Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

փետրվար 11, 2017 - 10:46        Viewed: 367       

Փետրվարի 6-ին Վրաստանի Հանրային Հեռուստաընկերության գլխավոր տնօրենը հասարակությանն է ներկայացրել Հանրային Հեռուստատեսության «զարգացման» ծրագրի վերաբերյալ իր որոշումը։ «Առաջին հերթին մենք սկսում ենք Հանրային Հեռուստաընկերության կողմից թողարկվող բոլոր ծրագրերի դադարեցումը։ Մինչ 2018 թվականը կդադարեցվեն մեր բոլոր ծրագրերը, բացի տեղեկատվական ծառայությունից», -հայտնել է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության Գլխավոր տնօրենը։

Վրաստանի Կրթության նախարարության որոշման համաձայն՝ Բաթումիում գործող «Շահինի» անվան թուրքական դպրոց-լիցեյը դադարել է գործել։ Թուրքական դպրոցը զրկվել է լիցենզավորումից։ Վրաստանի տարածքում գործող բազմաթիվ թուրքական դպրոցներից մեկի փակման պաշտոնական պատճառը համարվում է այն փաստը, որ Վրաստանի Կրթության նախարարության կողմից անցկացված մի քանի ստուգումների ընթացքում տվյալ դպրոցում գրանցվել են Վրաստանում գործող օրենսդրության խախտումներ։ «Դպրոցը չուներ իրավունք վրացալեզու բաժնի գործունեությանը զուգահեռ դասավանդում անցկացնել թուրքալեզու բաժնում։ Թուրքալեզու բաժինը տվյալ դպրոցում գործում էր Վրաստանի օրենսդրության խախտմաբ, և դպրոցի տնօրինությունը պարտավոր էր վերացնել այդ բաժինը», -ասված է Վրաստանի Կրթության և Գիտության նախարարության հայտարարությունում։

Մինչդեռ, հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսի 16-ին Բաթումիում Թուրքիայի հյուպատոսը կոչ էր արել Վրաստանի իշխանությանը արգելել «Շահինի» անվան դպրոցի գործունեությունը Վրաստանի տարածքում։ Դպրոցի փակման մասին իր պահանջը հյուպատոսը հիմնավորում էր նրանով, որ «այդ դպրոցը կապված է Գյուլենի ցանցի հետ և նա ահաբեկիչների է դաստիարակում»։ «Մոտակա ժամանակներս մենք կդիմենք Վրաստանի կառավարությանը՝ խնդրանքով փակել այդ կազմակերպությունը, այդ դպրոցը», -հայտնել է թուրք դեսպանը։

Փետրվարի 6-ին Վրաստանի նախագահը հայտնել է, որ ծրագրում է աջակցել սահմանադրական կանոնին, որի համաձայն երկրի Սահմանադրության ցանկացած փոփոխություն պետք է քննարկվի ժողովրդի և հասարակության հետ։ Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա սկզբից Վրաստանի Կառավարությունը սկսել է Վրաստանի Սահմանադրության տեքստի փոփոխությունների գործընթացը։ Այլ փոփոխություններից բացի ծրագրվում է նաև Սահմանադրության տեքստից հանել այն կետերը, որոնց համաձայն երկրի նախագահը պետք է ընտրվի համընդհանուր քվեարկությամբ։

Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանը ներկայացրել է 2016թ․ գործունեության հաշվետվությունը։ Հաշվետվության ներկայացրած տվյալների համաձայն՝ 2016թ․ ընթացքում Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակ է ներկայացվել 8 827 դիմում, որոնցից 7 196 հայտարարությունների շուրջ աշխատանքներն ավարտված են։ «Մարդու Իրավունքների Պաշտպանը կառավարությանը և այլ պետական մարմիններին տվել է 77 երաշխավորում։ 15 երաշխավորումը վերաբերվել է խտրականության կանխման հարցին։ Նշենք, որ Մարդու Իրավունքների Պաշտպանի ներկայացրած երաշխավորումների 39%-ը իրագործվել է , 10%-ը իրագործվել է մասնակիորեն, 17%-ը չի իրագործվել, 18%-ի պատասխանը ստացված չէ», -ասված է Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի ներկայացրած հաշվետվությունում։ 

