Ուխտագնացություն և տոնական համերգ Շահումյանում

հունիս 15, 2016 - 08:58        Viewed: 1131       

ՎիրաՀայոց Թեմ -Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի՝ «Գյուտ նշխարաց» տոնի առիթով, Վիրահայոց թեմի Մառնեուլի շրջանի Շահումյանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագին մասնակցում էին ինչպես տեղի բնակչությունը, այնպես էլ ուխտավորներ Թբիլիսիից և «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները:

Հընթացս Սուրբ Պատարագի՝ պատարագիչ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը, պատշաճորեն մեկնաբանեց օրվա խորհուրդը՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը, որը հայոց մեծագույն սրբերից մեկի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է: Հայոց Առաջին Հայրապետի նշխարները քրիստոնեական եկեղեցու ամենամեծ սրբություններից են: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում պահվող Լուսավորչի Սբ. Աջը Հայ եկեղեցու կարեւորագույն սրբություններից է, որով օրհնվում է սրբալույս մյուռոնը:

Տեր հայրը, ողջունելով Հայաստանից ուխտավորաբար Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցում գտնվող չորս ծառայասեր դպիրների ներկայությունը, տեղացի երիտասարդներին հորդորեց վերջիններիս օրինակով դեմքով դառնալ դեպի Մայր Եկեղեցի և ծառայասիրությամբ Տեր և սպասավոր լինել Հայոց Եկեղեցուն: Հավարտ  Սուրբ Պատարագի, Գյուտ նշխարաց տոնի առիթով, Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում Թբիլիսիից ժամանած «Հայարտուն» կենտրոնի ուժերով կայացավ տոնական համերգ:

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը՝ ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրերը փոխանցեց տեղի թիվ մեկ հանրային դպրոցի (տնօրեն՝ Արտյուշ Ուրումյան) ուսուցչուհի Ջուլիետա Սաղաթելյանին, թիվ երեք հանրային դպրոցի (տնօրեն՝ Աիդա Ազատյան) ուսուցչուհիներ Աելիտա Հովակիմյանին, Վարսիկ Գևորգյանին և Էմմա Չոբանյանին ՝ երիտասարդների հայեցի կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի համար: Ողջույնի խոսքով ելույթ ունեցան արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը, «Խաղաղության հիմնադրամի» նախագահ Գիորգի Թումասյանը: Նրանց կոչն էր լինել միասնական և ընդհանուր ուժերով պայքարել դժվարությունների հաղթահարման համար, դրսևորել առավել ակտիվություն և պատրաստակամություն:

Ներկաներին ողջունեց և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունն ու սերը փոխանցեց առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը: Հայր Սուրբը շահումյանցիներին պատգամեց հավատարիմ մնալ հայրերի հավատին և վերադառնալ դեպի մեր արմատները:

Այնուհետև «Տարոն» պարային խմբի պարուսույց Սուրեն Աբրամյանի հանդիսավարությամբ միմյանց հետևեցին դուդուկի, դհոլի հոգեհմա մեղեդին, Հենրիխ Պետրոսյանի, Ռուզաննա Միքայելյանի մեղմանուշ երգը և պարային խմբի ոգեշունչ պարը: Չնայած տեղացող անձրևին, շահումյանցիները մինչև վերջ մնացին համերգին, որն ավարտվեց տեղի բնակչության և «Հայարտուն» կենտրոնի պարային խմբի միասնական շուրջպարով:

Օրացույց