Սումգայիթի հայկական ջարդերը

փետրվար 27, 2017 - 06:29        Viewed: 403       

29 տարի առաջ` 1988թ. փետրվարի 27-29-ին, այն ժամանակ դեռևս Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում սարսափելի դեպքեր էին տեղի ունենում: Երկաթյա ձողերով զինված ադրբեջանիցների ամբոխը, փայտերով, դանակներով, կացիններով իրականացնում էր «շրջայց» Սումգայիթում` փնտրելու բնակարաններ, որտեղ ապրում էին հայկական ընտանիքներ: Եռօրյա ջարդերի արդյունքում սպանվեցին մի քանի տասնյակ հայեր: Պաշտոնական խորհրդային տեղեկատվության համաձայն` Սումգայիթյան ջարդերի արդյունքում սպանվել է 27 հայ: Մինչդեռ, խորհրդային իշխանությունների կողմից չճանաչված բազմաթիվ հավաստի փաստեր հաստատում են, որ զոհերի թիվը շատ ավելին էր: 120 մարդուց ոչ պակաս…

«…Ամբոխի միջից խոսում են. «երրորդ հարկում հայեր են ապրում»: Ես տեսնում եմ ողջ ամբոխով բարձրացան մեր մուտքի երրորդ հարկ: Չէր անցել երկու-երեք րոպե, լսում եմ Սաշային` հարևանին, որն ապրում էր երրորդ հարկում, քարշ են տալիս աստիճաններով: Նա գոռում է, նրանք քարշ են տալիս: Դուրս բերեցին ուղիղ փողոցի վրա: Ես դա տեսնում էի խոհանոցից: Այնտեղ էր նաև Ռիմայի միջնեկ աղջիկը` Իռան: Իռան բղավում է. «Ձյաձյա Սաշային սպանում են, ձյաձյա Սաշային սպանում են»: Ես ասում եմ. «Լսի´ր, լռի´ր, թե չէ մեզ հետ էլ նույն պատմությունը կլինի, լռի´ր»: Մայրը հրեց նրան պատուհանի մոտից այն կողմ: Սաշային այնպես ծեծեցին, որ ես մտածեցի արդեն վերջ, նա մեռած է: Նրան փալասի նման վերցրին և շպրտեցին մի կողմ: Եվ հետևից նայում են քարշ են տալիս նրա կնոջը, մազերից: Նրան ևս փողոց դուրս բերեցին, սկսեցին ծեծել: Իսկ հետո, ուրեմն, խոսում էին, որ չորրորդ հարկում ևս հայեր են ապրում: Այնտեղ ապրում էր Յուրա Ավագյանը, ես առաջ նրա հետ էի աշխատում: Նրան սպանեցին, քարշ տվեցին ներքև և կենդանի այրեցին…», -հիշում է 63 ամյա ականատես Բեդայանը:

Չնայած այն բանին, որ խորհրդային համակարգը ամեն կերպ փորձում էր պատահածը աշխարհին ներկայացնել որպես զանգվածային, տարերային ավազակություն, գոյություն ունեցող ապացույցները հստակորեն ցույց են տալիս Սումգայիթյան ջարդերի ակնհայտ կազմակերպվածությունը:

Մարդկային կերպարը կորցրած կովկասյան թաթարների բազմաթիվ խմբեր ունեին տների և բնակարանների հստակ համարներն ու ցուցակները, որտեղ ապրում էին հայեր: Խորհրդային համակարգի անցկացրած հետաքննությունը հաստատել է, որ «ամբոխի» զինումը տեղի է ունեցել շատ ավելի վաղ, քան ջարդերի անմիջական սկիզբը: Մինչդեռ, թե ով է զինել «ամբոխին», այդպես էլ չպարզվեց… Մարդկության դեմ հանցագործություն իրականացնելու մեջ Ադրբեջանի ղեկավարության մասնակցությունն է մատնանշում նաև այն փաստը, որ քաղաքում փետրվարի 27-ին վնասված են եղել հեռախոսային գծերը: Սումգայիթյան հայերի օգնության կանչերին չեն արձագանքել ո´չ ոստիկանները, ո´չ շտապօգնոթյան ծառայությունը…

Փետրվարի 29-ին Սումգայիթի ջարդերի երրորդ օրը քաղաք մտցվեցին խորհրդային զորքերը: Մինչդեռ, նրանք էլ չէին շտապում օգնության հասնել զոհ դարձած հայությանը: Ջարդերը շարունակվում էին փետրվարի 29-ի մինչ ուշ երեկո: Գիշերը խորհրդային զինվորների ստորաբաժանումները հրաման ստացան կանգնեցնել մարդասպանների «ամբոխին»: Ադրբեջանի «իրավապահպան» մարմինները ձերբակալեցին 94 անձի: Ձերբակալվածների մեծամասնությանը` 93 թաթարի ներկայացվել է մեղադրանք… «ավազակություն» փաստի հիման վրա:

Խորհրդային Միության փլուզումից հետո արդեն անկախ Ադրբեջանի որոշմամբ` «Սումգայիթ քաղաքում ավազակություններ իրականացրած բոլոր դատապարտված անձանց» համաներում շնորհվեց:

«…Իրականությունից այնքան էլ հեռու չեն ենթադրությունները, որ Ադրբեջանի առաջին հայկական ջարդերը ոգեշնչված են եղել տեղի մաֆիայի կողմից, որը ղեկավարվում էր Ադրբեջանի ԿԳԲ-ի ղեկավար Հեյդար Ալիևի կողմից», -Ջորջ Սորոս, 1989թ.:

Օրացույց