Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

փետրվար 18, 2017 - 19:00        Viewed: 321       

Շաբաթվա սկզբին Վրաստանի դատախազությունը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ, որի համաձայն՝ «տարված աշխատանքների արդյունքում կանխվել է վրաց եկեղեցու՝ գերագույն եպիսկոպոսներից մեկի հանդեպ մահափորձը»։ «Ձերբակալված է քահանա Գիորգի Մամալաձեն, որը մեղադրվում է եկեղեցու գերագույն եպիսկոպոսներից մեկի հանդեպ մահափորձ կատարելու մեջ։ Քրեական գործի նյութերի համաձայն՝ Գիորգի Մամալաձեն ձեռք է բերել որոշակի քանակությամբ թույն՝ այսպես կոչված «նիտրատի ցիանիդ» և փորձել է անցկացնել այդ թույնը Գերմանիա, որտեղ բուժվում է ամենայն վրաց Պատրիարքը», -ասված է վրաց դատախազության արտահերթ հայտարարությունում։ Ընդ որում, ինչպես երևում է պատահաբար, դատախազությունը չի հիշատակում այն փաստը, որ պատրիարքի հանդեպ մահափորձ կատարող Գիորգի Մամալաձեն վրաց եկեղեցու պատրիարքարանի ունեցվածքի ծառայության ղեկավարն է։ Շաբաթվա ընթացքում այդ թեման ամենաքննարկվողն էր վրաց հասարակության մեջ։ Արդյունքում շաբաթվա վերջում երկրի դատախազությունը հերքեց իր իսկ հայտարությունն այն մասին, որ Մամալաձեն փորձել է մահափորձ կատարել եկեղեցու գերագույն եպիսկոպոսներից մեկի հանդեպ։ Ավելին, փետրվարի 17-ի ուշ գիշերը հայտնի է դարձել, որ պատրիարքի վրա մահափորձ կատարելու մեջ մեղադրվող քահանան բանտից տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ պաշտոնական տվյալների՝ նա սրտի նոպա է ունեցել։ Փորձագետների մեծ մասը քահանա Մամալաձեի ձերբակալությունը կապում է այսպես կոչված «պատրիարքի ժառանգության և վրացական եկեղեցու ղեկավարի թագի» համար պայքարի հետ։ 

«Մինչև Դատախազությունը չավարտի հետաքննությունը, Պատրիարքարանը տվյալ հարցի շուրջ հայտարարություն չի անի։ Դատախազությունն ինքը կհրապարակի հետաքննության անրդյունքները, եթե, իհարկե, լինեն որևէ արդյունքներ։ Կամ էլ մեզ կհայտնեն, թե ինչ է ասել մեղադրյալը», -հայտնել է վրաց եկեղեցու Պատրիարքարանի տեղեկատվական ծառայության պետը։

Միացյալ Ազգային Անվտանգության ռազմավարության ստեղծման նպատակով Վրաստանի Ազգային Անվտանգության Խորհուրդը սկսել է համընդհանուր ազգային քննարկում։ «Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին Վրաստանի նախագահը հայտարարում էր, որ անվտանգության Միացյալ ռազմավարություն ստեղծելիս պետք է հաշվի առնվի հասարակության կարծիքը։ Այդ կապակցությամբ նախագահի վարչությունը և Ազգային Անվտանգության խորհուրդը սկսում է քննարկման գործընթացը և հասարակության հետ երկխոսությունը տվյալ հարցի շուրջ։ Մեր նպատակն է հասարակության հետ խորհրդակցությամբ մշակել ազգային անվտանգության ռազմավարություն։ Գլոբալ մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է ուսումնասիրել գործընթացները և քննարկել մոտեցումները։ Անհրաժեշտ է համապատասխան պատասխան տալ այն մարտահրավերներին, որոնք ծառացած են մեր երկրի և հասարակության առջև», -ասված է Վրաստանի նախագահի վարչության տարածած հայտարարությունում։

