Սահմաներձ գյուղի կյանքը

դեկտեմբեր 13, 2016 - 06:47        Viewed: 1797       

Արևի վերջին ջերմությունը իրենց մեջքին զգալով գյուղամիջում հավաքված տարեցները, զրուցում են աշխարհի բան ու գործից, երկրի իրավիճակից: «Չորս տղա ունեմ, երեքը Ռուսաստաններն են, մեկը գյուղում է, ապրում ենք էլի, հիմա վարչապետ փոխվեց, տեսնենք մեր հալը ոնց կլինի, էս երկրի համար մի բան անեն, մենք էլ մի քիչ լավ ապրենք, թե չէ հոգնել ենք արդեն», -ասում է լուսաձորցի, ութ թոռների պապ 70-ամյա Ռազմիկ Այվազյանը:

Գյուղում անդորր է, հատուկենտ երևացող երեխաները դպրոցից տուն են գնում: Կանայք զբաղված են արքայանարնջի բերքահավաքով, ինչը ոչ միայն Լուսաձորի խորհրդանիշն է, այլ նաև ապրուստի հիմանական միջոցը:

Գյուղի դպրոցի գրադարանավարուհի Լիլիթ Պապյանը ասում է, տնամերձ հողամասից ստանում են մինչև 500 կգ արքայանարինջ, որն էլ հիմնականում տանում ու փոխանակում են Գեղարքունիքի մարզի գյուղերում աճող կարտոֆիլի, կաղամբի, պանրի հետ. «Արքայանարինջը 200-250 դրամ է, կարտոֆիլը 100, փոխանակում ենք երեքը`մեկով, ձմեռվա ապրուստի հարցն ենք լուծում գոնե այս ձևով: Վերավաճառողներն էլ են գալիս տեղից գնում ցածր գնով»:

Երևանից 143, իսկ հայ-ադրբեջանական սահմանից 17 կմ հեռավորության վրա գտնվող Լուսաձորում ապրում է 600 մարդ, վերջին տարիներին շատերը լքել են գյուղը, ինչի հետևանքով փոխվել է գյուղի դեմոգրաֆիական պատկերը, որն էլ ցայտուն արտացոլվում է գյուղի հիմանական դպրոցում:

21 տարի դպրոցի տնօրեն աշխատող Արմեն Սարդարյանը նշում է, որ լավագույն տարիներին դպրոցում սովորում էր 120 աշակերտ, այսօր`32. «Առաջին տարիներին երկու երկու, հետո արդեն տաս տասով սկսեցին պակասել: Առաջին դասարանում ունենք երկու աշակերտ, դասերն անում ենք կոմպլեկտավորված դասարաններում` աշակերտների քիչ լինելու պատճառով»:

Լուսաձորի համայնքապետ Վարդան Սարդարյանն էլ նշում է, որ վերջին մի քանի տարիներին 20 տնտեսություն է փակվել գյուղում: Գարնան ակզբում էլ գյուղից արտագնա աշխատանքի է մեկնում 40 տղամարդ: «Հիմա տարբեր ծրագրեր ենք իրականացնում, աշխատատեղեր ստեղծում երիտասարդներին տեղում պահելու համար: Հակառակ դեպքում մենք տանուլ կտանք, իսկ մեզ շարունակվել է հարկավոր», -ասում է գյուղապետ Սարդարյանը և հպարտությամբ նշում, որ հենց իրենց գյուղում արդեն երկու տարի է գործում է «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասը`մասնագիտացված պանրի ու կարագի արտադրության մեջ:

2012 թվականին Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի և Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի ներդրմամբ ստեղծվել է պանիրների «ՀիմնաՏավուշ» գյուղատնտեսական զարգացման ծրագիրը, որի հիման վրա էլ հետագայում բացվել է «Էկո Տավուշ»-ը: Այստեղ արտադրվում է հայկական պանրի 10 տեսակ`ֆրանսիական տեխնոլոգիայով: Ծրագրի շրջանակում Լուսաձոր համայնքում բացվել է անասնապահական ֆերմա, ևս յոթ մինի-ֆերմաներ Տավուշի սահմանամերձ յոթ համայնքներում, որոնք աշխատում են կոոպերատիվների սկզբունքով:

«Մեր հիմնական նպատակը սահմանամերձ գյուղերում գյուղատնտեսության զարգացումն ու աշխատատեղերի ստեղծումն է, որոնք մարզի բնակիչներին կպահեն իրենց համայնքում», -ասում է «Էկո Տավուշ»-ի տնօրեն Հասմիկ Գևորգյանը:

Անասնաֆերման այսօր ունի 98 գլուխ կովեր, կոոպերատիվներից յուրաքանչյուրումˋ 16-20 գլուխ: Հատուկ բարձր կաթնատվություն և յուղայնություն ունեցող ջերզի տեսակ կովերին Հայաստան են բերել Դանիայից, Ավստրիյաից էլ բերել են սիմենթալ ցեղատեսակը, որը տավարի կրկնակի մթերատու տեսակ է համարվում: Կենդանիներին վերաբերվում են հատուկ խնամքով, կթման արտադրամասում էլ միշտ դասական երաժշտություն է հնչում:

«Հիմնատավուշի» կոոպերատիվների համակարգող, անասնաբույժ Հմայակ Նազարյանի կարծիքով, կոոպերատիվների շատացումը կփոխի տարածաշրջանի տնտեսական պատկերը: «Էկո Տավուշ»-ը այսօր ունի 16 աշխատող`մարզի հինգ գյուղերից, համայնքներում գործող 7 կոոպերատիվներից յուրաքանչյուրին անդամակցում է 5-6 ընտանիք, ինչը կարծում եմ վատ ցուցանիշ չէ: Նվազագույն աշխատավարձը 150 հազար դրամ է, առավելագույնըˋ 300 հազար դրամ», -ասում է Նազարյանը և ավելացնում, որ հայկական կանաչիների`սամիթի, ուրցի, թարխունի համով արտադրված պանիրներն արդեն տեղական շուկայում են:

Լուսաձորի մանկապարտեզի երեխաներին ֆերման ապահովում է ամենօրյա կաթով, շուտով նաև կմատակարարեն կողքի`Խաշթառակ համայնքի մանկապարտեզին: «Մեր ընկերության սոցիալական պատասխանատվության քաղաքականության մաս է կազմում նաև արտադրանքի որոշ մասը հատուկ խավերին տրամադրելը: Ժամանակ առ ժամանակ պանրի տեսականի ենք տրամադրում մանկատներին, սահմանամերձ զորամասերին», - ասում է Հասմիկ Գևորգյանը:

Համայնքապետ Սարդարյանը նշում է, որ բացի անասնապահական ֆերմայից, այս տարի գյուղում 20հկ հողատարածքում թութուն են մշակել. «Գյուղի 6 ընտանիք ներգրաված էին այդ աշխատանքերում: Սովետական տարիներին այստեղ միշտ էին թութուն մշակում, կլիման բարենպաստ է այդ բույսի աճեցման համար»:

Նա ասում է, խորհրդային տարիներին լուսաձորցիները գրեթե հող չէին մշակում, մարդիկ աշխատում էին գյուղից 7 կմ հեռավորության վրա գտնվող Իջևանի գորգերի գործարանում, տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում. «Հիմա պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ներդրողները գան մեր տարածաշրջան, ծրագրեր իրականացնեք, որպեսզի գյուղացուն աշխատանք տալով պահենք գյուղում»:

Լուսաձորի կենտրոնում է գործում գյուղի չորանոցը, որը հիմնադրվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում, այստեղ գյուղացիները կարողանում են չորացնել սալորն ու արքայանարինջը:

«Չորանոցը արդեն 8 տարի է գործում: Երկու օրում մինչև 400 կգ սալոր են չորացնում, վճարում են միայն լույսի արժեքը, սա գյուղացիների համար շատ ձեռնատու է: Հատուկ վակուում սարքով նաև փաթեթավորում են ու հանում վաճառքի: Լուսաձորը մինչև 1,5 տոննա սալորաչիր ու նույնքան էլ արքայանարնջի չիր է վաճառքի հանում: Սակայն դա քիչ քանակ է արտահանումը կազմակերպելու համար՝ շահույթը շատ չի լինի», -բացատրում է Լուսաձորի գյուղապետը:

Գյուղի դպրոցում 32 տարի հայոց լեզու և գրականություն դասավանդող Սոնիկ Զեյնալյանն էլ հիշում է, թե ինչպես էին պատերազմի տարիներին կրակոցների տակ դաս անցկացնում աշակերտներով լցված դասարաններում.

«Սոցիալական վիճակի վատթարացման հետևանքով մարդիկ սկսեցին հեռանալ: Այսօր զրուցում էի դասի ժամանակ` վեց աշակերտներիս հետ, թե ով որտեղ կուզենար ապրել: Նրանցից միայն մեկը ցանկություն հայտնեց ապրել քաղաքում, հինգը այլ պատասխան ունեին. «Գերադասում ենք մեր գյուղը, բայց ոչ այս կյանքով»: Իրենք էլ են տեսնում ու հասկանում այն դժվարությունները, որոնք փորձում են հաղթահարել նրանց ծնողները»:

Գայանե Մկրտչյան

Օրացույց