«Վրաստանը ոչ մի դեպքում չպետք է միայնակ մնա «Գազպրոմի» հետ բանակցություններում։ Ակնհայտ է, որ «Գազպրոմի» հետ արդեն իսկ անցկացված բանակցությունների արդյունքում Վրաստանի դիրքերը թուլացել են», -հայտարարել է Վրաստանի նախագահը։

«Իրականում Վրաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների, տնտեսական խնդիրների, անվտանգության բնագավառում բարդ իրավիճակի առջև, գոյություն ունեն բազմաթիվ արտաքին քաղաքականության մարտահրավերներ», -փետրվարի 7-ին հայտարարել է Վրաստանի նախագահը։

«Այն, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը մեր եվրոպական նախագծի համար աջակցող գործոն է, միայն իմ կարծիքը չէ, այլ նաև մեր եվրոպական գործընկերների դիրքորոշումը», -փետրվարի 7-ին հայտնել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ երկխոսության հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։

Փետրվարի 7-ին Ռուսաթավիի «Ազոտ» գործարանի 350 նախկին աշխատակից բողոքի ցույց են անցկացրել Թբիլիսիի կենտրոնում։ Ցույցի մասնակիցները փակել էին Ռուսթավելի մայրուղու երթևեկությունը և պահանջում էին երկրի կառավարությունից ուշադրություն դարձնել գործարանի վարչության անօրինական որոշմանը։ Ցույցի ընթացքում բախում է տեղի ունեցել ցույցի մասնակիցների և ոստիկանության ներկայացուցիչների միջև։ Հիշեցնենք, որ ռուսթավյան «Ազոտ» գործարանի վարչությունը աշխատանքից ազատել է 350 աշխատակցի։ Ցուցարարների խոսքերի համաձայն՝ «վարչությունն իրականացրել է աշխատակիցների զանգվածային ազատում առանց նրանց նախօրոք զգուշացնելու»։

ԱՄՆ-ում անցկացված հարցման համաձայն՝ հարցմանը մասնակցած ԱՄՆ-ի քաղաքացիների 39% Վրաստանը համարում են ընկերական երկիր, 8% Վրաստանին համարում է դաշնակից պետություն, 16%-ը կարծում է, որ Վրաստանը ԱՄՆ-ին ոչ ընկերական պետություն է, իսկ 2%-ը հայտարարում է, որ Վրաստանը ԱՄՆ-ի թշնամին է։

«Վրաստանի Կրթության նախարարությունից աշխատանքից ազատվել է 400 աշխատակից, ինչը թույլ է տվել տնտեսել 5 000 000 լարի։ Մենք կփորձենք ավելի քիչ ծախսերով կատարել նախկին աշխատանքը։ Մի քանի ռեսուրս կենտրոններում վերացվել է իրավաբանների և աուդիտի բաժինը։ Կադրերի օպտիմալացումը չի դիպչի գիտական համակարգերին և դպրոցներին», -հայտնել է Վրաստանի Կրթության նախարարը։

«Աշնանային նստաշրջանի ընթացքում երկրի Խորհրդարանը ընդունել է 7 օրենսդրական փաթեթ և 44 անկախ օրենք։ Խորհրդարանն իրականացրել է 13 միջազգային պայմանագրի վավերացում», -Խորհրդարանի գարնանային նստաշրջանի բացման արարողությանը հայտնել է Վրաստանի Խորհրդարանի նախագահը։ Նշենք, որ Վրաստանի Խորհրդարանը դեռևս չի վավերացրել «Տարածաշրջանային լեզուների մասին եվրոպական խարտիան», որի վավերացման պարտականությունը Վրաստանը Եվրոպական Խորհրդի առջև ստանձնել էր դեռևս 1999 թվականին, 18 տարի առաջ։