Վրացական ռազմական փորձագետները համոզված են, որ ԱՄՆ-ի աջակցությամբ Վրաստանում ստեղծվող ուսումնամարզական կենտրոնը պետք է հաշվարկված լինի Վրաստանի առջև ծառացած իրական սպառնալիքների վրա և ոչ միայն ուղղված լինի հակաահաբեկչական գործողությունների նախապատրաստմանը։ «Հնարավոր է, որ Վրաստանում ստեղծվող ուսումնավարժական կենտրոնը նման լինի այն կենտրոնին, որը գործում է Գերմանիայում։ Գերմանական կենտրոնում երկար տարիների ընթացքում անցկացնում են զինվորականների նախապատրաստում, որոնք հետագայում ուղարկվում են Աֆղանստան։ Եթե Վրաստանում կառուցվի նման կենտրոն, լավ կլինի։ Զինծառայողները պետք է նախապատրաստվեն ոչ միայն հակաահաբեկչական գործողությունների համար, այլև այն ռազմական գործողությունների, որոնք հնարավոր է ապագայում սպառնան մեր երկրի տարածքային ամբողջականությանը։ Մեր զինվորականները պետք է ընդունակ լինեն ետ մղել հակառակորդի տանկային շարքերը», -փետրվարի 13-ին հայտնել է փորձագետ Դավիթ Ալադաշվիլին։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի աջակցությամբ Վրաստանի Պաշտպանության նախարարությունը աշխատում է նոր ռազմաուսումնական կենտրոնի ստեղծման շուրջ։

2017թ․-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ Վրաստանում սկսվել է առևտրաշրջանառության ցուցանիշի աճ։ «2017թ․-ի հունվարին արտահանման ծավալը կազմել է 177 000 000 դոլար, ինչը 45%-ով ավել է քան 2016թ․-ի հունվարին։ Ներկրման ծավալը ընթացիկ տարվա հունվարին կազմել է 474 000 000 դոլար, ինչը 15%-ով ավել է, քան անցյալ տարի։ Առևտրի բացասական հաշվեկշիռը (արտահանման և ներկրման տարբերությունը) կազմել է 298 000 000 դոլար, ինչը երկրի ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալի 46% է», -ասված է պաշտոնական վիճակագրությունում։

Վրաստանում սկսվել է գարնանային զորակոչումը։ Երկրի Պաշտպանության նախարարի տարածած տեղեկության համաձայն՝ «փոփոխված են պարտադիր զինվորական ծառայության պայմանները»։ «Զորակոչիկները երեք ամսվա ընթացքում կանցնեն զինվորական-ռազմական նախնական կուրսը։ Եռամսյա կուրսն անցնելուց հետո զորակոչիկներն ամեն օր կանցնեն զինվորական նախապատրաստում պայմանագրային սկզբունքով ծառայողներին հավասար», -ասված է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ ընդամենը կես տարի առաջ երկրի Պաշտպանության նախարարի որոշման համաձայն՝ Վրաստանն ամբողջությամբ հրաժարվել էր պարտադիր զորահավաքից։ Մինչդեռ, շուտով այդ որոշումը չեղարկվեց։

«Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է, և մենք ցանկանում ենք, որպեսզի երկրի Սահմանադրությունը ավելի շատ հիմնվի կառավարման խորհրդարանական ձևին։ Գործող սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահն այսպես թե այնպես, ունի սահմանափակ լիազորություններ։ Նախագահն արդեն չի հանդիսանում իշխանության այսպես կոչված ճյուղը։ Հենց դա էլ պետք է գրանցված լինի նոր Սահմանադրության տեքստում, քանի որ փաստացիորեն նախագահն արդեն իշխանության ճյուղ չի հանդիսանում, ապա Սահմանադրության տեքստը պարունակում է համապատասխան հավասարակշռությունը խախտող դրույթներ», -հայտարարել է իրավաբանական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահը։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ բոլոր վրացական նավահանգիստների ապրանքաշրջանառությունը 2016թ․-ին զգալիորեն կրճատվել է։ «2016թ․-ին Փոթիի նավահանգստի ապրանքաշրջանառությունը կազմել է 6 300 000 տոննա, ինչը 8%-ով քիչ է, քան 2015թ․-ին։ Բաթումիի նավահանգստի ապրանքաշրջանառությունը անցյալ տարի կրճատվել է 30%»։

Կրճատվել է նաև Վրաստանի երկաթուղու ապրանքաշրջանառության ծավալը։ «2016թ․-ին երկաթուղու միջոցով փոխադրվել է 11 900 000 տոննա բեռ, ինչը 15․6%-ով քիչ է, քան 2015թ․-ի ընթացքում։ Երկրի երկաթուղիները 2016թ․-ին 2․5 անգամ քիչ բեռ են փոխադրել, ավտոմոբիլային երթևեկությամբ փոխադրված բեռների համեմատությամբ։ 2012թ․-ին երկրի երկաթուղիները փոխադրել են 20 100 000 տոննա բեռ, 2013թ․-ին՝ 18 200 000 տոննա, 2014թ․-ին՝ 16 700 000 տոննա, 2015թ․-ին՝ 14 100 000 տոննա, իսկ 2016թ․-ին՝ 11 900 000 տոննա», -ասված է պաշտոնական վիճակագրությունում։

