Ոչ թե Ռուսաստանն է սկսել ավելի շատ սիրել, այլ Հայաստանն է սկսել Ռուսաստանի քիչ սիրել

մարտ 14, 2017 - 09:10        Viewed: 379       

Մենեջմենթը զարմանալի գիտություն է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է էներգետիկային, և մասնավորապես՝ գազին: Միևնույն հանգամանքները կարող են գազի գնի ինչպես նվազեցման, այնպես էլ բարձրացման համար հիմք հանդիսանալ:

2017թ-ի հունվարի 1-ից Հայաստանում սկսել է գործել բնական գազի նոր, ավելի ցածր սակագին: Հայ սպառողների համար բնական գազի սակագինը նվազեցնելու նախաձեռնությունը Հայաստանին գազ մատակարարող միակ ընկերության՝ «Գազպրոմ Արմենիայի» նախաձեռնությունն էր: Ռուսական «Գազպրոմի» այդ դուստր ընկերությունը համապատասխան հայտով դիմել էր Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով 2016թ-ի նոյեմբերի 2-ին:

Ինչո՞ւ է «Գազպրոմ Արմենիան» սեփական նախաձեռնությամբ ցանկացել նվազեցրել գազի սակագինը: Դրան մի պատմություն է նախորդում, որն արժե պատմել:

Որքան էլ տարօրինակ լինի, սակայն այդ նախաձեռնության գլխավոր հիմքը սպառման ծավալների կրճատումն է դարձել, որի արդյունքում ընկերության եկամուտը նվազել է: Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Ղարաբաղում լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ շուկայի կրճատման խնդիր կա:

Կառավարությունը բանակցություններ է անցկացրել «Գազպրոմ Արմենիայի» հետ, որոնց արդյունքում եզրակացություն է արվել. գազի գնի նվազեցումը կարող է բերել դրա սպառման աճի, հետևաբար նաև՝ եկամտի աճի:

Դա սպառման դասական օրենք է, որը պարտավոր են իմանալ անգամ տնտեսագիտական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները: Զարմանալի է, որ Հայաստանում էներգետիկ բլոկի համար պատասխանատուները դրանից մի քանի ամիս առաջ չէին հիշում այդ օրենքի մասին:

Օրինակ, 2016թ-ի սեպտեմբերի սկզբին «Գազպրոմն» իջեցրեց Հայաստանին մատակարարվող բնական գազի արժեքը՝ 1000 կուբամետրի դիմաց 165 դոլար (նախկին 189 դոլարի փոխարեն) գին սահմանելով: Սակայն «Գազպրոմ Արմենիան» հրաժարվեց համապատասխան չափով բնակչության համար նվազեցնել գազի սակագինը՝ հայտարարելով, որ դժվարությամբ է փոխհատուցել դրամի արժեզրկման հետևանքով առաջացած վնասները:

Գազի սպառումը Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում իրոք կրճատվել է: 2016թ-ի առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում գազի սպառումը կազմել է 1 մլրդ 117,6 մլն կուբամետր բնական գազ, այն դեպքում, երբ 2013թ-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 1 մլրդ 317.1 մլն կուբամետր:

Արդյո՞ք սակագնի նվազեցումը սպասված արդյունքի՝ սպառման աճի կհանգեցնի: Պատասխանը դեռ պետք է ստանալ:

Շատ հնարավոր է, որ դա ավելի շատ կրճատի ընկերության ֆինանսական հոսքերը, քանի որ գազի սպառումը կախված է ոչ միայն գնից, այլ նաև բազմաթիվ այլ գործոններից՝ բնակչության թվաքանակից, գնողունակությունից, բենզինի գներից, եղանակային պայմաններից և այլն: Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելուց հետո գազի գները մեկուկես ամսվա ընթացքում գրեթե 8 ցենտով նվազել են:

Regular տեսակի բենզինի մեկ լիտրի գինը 380 դրամից [80 ցենտ] նվազել է սկզբում մինչև 360 դրամ [76 ցենտ], այնուհետև մինչև 350 դրամ [74 ցենտ]: Եթե բենզինը շարունակի այդ տեմպերով էժանանալ, լցակայաններում գազի պահանջարկը կկրճատվի: Եվ դա կբերի «Գազպրոմ Արմենիայի» եկամուտների կրճատման:

«Գազպրոմ Արմենիան» ակնհայտ ռիսկի է դիմում: Ընկերությունում պնդում են, որ ռեսուրս ունեն սակագնի նվազեցման համար: Օրինակ, Վրաստանի տարածքով գազի տարանցման արժեքի իջեցման հաշվին:

Վրաստանի և Ռուսաստանի միջև վերջերս ավարտված երկամյա բանակցությունների արդյունքում Վրաստանի՝ որպես տարանցիկ երկրի ծառայությունների դիմաց 2017թ-ից «Գազպրոմը» վճարելու է ոչ թե հումքով, այլ փողով, ինչը պետք է նվազեցնի Հայաստանին Վրաստանի տարածքով մատակարարվող գազի արժեքը:

Բացի այդ, «Գազպրոմ Արմենիան» մտադիր է վերակազմավորել իր վարկային պարտավորությունները պարտքերի վճարումը թեթևացնելու համար: Ավելին, եթե դա էլ բավարար չլինի, ռուսական «Գազպրոմը» պատրաստ է իր վրա վերցնել ռիսկերն ու հնարավոր կորուստները ֆինանսավորել: Հենց դա է ամենից շատ հուզում Հայաստանի բնակչությանը՝ թույլ չտալով ի սրտե ուրախանալ գազի էժանացմամբ:

Բանն այն է, որ նախկինում էժան գազի դիմաց մեկ անգամ չէ որ Հայաստանը «Գազպրոմին» է զիջել կարևորագույն էներգետիկ օբյեկտներ. Հրազդանի ՀԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը, «Իրան-Հայաստան» գազատարը, ինչպես նաև Հայաստանի մասնաբաժինն արդեն նախկկին «Հայռուսգազարդում», որի արդյունքում ընկերությունը վերանվանվեց «Գազպրոմ Արմենիայի»:

Իրենց կուլիսային գործընթացների գիտակ համարող և վերլուծական ունակություններով օժտված մարդիկ գազի գնի նվազեցման մասին հարցերին ժպիտով են պատասխանում և խորհուրդ են տալիս նայել Եվրասիական բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի անկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են 2016թ-ի նոյեմբերին:

Դրանց համաձայն՝ Ռուսաստանի՝ որպես բարեկամական երկրի ընկալումը Հայստանի բնակիչների շրջանում կտրուկ նվազել է՝ 17 կետով: Իսկ վերջերս Հայաստանը դիմել է Եվրամիությանը հատուկ պայմաններով ասոցացման մասին համաձայնագիր կնքելու հնարավորությունը քննարկելու առաջարկով:

Ստացվում է, որ ոչ թե Ռուսաստանն է Հայաստանին սկսել է ավելի շատ սիրել, այլ Հայաստանն է սկսել Ռուսաստանի քիչ սիրել: Եվ այժմ Ռուսաստանը փորձում է տաքացնել սառած զգացմունքները: Հիմնականում՝ գազի միջոցով: 

Բաբկեն Թունյան

Օրացույց