Դավիթ Մանուսաջյան. հիշատակի երեկո

հուլիս 19, 2016 - 07:17        Viewed: 1230       

ՎիրաՀայոց Թեմ -Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Թբիլիսիի Հայերի Վեհաժողով» ոչկառավարական կազմակերպության նախկին նախագահ (2012- 2015 թ.թ), թբիլիսահայ հասարակական գործիչ, վաղամեռիկ Դավիթ Մանուսաջյանի հիշատակի երեկոն: Թբիլիսիի Հայերի Վեհաժողովի նախաձեռնությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ իրականացած հիշատակի միջոցառումը նվիրված էր Դավիթ Մանուսաջյանի ողբերգական մահվան տարելիցին: Երեկոյին ներկա էին հանգուցյալի այրին, դուստրը, հարազատները, ընկերները, բարեկամներն ու ծանոթները:

Նախքան միջոցառման սկսվելը Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը կատարեց հոգեհանգստյան կարգ Դավիթ Մանուսաջյանի հոգու խաղաղության համար: Տեր Հայրը խոսեց Երկնային թագավորության մասին, արժևորեց Դավիթին՝ որպես իր ազգի, իր ընտանիքի և թբիլիսահայ հասարակայնության նվիրական զավակի, որի գիտակցական կյանքի սկզբունքը անմնացորդ նվիրումն էր հայ ժողովրդին, ի մասնավորի թբիլիսահայ համայնքին:

Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը բացելով հիշատակի երեկոն, Դավիթ Մանուսաջյանին անվանեց թբիլիսահայության խիղճը, ազգին ծառայության օրինակ և առաջարկեց մեկ րոպե լռությամբ խոնարհվել նրա հիշատակի առջև:

Երեկոն վարեց լրագրող, երաժիշտ Արտեմ Կիրակոզովը: Դավիթը գաղափարի մարդ էր, իսկական անհատականություն, սակայն նաև ողբերգական կերպար, որը դարձավ պատվախնդրորեն ապրելու, հայրենիքն անկեղծորեն սիրելու և հայրենիքով հպարտանալու օրինակ: Բանախոսը արժևորեց Եվգենյա Փարսադանովայի և Դավիթ Մանուսաջյանի ստեղծած գեղեցիկ հայկական ընտանիքը, հայաշունչ դաստիարակված չորս զավակներին:

Թբիլիսիի Հայերի Վեհաժողովի նախկին ղեկավարի մասին հուշեր պատմեցին և նրա մտքի խորության, փիլիսոփայական մտածելակերպի, մարդկային դրական հատկանիշների, անկեղծության, հավատարմության, մարդասիրության մասին խոսեցին ընկերները, ճանաչողները, մտերիմներն ու հարազատները:

Վերջում ելույթ ունեցավ հանգուցյալի այրին: Խոսելով վաղամեռիկ ամուսնու մասին, վերջինս ընդգծեց ամուսնու անսպառ ազգասիրությունը և իր ժողովրդին միասնական տեսնելու երազանքը: Տիկին Փարսադանովան երախտագիտություն հայտնեց Թբիլիսիի Հայերի Վեհաժողովին և «Հայարտուն» կենտրոնին՝ ամուսնու մահվան տարելիցը հիշատակի երեկոյով նշանավորելու համար:

Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին դրվագներ Դավիթի կարճատև, սակայն իմաստալից կյանքից, ներկայացվեցին հատվածներ Վիրահայոց թեմի և թբիլիսահայ համայնքի խնդիրների շուրջ տարբեր լրատվամիջոցներին տված նրա հարցազրույցներից:

Օրացույց