Վրաստանի Սահմանադրական Դատարանի որոշման համաձայն՝ ընթացիկ տարվա փետրվարի 15-ին չեղարկվում է քրեական պատասխանատվությունը մինչ 100 գրամ այսպես կոչված մարիխուաննայի ձեռքբերման (անձնական օգտագործման համար) և պահպանման համար։

2017թ․-ի հունվարին արտասահմանից Վրաստան է ուղարկվել 83 900 000 դոլար, ինչը 26․1%-ով ավելի է, քան 2016թ․ին։ 2017թ․-ին Վրաստանից արտասահման է ուղարկվել 13 400 000 դոլար։

Վիճակագրական տվյալների համաձայն նվազագույն զամբյուղը մեկ մարդու համար կազմում է 166․3 լարի, իսկ միջին խավի ընտանիքի համար՝ 278․9 լարի։

ՆԱՏՕ-ի գերագույն ղեկավարության հայտարարության համաձայն՝ «կազմակերպությունը ծրագրում է ուժեղացնել իր ներկայությունը Սևծովյան տարածաշրջանի դաշնակիցների ծովային և օդային զինվորական ուժերում»։ «Սև ծովի տարածաշրջանում մեր ներկայությունը կուժեղացվի, բայց այդ ուժեղացումը բացառապես կապված է մեր դաշնակիցներին պաշտպանելու ցանկությամբ։ Մենք չենք պատրաստվում հարձակվել և չենք պատրաստվում կոնֆլիկտ սադրել», -հայտարարել է ՆԱՏՕ-գլխավոր քարտուղարը։

Փետրվարի 17-ից Վրաստանում չեղարկվել է մի քանի ամիս առաջ մտցված օրենքը աջղեկանի մեքենաների ներմուծման արգելքի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա ավարտին մտցված աջղեկանի մեքենաների ներմուծման արգելքը լուրջ բողոք է առաջացրել երկրի բնակչության մեջ, որի մեծ մասը ծանր սոցիալական պայմանների պատճառով նախընտրում է ձեռք բերել արժողությամբ ավելի էժան ՝ աջղեկանի մեքենաներ։

Վրաստանի Տրանսպորտի նախարարության հայտարարության համաձայն՝ «Նիդեռլանդների կառավարության աջակցությամբ սկսվում է երկու մայրուղիների վերանորոգում-շինարարությունը՝ Ռուսթավիից Հայաստանի սահմանի ուղղությամբ (Սադախլո) և Ադրբեջանի սահմանի ուղղությամբ (Կարմիր կամուրջ)։ Նախագծային աշխատանքները կիրականացվեն 17 ամսվա ընթացքում։ Կծախսվի 1 721 933 եվրո և 1 825 937 լարի։ Ծրագրվում է կառուցել Ռուսթավի-Սադախլո մայրուղու 40 կմ-անոց ճանապարհահատվածը և Ռուսթավի-Կարմիր կամուրջ 35կմ-անոց ճանապարհահատվածը»։

Վրաստանի Ազգային Բանկի տարածած տեղեկության համաձայն՝ «2017թ․- հունվարի 31-ի դրությամբ Վրաստանի պետական պարտքը կազմում է 4 540 000 000 դոլար»։ Միջազգային կազմակերպությունների և մի քանի երկրների մոտ ունեցած Վրաստանի պարտքը հետևյալ տեսքն ունի՝ Համաշխարհային Բանկ IDA՝ 1 160 000 000 դոլար, Զարգացման Ասիական Բանկ՝ 937 000 000 դոլար, Համաշխարհային Բանկ IBRD՝ 682 000 000 դոլար, Ռուսաստանի պարտքը՝ 79 000 000 դոլար, ԱՄՆ-ի՝ 25 000 000 դոլար, Թուրքիայի՝ 18 000 000 դոլար, Հայաստանի՝ 11 300 000 դոլար, Եվրոպական Միության՝ 10 600 000 դոլար, Ադրբեջանի պարտքը՝ 9 800 000 դոլար։

Օրացույց