Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում Վիրահայոց թեմում

հունվար 25, 2017 - 08:47        Viewed: 315       

ՎիրաՀայոց Թեմ -2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլում նենգաբար սպանվեց տեղի «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Մեծ հայրենասերի ողբերգական մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում, Հայաստանում և Հայկական Սփյուռքում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ: Անմասն չմնաց թբիլիսահայ համայնքը՝ Վիրահայոց թեմի գլխավորությամբ:

2017 թվականի հունվարի 21-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ կատարվեց Հրանտ Դինքի հոգեհանգստյան պաշտոն, որին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, համայնքային կառույցների ղեկավարներ, մտավորականներ, հավատացյալներ:

Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչմանն էր նվիրված թուրք լուսանկարիչ Ումուտ Վեդատի «Ո՞վ եմ ես» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը բացվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում:

Lքված շինություններ, ամայացած գյուղեր ու քաղաքներ, փլատակված վանքեր ու տաճարներ արտացոլող լուսանկարները բարձրաձայնում են ճշմարտությունը, ցույց տալիս Հայոց Ցեղասպանության հետքը, որն այնպես ջանադրաբար ձգտում է մոռանալ ու վերացնել թուրքական պետությունը: Ցուցադրված նկարներից ամեն մեկը հայոց պատմական հայրենիքի տարբեր շրջանների ողբերգական պատմության մի դրվագ է:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին հեղինակը՝ թուրք լուսանկարիչ Ումուտ Վեդատը, թուրքահայ Մուրադ Ալուչլուն, գրող Իրակլի Կակաբաձեն, ռեժիսոր Մալխազ Կուխիանիձեն, Վիրահայոց թեմի առաջնորդը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, տարբեր ազգերի մտավորականներ, արտասահմանցի հյուրեր:

Բացելով ցուցահանդեսը, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար «Լևոն Չիդիլյանը շնորհակալություն հայտնեց Ումուտ Վեդատին՝ թուրքական իշխանությունների վերաբերմունքը արհամարհելու, ցեղասպանության թեման բարձրաձայնելու, նաև Հրանտ Դինքի հիշատակը այս ցուցահանդեսով խնկարկելու համար:

Ումուտ Վեդատը անդրադարձ կատարելով Հրանտ Դինքի հիշատակին, խոսեց Թուրքիայում խոսքի ազատության, Հայոց ցեղասպանության թեմաների և լուսանկարների միջոցով արդարության ձայնը լսելի դարձնելու, հայերի դեմ թուրք ազգայնամոլների գործած ոճրագործությունները սերունդներին հասանելի դարձնելու իր նպատակի մասին:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնության և գնահատանքի խոսքում անդրադարձ կատարեց Հրանտ Դինքի ապրած կյանքին և գործունեությանը, կիսեց արժանավոր հայորդու ազատամտությունը, ժողովրդավարական գաղափարները, պայքարը ազգայնամոլության և ճշմարտության խեղաթյուրման դեմ:

Հրանտի Դինքի հիշատակի ոգեկոչմանը նվիրված ցուցահանդեսը նաև բողոք էր հայոց Ցեղասպանության կազմակերպիչների դեմ, նաև Թուրքիայում հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը պահպանելու պահանջ: Ցուցահանդեսը կշարունակվի ևս երկու շաբաթ:

Օրացույց