Անցյալը կենդանի հարթակ է ամուր կանգնելու և ապագային նայելու համար

հունիս 22, 2016 - 07:15        Viewed: 1232       

ՎիրաՀայոց Թեմ -Ճանաչված մանրանկարչուհի Գոհար Հակոբյանի հետաքրքրությունների աշխարհը լայնահուն է, նորը հայտնաբերելու անմնացորդ նվիրումով և ձգտումով: Ազգային մեծ սիրով տոգորված հայուհին իր հայրենիքի մասին ավելին իմանալու, նորը բացահայտելու որոնումների մեջ է: Նրա հետաքրքրությունների ուղին այս անգամ հասել էր Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը: Տեղանքի պատմությունը սերտելուց բացի, Գոհար Հակոբյանի ցանկությունն էր իր տեսածի,վառ տպավորությունների, անկրկնելի գեղեցկությունների մասին կիսվել հայրենակիցների հետ, առնվազն գունապատկերների միջոցով:

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպվեց Գոհար Հակոբյանի «Անհայտներ հայտնիի մասին...» գունապատկերների շոուն:

«Անցյալը կենդանի հարթակ է ամուր կանգնելու և ապագային նայելու համար», -այս կարգախոսով էլ Գոհար Հակոբյանը սկսեց իր շուոն, շուտով ներկաներին «տեղափոխելով» Հայաստանի Հանրապետություն, էջ առ էջ թերթելով նրա տարեգրությունը, ցույց տվեց այն վայրերը, որտեղ զարգացել է վանքաշինությունը, խաչքարագործությունը, քանդակագործությունը, ճարտարապետությունը,որը այնպես շռնդալից տարածվել է աշխարհով մեկ:

Պատմական հարուստ տեղեկատվությամբ, մասնագիտական ճշգրտությամբ վարող-մեկնաբանը նկարագրեց Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերը, այս պատմական գավառների պատմությունը, աշխարհագրական դիրքը, սահմանակցությունը այլ երկրների հետ, բնական հարստությունը և շրջակա բնության անկրկնելի գեղեցկությունը:

Առանձնապես տպավորիչ էր 13-րդ դարի Գլաձորի համալսարանի մասին պատմածը և գունապատկերները, այնտեղ դասավանդվող յոթ առարկաները, ընդունվելու համար պարտադիր քահանայական եռամյա կրթությունը և ազգի այն երևելիները, ում բախտ է վիճակվել կրթվել գիտության այդ հինավուրց օջախում. Ստեփանոս Օրբելյան, Եսայի Նչեցի, ապագայում համալսարանի ռեկտոր, Մոմիկ, Թորոս Տարոնացի, Ավագը, Հովհաննես Որոտնեցի: Գունապատկերների միջոցով ցուցադրվեց 13-14-րդ դարի կառույց Սպիտակավորը կամ Ծաղկավանքը, որտեղ և հանգչում է ազգային հերոս Գարեգին Նժդեհի աճյունի մի մասը:

Գոհար Հակոբյանը պատմեց այդ տեղանքի հոգևոր կենտրոնների, եկեղեցիների ու մենաստանների մասին, խոսեց դրանց ճարտարապետական ոճի, պատմական ճակատագրի և ներկա վիճակի մասին, բարձրաձայնելով դրանց անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը:

Հավարտ միջոցառման օրհնության և գնահատանքի խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազանը կարևորեց հոգևոր կյանքով ապրելու, Աստծու հետ խոսելու մարդու ապրելակերպը: Ամենազորին աղոթելու պահանջն է բացել ուղին դեպի գիտություն, որը մեծավ մասամբ ստեղծվել է վանքերում վանականների նվիրական ծառայության արդյունքում: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց Գոհար Հակոբյանի սերն ու հետաքրքրությունը մայր հայրենիքի պատմության, հոգևոր և մշակութային կոթողների նկատմամբ և կարևորեց ուսումնասիրածը ներկաներին փոխանցելու ձգտումը, հորդորեց նույն ոգևորությամբ շարունակել բարձրաձայնել հայտնիների անհայտ էջերի մասին: Գունապատկերների շոուն մեծ տպավորություն գործեց ներկաների վրա: 

Օրացույց