Սուրբ Սարգսի տոնը Վիրահայոց թեմում

փետրվար 15, 2017 - 08:12        Viewed: 447       

ՎիրաՀայոց Թեմ -Հայոց Եկեղեցու նվիրական տոներից մեկը՝ Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների հիշատակության օրը, Վիրահայոց թեմում նշվեց հավուր պատշաճի և ժողովրդի մեծ սիրով:

Թբիլիսահայ հավատացյալները Սուրբ Սարգսի տոնը ավանդաբար նշում են Սրբի անունը կրող 1883 թվականին կառուցված մատուռ քայլերթով: Այս անգամ էլ ավանդույթը չխախտվեց:

Տոնի նախօրեին, փետրվարի 10-ին, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հավաքված ուխտավորների բազմամարդ թափորը, հոգևոր սպասավորների առաջնորդությամբ, Սուրբ Սարգսի սրբապատկերով և խաչվառներով, ուղղվեց դեպի Խարփուխ թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս մատուռը: Տարբեր տարիքի հավատացյալների թափորը, շարականներ երգելով և աղոթք անելով հասավ մատուռ: Բոլոր ուխտավորները, որոնց թիվը մոտենում էր հազարի, կարողացան հերթով մտնել, մոմ վառել ու աղոթք անել մատուռում: Այդ ժամանակաընթացքում Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի և Տեր Սամվել քահանա Թորոսյանի գլխավորությամբ և սարկավագաց ու դպրաց դասի մասնակցությամբ կատարվեցին հոգևոր երգեր, որին ձայնակցում էին քայլերթի մասնակիցները: Իրենց ուխտը կատարելուց հետո, ուխտավորները հասան Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և միացան այնտեղ գտնվող հարյուրավոր հավատացյալներին:

Բազմամարդ էր Սուրբ Գևորգ եկեղեցին և բակը: Նախատոնակ երեկոյան ժամերգությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ: Չնայած ձյունախառն և ցուրտ եղանակին, հավատացյալները բակում կանգնած, բարձրախոսների միջոցով մինչև վերջ մասնակցեցին արարողությանը:

Վազգեն Սրբազանը հավատացյալներին ուղղված քարոզ խոսեց օրվա խորհրդի, Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդու և զինակիցների՝ հանուն քրիստոնեության նահատակության մասին: Սրբազան Հայրը անդրադարձ կատարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետի բարձր տնօրինությամբ Ս.Սարգիս զորավարի տոնը Երիտասարդների օրհնության օր հռչակելուն, կատարեց երիտասարդության օրհնության կարգ և մաղթեց նրանց նպատակների իրականացում:

Սուրբ Սարգսի տոնը ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով:

Նախատոնակի արարողության վերջում, Սուրբ Գևորգ եկեղեցու բակում հավաքված երիտասարդները ստացան աղի բլիթներ, որոնց հետ կապում են իրենց երազանքների իրականացումը:

Փետրվարի 11-ին, Տոնի օրը, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:

Սուրբ Սարգսի տոնը ուխտագնացություններով և Սուրբ Պատարագներով նշվեց Վիրահայոց թեմի նաև մյուս եկեղեցիներում:

Նախատոնակին և տոնի օրը հավատացյալները, իրենց հոգևոր սպասավորների առաջնորդությամբ, կատարեցին քայլերթ ուխտագնացություններ Սրբի անունը կրող եկեղեցիներ ու մատուռներ: Հավատացյալները Ախալքալաքից ուխտի գնացին դեպի Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցի, իսկ Սուրբ Խաչ եկեղեցում, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի հանդիսապետությամբ, կատարվեց նախատոնակ և երիտասարդների օրհնության կարգ: Հաջորդ օրը Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցում, Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը մատուցեց տոնական Սուրբ Պատարագ: Ուխտագնացություն կատարվեց նաև Ախալցիխեից դեպի Սազելի Սուրբ Սարգիս եկեղեցի: Տեղացիները և ուխտավորները մասնակցեցին Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին և երիտասարդների օրհնության կարգին: Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում, Տեր Արմաշ քահանա Պողոսյանի կողմից կատարված ծիսական արարողություններից հետո երիտասարդներին բաժանվեցին տեղի Ռաֆայել Ջավախ կենտրոնի սաների պատրաստած աղի բլիթները: Իսկ Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Արարատ քհն. Գումբալյանի նախաձեռնած տոնական արարողություններին և ավանդական միջոցառումներին ավելացավ նաև Սուրբ Սարգսի տոնի հանդիսավոր նշումը ուրախ միջոցառումով:

Օրացույց