Վրաստանի Խորհրդարանին կրկին կոչ են անում ճանաչել հայ ժողովրդի Ցեղասպանության փաստը

հունիս 08, 2016 - 21:19        Viewed: 1875       

Հունիսի 8-ին Վրաստանի Խորհրդարանի պլենար նիստի ընթացքում պատգամավոր Սամվել Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ շնորհակություն է հայտնում Գերմանիայի Բունդեսթագին Հայ ժողովրդի Ցեղասպանության մասին բանաձևն ընդունելու համար, ինչպես նաև կոչ է անում դեռևս Ցեղասպանության փաստը չճանաչած և չդատապարտած երկրներին հետևել Գերմանիայի և այլ քաղաքակիրթ երկրների օրինակին։

Հարկ է նշել, որ ի տարբերություն Վրաստանի Խորհրդարանում հայ ժողովրդի Ցեղասպանության մասին խոսելու նախկին փորձերին՝ այս անգամ օրենսդիր մարմնում չի գրանցվել որևէ դեպք-կոնֆլիկտ՝ կապված Ցեղասպանության փաստը ճանաչելու և դատապարտելու կոչի հետ։

Հարգելի ընթերցողին ենք ներկայացնում Սամվել Պետրոսյանի հայտարարության տեքստն ամբողջությամբ․

 

«Հարգելի´ գոծընկերներ,

Ընթացիկ տարվա հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը ճանաչեց և դատապարտեց հայերի Ցեղասպանությունը Օսմանյան Կայսրությունում։

Այս բարձր հարթակից ուզում եմ շնորհակալություն հայտնել Գերմանիայի Բունդեսթագին և ողջ գերմանացի ժողովրդին հարյուրամյա վաղեմություն ունեցող դեպքերին օբյեկտիվ մոտեցում ցուցաբերելու և պատմական արդարությունը վերականգնելու համար։

Նաև ցանկանում եմ կոչ անել բոլոր ժողովրդավարական երկրներին, որոնք դեռևս չեն ճանաչել հայ ժողովրդի Ցեղասպանությունը, հետևել Գերմանիայի և այլ երկրների օրինակին՝ ճանաչել և դատապարտել հայերի Ցեղասպանությունը։ Դրանով իսկ կանխել այլ ժողովուրդների հանդեպ նմանատիպ հանցագործության կրկնությունը։

Շնորհակալություն»։


Օրացույց