Վրաստանի Խորհրդարանի մամլո ծառայության տարածած տեղեկության համաձայն՝ օրենսդիր մարմինը սկսել է աշխատել օրենսդիր փաթեթի շուրջ, որի նպատակն է «Օպերատիվ-տեխնիկական գործակալություն» անվամբ պետական մարմին ստեղծելը։ Նոր գերատեսչության նպատակն է՝ քաղաքացիների գաղտնի լսումները։ Անհրաժեշտ տեխնիկական բազա ձեռք բերելու և աշխատակիցների աշխատավարձերն ապահովելու համար 2018թ․-ին կծախսվի 30 000 000 լարի։ «Նորաստեղծ գերատեսչությունը կգտնվի Պետական Անվտանգության ծառայության ենթակայության տակ։ «Օպերատիվ տեխնիկական գործակալությունն» իրավունք կունենա ստուգել բջջային կապի օպերատորներին։ Այն դեպքում, եթե բջջային կապի օպերատորը հրաժարվի համագործակցել նորաստեղծ գերատեսչության հետ, նա կտուգանվի 200 000 լարիով։ Այն դեպքում, եթե բջջային կապի ընկերություն-օպերատորը տուգանվի 4 անգամ շարունակ, ապա նա կզրկվի գործունեության իրավունքից», -ասված է Վրաստանի Խորհրդարանի տարածած հայտարարությունում։

Վրաստանի Ազգային Բանկի տարածած տեղեկության համաձայն՝ «ընթացիկ տարվա հունվարին Վրաստանի արժույթային պահուստները մեծացել են 38 500 000 դոլարով, ինչն իր հերթին 1․5%-անոց աճ է»։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2017թ․ փետրվարի դրությամբ Վրաստանի արժույթային պահուստը կազմում է 2 600 000 000 դոլար։ 2016թ․-ի ընթացքում երկրի արժույթային պահուստն աճել է 353 000 000 դոլարով (16%-անոց աճ)։

«Այսօրվա դրությամբ փախստականների 37 000 ընտանիք պետական օգնություն են ակնկալում։ Որպեսզի նման քանակությամբ ընտանիքները մշտական կացարանով ապահովվեն, անհրաժեշտ է բյուջեից հատկացնել մոտավորապես 1 500 000 000 լարի։ Նշենք, որ 2008թ․-ից աշխատավարձերին տարբեր դրամաշնորհների և այլ ավելացումների վրա պետությունը բյուջեից հատկացրել է ավելի շատ միջոցներ, քան անհրաժեշտ է 37 000 ընտանիքի կացարանով ապահովելու համար։ Ամենամոտավոր հաշվարկներով նույնիսկ եթե պետությունը դրամաշնորհներին հատկացներ տրված միջոցների 50%-ը, այսօր փախստականների բոլոր ընտանիքներն ապահովված կլինեին կացարաններով», -ասված է IDFI կազմակերպության պատրաստած հաշվետվությունում։

Փետրվարի 9-ին Վրաստանի Պետական ԱՆվտանգության Ծառայության ղեկավարը ճանաչողական հանդիպում է անցկացրել Վրաստանում Ադրբեջանի դեսպանի հետ։ «Կողմերը քննարկել են երկրների միջև գոյություն ունեցող ռազմավարական հարաբերությունների շրջանակներում ձեռքբերումներն ու հիմնական ուղղությունները։ Խոսել են նաև հետագա ծրագրերի և համագործակցության հեռանկարների մասին։ Զրույցը վերաբերել է Վրաստանի և Ադրբեջանի առջև ծառացած մարտահրավերներին և սպառնալիքներին վերաբերող հարցերին։ Կողմերն ընդգծել են երկու պետությունների համապատասխան ծառայությունների միջև համագործակցության խորացման կարևորությունը», -ասված է վրացական կողմի տարածած պաշտոնական հայտարարությունում։

Սարփիում վրացի սահմանապահները ձերբակալել են մի քաղաքացու, որն անօրինականորեն փորձում էր Թուրքիայից Վրաստան ներկրել մեծ քանակության հրազենային և որսորդական զենքեր։ Պաշտոնական աղբյուրները չեն հաստատում, թե որ պետության քաղաքացի է հանդիսացել օրինազանցը։ Նույն օրը ևեթ Վրաստանի ՆԳՆ-ն տեղեկություն է տարածել, որի համաձայն Թբիլիսիում մեծ քանակությամ թմրանյութ պահելու մեղադրանքով (ավելի քան 200 գրամ հերոին) Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել։

Օրացույց