Ավստրիայի արտգործնախարարին սխա՞լ են հասկացել

մարտ 08, 2017 - 08:06        Viewed: 230       

Ավստրիայի արտգործնախարարի հայտարարությունը վրացական հասարակությանում մեծ աղմուկ է բարձրացրել: Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցը Bild պարբերականին տված հարցազրույցում հետևյալն է ասել.

«Մեզ փախստականների կենտրոններ են պետք Եվրամիությունից դուրս, որոնց աշխատանքով կարող է զբաղվել ՄԱԿ բարձրագույն կոմիսարիատը: Օբյեկտները կարող են տեղակայվել այնպիսի երկրներում, օրինակ, ինչպիսիք են Վրաստանը, Եգիպտոսը կամ Արևմտյան Բալկանների երկրները»:

Կուրցը մանրամասնել է նաև, որ այդպիսի կենտրոններում կարող են տեղակայվել նրանք, ովքեր ապօրինի հատել են Եվրամիության սահմանները:

Սակայն տեղական լրատվամիջոցներում այդ ենթադրությունը մեջբերվում էր որպես հաստատում, որ արդեն որոշում է կայացվել Վրաստանի տարածքում փախստականների, այդ թվում նաև Սիրիայից, տեղակայման միջազգային կենտրոնի ստեղծման մասին:

Սակայն վրացի պաշտոնյաները կտրականապես հերքել են այդ լուրը:

Նման հարց չի դիտարկվել վրացական կողմի հետ որևէ պաշտոնական հանդիպման ժամանակ, հայտարարել է Ավստրիայում Վրաստանի դեսպան Կոնստանտին Զալդաստանիշվիլին:

Վրաստանի արտգործնախարարությունը սկանդալի հետ կապված հատուկ հայտարարություն է տարածել:

«Փախստականների համար կենտրոն բացելու հարց Վրաստանի օրակարգում չկա: Հաշվի առնելով այն խնդիրները, որոնք երկիրը պետք է լուծի, նման նախագծի իրականացումն անհնար է», -ասված է Վրաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունում:

Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցը Վրաստանում էր 2017թ-ի փետրվարի 3-ին: Ինչպես պնդում է Վրաստանի ԱԳՆ-ն, այցի ընթացքում այդ հարցը չի քննարկվել, հետևաբար, գերատեսչությունը չի կարող ասել, թե ինչ է նկատի ունեցել Սեբաստյան Կուրցը:

Օրացույց