի ենք պատկանում:

Իսկապես, զարմանալի քաղաք է Թբիլիսին: Շատ վաղ ժամանակներ չէին, երբ հայերը կառուցողական աշխատանքներ էին կատարում Թբիլիսիում, ստեղծում էին Թբիլիսին: Հայերը ոչ միայն կառուցում էին, նրանք նաև ղեկավարում էին քաղաքը.  քաղաքի ինքնակառավարման մասին առաջին հիշատակման պահից (XII դար) մինչև Վրաստանի առաջին հանրապետության հռչակումը (1918թ), քաղաքն ուներ ավելի քան 40 ղեկավար-քաղաքապետ, որոնք ազգությամբ հայ էին: 40 և ավելի հայ քաղաքապետեր հիմնում էին քաղաք, գեղեցկացնում, զարգացնում քաղաքային ենթակառուցվածքն ու տնտեսությունը, քաղաքի կյանքը դարձնելով ավելի  հարմարավետ:

Այն հայերի համար, ովքեր ղեկավարում էին քաղաքը, իսկապես տարբերություն չկար, թե ով ինչ ազգության է: Իրենք հայեր էին, բայց գործերը, որոնք նրանք իրականացնում էին, արվում էին բոլոր նրանց համար, ովքեր ապրում էին Թբիլիսիում: Չենք սկսի թվարկել այն ամենը, ինչ կառուցվել է, ստեղծվել, նվիրվել  քաղաքին այն տարիներին, երբ քաղաքի ղեկավարները հայ քաղաքապետեր էին: Դա չէ տվյալ հոդվածի նպատակը: Կասենք միայն մի բան: Այսօր մենք ապրում ենք ոչ թէ Թիֆլիսում, այլ Թբիլիսիում: Սա լրիվ ուրիշ քաղաք է: Եվ միայն գիտակցելով և ճիշտ գնահատելով իրականությունը` մենք հնարավորություն ունենք մեր քաղաքը դարձնել ավելի արդար և հարմարավետ:

Եթե ոչ այնքան վաղուց էր, երբ քաղաքապետ կարող էր ընտրվել հայ և Քաղաքային խորհրդում հայերն ունեին զգալի ներկայացուցչություն, իսկ այսօր Սակրեբուլոյում (Քաղաքային խորհրդում), չկա ոչ մի հայ:

Դուք երբևէ այցելե՞լ եք քաղխորհրդի կայքէջ: Այնտեղ կա մի շատ հետաքրքիր բաժին՝ քաղաքի ղեկավարները: Այդ բաժնում նշված է միայն 9 ազգանուն և քաղաքի քաղաքապետերի կարճ կենսագրությունը:  Գուցե քաղխորհուրդը չուներ բավարար ժամանակ, որպեսզի ամբողջությամբ լրացներ տվյալ բաժինը և տեղադրեր քաղաքի բոլոր քաղաքապետերի կենսագրությունները, սակայն  հետաքրքիր է այլ փաստ: Ընտրված 9 քաղաքապետերից ուշագրավ են 2 ազգանուն՝ «Մատինով» և «Արղուտիշվիլի»: Կարդալով քաղաքապետ Մատինովի կենսագրությունը աչքի է ընկնում Մատինովի ազգանունը՝ փակագծերում նշված Մաթիաշվիլի: Հիշատակենք միայն այդ փաստը, որ ի ծնե Ալեքսանդրը կրում էր Մատինյանց ազգանունը: Նույն ազգանունն էլ նշված է եղել քաղաքապետի գերեզմանաքարին, որը գտնվում էր հայկական Վանքի բակում (որը  ավերվել է XX-րդ դարի 30-ական թվականներին, և նրա փոխարեն էլ այսօր գտնվում է Վրաստանի Մշակույթի նախարարությունը և  Արդարադատության Տունը): Քաղաքապետ Մատինյանցի օրոք էլ կառուցվել է Քաղխորհրդի ժամանակակից շենքը, բացվել Բաթումի-Թբիլիսի-Բաքու երկաթուղային գիծը, կառուցվել  ջրմուղը և այլն: Մատինյանցը մահից հետո քաղաքին կտակել  է  50 000 ռուբլի  (այն ժամանակների համար հսկայական գումար):

Արդեն ոչինչ չենք ասում «Արղութիշվիլի» ազգանվան մասին, որի գերեզմանաքարի վրա (թաղված է Երկայնաբազուկ-Արղությանց (Զաքարյանների  իշխանական տոհմ) դամբարանում, Սանահինի կուսանոցում) գրված է` «Փառահեղ հայ իշխանական սերնդի արժանի ներկայացուցիչ, կայսրական գերազանցություն, ծառայապետ, իրական պետական խորհրդական, իշխան  Նիկողայոս Բասեղյան Արղության-Դոլգոռուկի:»

Ինչու՞ է քաղաքապետարանը, այլանդակում,  կեղծում իր իսկ քաղաքի պատմությունը, որտեղ ապրում են մարդիկ, որոնք պնդում են, որ չկա ոչ մի տարբերություն, թե ո՞վ ինչ ազգային պատկանելություն ունի:

Օրացույց