Ցանկացած պետության առաջնային պարտականությունն է իրավահավասարության և արդարության պայմանների ստեղծումը

նոյեմբեր 04, 2016 - 05:58        Viewed: 1234       

Կարող ենք երկար դատել այն մասին, «ինչպես մեզ խաբեց «նոր» կառավարությունը, ինչպես հիասթափացրեց մեզ և այլն»: Մինչդեռ: Գուցե նայենք խնդրին մի քիչ ուրի՞շ տեսանկյունից:

Երկրագնդի վրա չկա որևէ երկիր, որի քաղաքացիները գոհ լինեն իրենց Կառավարությունից: Սկսած Վրաստանից և վերջացրած ծաղկող Նորվեգիայից և Դանիայից, ամենուր քաղաքացիները պահանջում են Կառավարությունից կենսապայմանների բարելավում: Եվ ճիշտ էլ անում են, որ պահանջում են: Եթե Կառավարությունից չպահանջեն, էլ ումի՞ց պահանջեն: Ցանկացած Կառավարության գերագույն պարտականությունն է իր քաղաքացիների զարգացումն ու բարեկեցությունն ապահովելը: Խոսքն այն մասին չէ, որ պետությունը պետք է հոգ տանի կոնկրետ քաղաքացու «բարեկեցության և հաջողության մասին», ո´չ:

Պետության պարտականությունն է երկրում այնպիսի պայմաններ ստեղծել, որտեղ քաղաքացիները, անկախ իրենց մաշկի գույնից, ռասսայից, ազգությունից, կրոնից և այլն, կկարողանան օգտագործել իրենց անձնական պոտենցիալը, զարգանալ և ծաղկել` առաջ ընթանալ: Ցանկացած պետության առաջնային պարտականությունն է իրավահավասարության և արդարության պայմանների ստեղծումը բոլոր քաղաքացիների համար: Իսկ ահա կկատարի պետությունը իր պարտականությունները, թե՞ ոչ, դա արդեն ուղղակիորեն կախված է երկրի քաղաքացիներից:

Ցանկացած քաղաքական ուժ, որպեսզի հասնի իշխանության, միշտ կտա այնպիսի խոստումներ, ինչպիսիք ցանկանում է լսել ընտրողը: Դա հասարակ տրամաբանություն է: Այնպիսի երկրներում, ինչպիսին Վրաստանն է, իշխանության գլուխ եկած Կառավարությունը միշտ կգտնի «բացատրություն և արդարացում» իր անգործության և տրված խոստումները չիրականացնելու համար: Հարցն այն է, թե ի՞նչ պատասխան կտա դրան հանրությունը: Եվ այստեղ խոսքը «եկե´ք աջակցենք ընդդիմությանը» պատասխանի մասին չէ´… Ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ նույն բանն են: Ոչ ոք իր բարի կամքով չի սկսի լուծել մեր խնդիրները: Չի´ սկսի մինչև մենք չսկսենք դա պահանջել: Այն էլ պետք է պահանջենք ոչ թե մեկ անգամ, այլ պարբերաբար և հետևողականորեն: Եվ որ ամենակարևորն է` պահանջենք համախմբված և ոչ թե յուրաքանչյուրս առանձին:

Ահա այստեղ էլ թաքնված է մեր անհաջողությունների «բանալին»: Երկար տարիների ընթացքում մենք այդպես էլ չենք կարողացել այնպես դնել մեզ անհանգստացնող խնդիրների հարցադրումը, որպեսզի Կառավարությունը ստիպված լինի դրանք հաշվի առնել և լուծել: Դա, իհա´րկե, ունի բազմաթիվ պատճառներ, բայց հիմնական պատճառն այն է, որ այնտեղ, որտեղ մենք պետք է ցույց տայինք մեր միասնականությունն ու սկզբունքայնությունը, մենք ցուցաբերել ենք եթե ոչ հակառակը, ապա ամեն դեպքում ոչ տրամաբանականը և ոչ ցանկալին: Եվ դա էլ իր պատճառներն ունի… Բայց եթե մենք չսկսենք ուղղել և վերացնել մեր միաբանությանը խանգարող այդ պատճառները, ապա դժվար թե մեզ մոտ երբևէ ինչ-որ բան փոխվի:

Օրացույց