ՈւՂԵՐՁ ՀՀ Զինված ՈՒժերի վերակազմավորման 25-ամյակի առթիվ

հունվար 27, 2017 - 09:32        Viewed: 417       

Հայոց պետականության վերականգնումից հետո բարի ավանդույթ է դարձել Զինված Ուժերի վերակազմավորման տարեդարձը հիշատակելն ու տոնելը, ինչը դարեր շարունակ հայրենազուրկ հայության համար նվիրականացած երազանք է եղել:

Մինչ օրս համաշխարհային ասպարեզում ներկա շատ հնագույն ժողովուրդներ իրենց տոնացույցում չունեն ազգային անկախության տոն, քանի որ հազարամյակների ընթացքում կարողացել են ապահովել սեփական պետականության անընդհատությունը: Բագրատունյաց թագավորության և այնուհետև 1375թ. Կիլիկյան Հայաստանի անկումից հետո հայությունը հինգ դար շարունակ չէր կարողանում ուշքի գալ, թեև անգամ օտարների օժանդակությամբ պետականության վերականգնման փորձերը չէին ընդհատվում: Նման պայմաններում 1-ին համաշխարհային պատերազմի ընթացքում հայությունն իր իսկ հայրենական տարածքներում եղավ առաջին զոհը ծրագրված զանգվածային ոչնչացման քաղաքականության, որ հետագայում «ցեղասպանություն» պիտի որակվեր:

Ուր որ միայն հայության զինվորական հանճարը փայլեց` Վան, Մուսալեռ ևն, բազմիցս գերազանցող ցեղասպանը տեղի տվեց և դիմեց փախուստի: Մնացյալը ոչ միայն համայն մարդկության խարանն է, այլ, նախևառաջ, մեր պատմության ամոթալի և ողբերգական էջերից մեկը:

Հրաշք էր 1918-20թթ. Հայաստանի Հանրապետության ծնունդը և, ցավոք, կարճատև գոյությունը, ինչը, սակայն, հիմք պիտի դառնար «Հայաստան» անվամբ որևէ պետական կազմավորման ձևավորման հետագայում:

Ազատամարտի նոր ժամանակահատվածում հայոց պետականության և Զինված Ուժերի ձևավորումն ընթացավ համատեղ և համընթաց` փաստելով, թե մեր անվտանգության և կայուն միջավայրի գլխավոր երաշխավորն ու առհավատչյան միմիայն Հայոց Բանակն է:

Այս տարի մենք նշում ենք Հայոց բանակի վերակազմավորման 25-րդ տարեդարձը, ինչն անխզելիորեն կապված է 20-րդ դ. վերջին մեր ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի հետ: Երկար մի ժամանակահատված, ինչը, սակայն, ընդամենը մի փոքր հանգրվան է հազարամյակներով հաշվվող հայոց պատմության էջերում:

Հայոց բանակը վերածնվեց ազգային պետականության վերականգնման հետ միասին` դառնալով ՀՀ և հայ ժողովրդի անվտանգության հիմնական երաշխիքը: Մեր ազգային էպոսի հերոս Սասունցի Դավթի պես այն աճեց ու զորացավ, տոկաց հակառակորդի հարձակումների դեմ, կանգնեցրեց արյունարբու ոսոխին և, ի վերջո, հաղթական դուրս եկավ մեզ պարտադրված անհավասար պատերազմից:

Հայոց բանակն այն ուժն էր, որ կարողացավ սրբագրել վերջին հարյուրամյակում հայոց պատմության մեջ տեղ գտած ցավալի սայթաքումներն ու վրիպումները, 500 տարվա պետականության կորստից հետո առաջին անգամ ազատագրեց մեր հայրենական ու կենսական տարածքները և, ամենակարևորը` հայությունից թոթափեց պարտվողականության և անլիարժեքության դառը բարդույթները: Ապագայի պատմաբանները դեռևս կգնահատեն այս աստվածաշնորհ սխրանքը, քանզի Հայոց բանակը կազմավորվեց ուղղակի մարտական գործողությունների ընթացքում, ինչը որ չի տեղավորվում որևէ ռազմական տեսության շրջանակներում:

Հայ Զինվորը, ով մշտապես քաջի համբավն էր վայելում օտար դրոշների ներքո, այս անգամ կարողացավ համախմբվել Եռագույնով և սեփական կռիվը մղել հայրենական կենսական տարածքների ազատագրության ու պաշտպանության համար, ինչը պսակվեց փառքով ու պատվով: Վկան` վերստին հայացած Հայաստանն ու Արցախ աշխարհը, հարյուրամյակներ անց ազատագրված տարածքները, մեր հնօրյա ու նորօրյա նահատակները, ովքեր մեր պաշտպանության առերևույթ մատյան գունդն են կազմում այսօր:

Հակառակորդը քնած չէ և մշտապես փորձում է մեր զգոնությունը` նման փորձերն արդեն ամենօրյա զբաղմունքի վերածելով, համաձայն աշխարհաքաղաքական իրավիճակի և զարգացումների սեփական գնահատականների ու զգայական ընկալումների: Արդեն նախորդ տարվա ամռանը, ինչպես նաև վերջերս հակառակորդը կրկին պատժվեց նման փորձերի համար, քանի որ իր տեղում է Հայ Զինվորը:

Ապրիլյան պատերազմի օրերին հայ հասարակությունը կարողացավ վեր բարձրանալ առկա ներքաղաքական և ընկերային դառն իրողություններից ու հակասություններից` իր անվերապահ աջակցությունն հայտնելով հայրենիքի սահմանների և ազգի անդորրն հսկող Հայոց բանակին: Կրկին հաստատելով, թե ազգային կառույցներից, հատկապես, բանակի նկատմամբ վստահությունը չի կորսվել և հավատը չի մարել:

Վարկաբեկված բանակը չի կարող համալրվել և զորանալ նոր ուժերով, և ամենակարևորը` չի կարող առանց մարտական ոգու կասեցնել հակառակորդի փորձերը:

Որևէ ռազմական հակամարտության անպայման նախորդում է հոգեբանական պատերազմը: Պատերազմները շահվում են մինչ դրանց մեկնարկը` պայմանավորված մարտունակությամբ և բարոյահոգեբանական մակարդակով: Բարոյալքվելով և հոգեբանական պատերազմում պարտվելով` «առյուծն անգամ փիսիկ է դառնում»:

Պահպանենք մեր բանակի մարտական ոգին` այն չդարձնելով սին քննադատությունների և շահարկումների առարկա: Մեր բոլոր շքեղաշուք և փառավոր հաղթանակները մշտապես մեզ գերազանցած հակառակորդների դեմ ձեռք են բերվել անխախտ հավատքով սեփական ուժերի գերազանցության հանդեպ: Գերազանց ոչ միայն քանակով, սպառազինության և փորձառության մակարդակով, այլև հոգեկան: Եվ մեր զինվորներին ու սպաներին մշտապես պետք է ներարկվի անժամանցելի հավատքը սեփական գերազանցության մասին, որ առյուծը միայն մեր մեջ է և մեզնից դուրս առյուծ չկա: Կան միայն գայլեր և շնագայլեր, որոնք միշտ փախուստի պիտի դիմեն առյուծների ու արծիվների առջևից:

Հակառակորդին կմնա միայն իրեն հալածողներին հերթական անգամ ցույց տալու մեջքը և լքելու ասպարեզը:

Չի կարելի կոտրել այս հավատամքը, չի կարելի բարոյալքել Հայ Զինվորին և նրան սնուցող ժողովրդին:

Վարչակարգերը չեն, որ բնորոշում են ազգերի գոյությունը, և ոչ էլ հանիրավի ընդհանրացվող թերություններն Հայոց բանակին: Ի վերջո, եթե կենսական են այն սնուցող ավիշները, ապա որևէ թերություն անխուսափելիորեն վերանալու է ինքնամաքրմամբ:

Ահա այդ մարտական ոգին է, որ անգամ երիտասարդ զինվորների շրջանում հրաշքներ է գործում, և, առաջին հերթին, հենց նրանք են հասկանում հող հայրենին անխախտ պահելու անհրաժեշտությունը: Հավատքը, որ մենք արդար ենք և պետք է պաշտպանենք մեր նվաճումները: Այդ է, որ հակառակորդը որևէ դաշնակից երկրից որևէ գնով չի կարող արտահանել և օգտագործել մեր դեմ: Եվ դրա դեմ անզոր են գերժամանակակից բոլոր հարձակողական համակարգերն ու զինատեսակները:

Մնում է միայն մենք ինքներս գիտակցենք, թե աշխարհում մեր իրավունքների վերահաստատման պայքարի ունակությունների առաջին չափանիշը մարտունակ  ու նվիրյալ բանակի առկայությունն է: Փայփայենք այդ բանակը, և առկա թերությունների անհրաժեշտ քննադատության ընթացքում չընկնենք մոլուցքի մեջ, ինչը որ թշնամուց է կամ ուղղակիորեն ծառայում է նրա շահերին:

Ահա այս պայմաններում Հայոց բանակը տակավին իրականցնում է իր առաքելությունը` վերջնականապես մեր հաղթանակներն ամրագրելու նպատակով: Եվ, ցավոք, ունենում նաև զոհեր և թանկագին կորուստներ` հանձինս հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ նահատակված հերոս զինվորների:

Խնկարկում և փա~ռք մեր նորօրյա Վարդանանց վկաներին:

Այսօր Հայ Զինվորի կերպարը տակավին ոգևորում է մեր երիտասարդությանը: Եվ զինվորական դառնալը մենաշնորհ չէ, այլ մեծագույն պատիվ, քանզի հայրենիքի համար ամենամեծ զոհաբերության պատրաստը, առաջին հերթին, նրա դիրքերը հսկող տղամարդիկ են, ամենաիսկական այրերը: Եվ նաև «տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի»:

Նրանք են, որ վաղը պիտի լրացնեն մեր հրամանատարական-սպայական կազմի շարքերը` առաջնագույնը լինելով բոլոր զինվորների մեջ: Եվ նաև նրանք մեր զինվորներին պիտի առաջնորդեն սխրանքների ու հերոսացման ի փառս Ազգի և Հայրենիքի:

Լավագույն առաջնորդներն են, որ ի հայտ են գալիս ամենաօրհասական պահերին և առյուծահոգի լինելով` անգամ ոչխարներին առյուծների վերածում: Եվ հակառակը` դեպքերի բերումով առաջնորդ կարգված ոչխարն առյուծներին ևս իր նման ոչխարների է վերածում:

Միայն լավագույններից լավագույնները պետք է հավակնեն առաջնորդության`  վստահ իրենց հաղթանակների համար: Անվախներին ու խիզախներին Աստվածն ինքն է հաղթանակը պարգևում, իսկ կեղծ զգուշավորությունից ու ակնհայտ վախկոտությունից մինչև դավաճանություն կես քայլ է:

«Սահման քաջաց զէնն իւրեանց» -ոչ ոք դեռ չի կանխակայել այս հավիտենական ճշմարտությունը:

Օգտվելով առիթից` իմ ջերմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր ազգակից բարեկամներին, ովքեր հնարավորինս աջակցել են մեր Զինված Ուժերին, մեր նորօրյա նահատակների ընտանիքներին: Կցանկանայի հավաստիացնել մեր ազգակիցներին, թե Հայոց բանակն իրականացնում է ամենայն հնարավորը հայրենիքի սրբազան սահմանների պաշտպանության համար, քանզի վստահ է իր առաքելության մեջ և գիտակցում է իր հանձնառությունների բաժինը:

Միայն ազգ-բանակ գիտակցությունից թելադրված մեր ամենօրյա մտահոգությամբ ու գործնական քայլերով կարող ենք սրբագրել մեր նախնիների հետ պատահած զարհուրելի ողբերգության հետևանքները:

Իսկ դրա համար միայն խոսքերն ու ճառերը բավարար չեն: Բավարար չէ նաև «պայծառ տեսլականի» հավատքն առանց գործերի: Ամեն հայ իրեն պետք է զգա հայրենիքի պաշտպանության խրամատներում և կարողանա պատվով իրականացնել սեփական հանձնառությունը: Ամեն հայ պետք է պատրաստ լինի զբաղեցնել իր դիրքը իրեն բաժին ընկած կենդանի և ոչ առերևույթ թվացող հակառակորդին հալածելու համար:

Վերակազմավորման 25-ամյակը Հայոց բանակի համար ևս մեկ առիթ է առավել նվիրվածությամբ ծառայելու մեր ազգային նվիրական նպատակների իրականացմանը: Եվ ամեն օր զոհաբերության պատրաստ Հայ Զինվորը միևնույնը պահանջելու բարոյական իրավունքն ունի ողջ հայությունից:

Ընդունենք, որ արագորեն փոփոխվող արդի աշխարհում Հայաստանն ունի 2 հավատարիմ դաշնակից՝ Հայոց բանակը և Սփյուռքը, իսկ նրանք երբեք չեն դավաճանում:

Հայությունն այն ուժը չէ, որի հետ տարածաշրջանում կարող են հաշվի չնստել: Իսկ եթե մեր հակառակորդը շարունակի անհամաչափ վտանգների պատրանք ստեղծել, ապա բոլորս էլ մեր վրա կառնենք մեր խաչերն ու կհագնենք մահապարտների շապիկները, և կկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Հայկի ու Բելի պատերազմի ժամանակ, Ձիրավում, Ավարայրում, Սարդարապատում, Ապարանում, Շուշիում և Գանձասարի պատերի ներքո:

Այո’, խաղաղություն ենք ուզում, բայց և այնպես պատրաստ ենք պատերազմի:

Լավագույն առիթն է վերհիշելու մեր հանձնառությունները և քայլառքայլ իրագործելու դրանք, քանզի եթե կա նպատակ, ապա ժամանակը որևէ նշանակություն չունի:

Մենք պետք է հիշենք մեր բյուրավոր նահատակներին` հանուն նրանց հիշատակի ամրագրելով մեր հաղթանակները և կռելով նորերը: Պաշտամունքի չվերածենք լացը և ողբը, քանզի «սուգը հավերժ է, երբ պայքար չկա»:

Չզբաղվենք ամոթալի ինքնաոչնչացմամբ, այլ ազգովին պատրաստ լինենք առկա մարտահրավերներին և վաղվա մաքառումներին:

Եվ մենք, այո’, պիտի գնանք մեր կորուստների հետևից, որպեսզի նորերը չունենանք:

Իսկ դրա համար պետք է մի քիչ ավելի զինվորյալ հայ լինել և մի քիչ ավելի կատարյալ մարդ:

Սիրելի ազգակիցներ, Քույրեր և եղբայրներ,

Թույլ տվեք ի սրտե շնորհավորել մեր և Ձեր Զինված Ուժերի հերթական տարեդարձի առթիվ, մաղթել միայն հաղթանակ: Փա’ռք Հայոց բանակին: Խոնարհում հանուն Հավատքի, Ազգի և Հայրենիքի նահատակված զինվորներին:

Աստված և մեր Զինված Ուժերը պահապան Հայ Ազգին ու Հայաստանի Հանրապետությանը:

Գնդապետ Սամվել Ռամազյան

Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ

Օրացույց