Ռուս-թուրքական պայմանագիրն այլեւս չկա

մարտ 15, 2017 - 07:27        Viewed: 297       

Հայերի հիշողության մեջ խորը վիրավորանք գոյություն ունի անցած դարասկզբի այն պայմանավորվածություններից, որոնց համաձայն Հայաստանի պատմական հողերը հանձնվել են Թուրքիային: Այդ մասին մարտի 11-ին Վալդայ փորձագիտական միջազգային ակումբի երեւանյան արտագնա նիստում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա ասել է նաեւ, թե Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանը լուրջ պատասխան է Հարավային Կովկասի գործընթացներին Թուրքիայի ներգրավման հնարավորությանը:

Վիգեն Սարգսյանի հայտարարությունները բավական բազմիմաստ են: Կարծես թե հստակ է, որ նա նկատի ունի հայկական տարածքների հանդեպ Թուրքիայի իրավունքը հաստատող ռուս-թուրքական պայմանավորվածությունները, մասնավորապես Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը:

Սարգսյանը խուսափում է ուղիղ մատնանշել այդ հանգամանքը, թեեւ կարծես թե առաջին անգամ է, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան խոսում է այդ պայմանավորվածությունների մասին, թեկուզ նկատելի եւ խիստ ընդգծված դիվանագիտական «նրբանկատությամբ»:

Մյուս կողմից, Վիգեն Սարգսյանը ավելացնում է, որ պատմությունը չի ճանաչում «եթե»-ներ եւ պետք է ելնել առկա իրողություններից: Նա իհարկե իրավացի է, որովհետեւ հայկական տարածքների հանդեպ Թուրքիայի իրավունքն այլեւս ամրագրված է միջազգայնորեն, միջազգայնորեն ճանաչված են Թուրքիայի սահմանները:

Բայց Հայաստանը դրանք չի ճանաչել: Սահմաններ, որոնք փաստացի գծվել են ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրով: Միեւնույն ժամանակ ուշագրավ է, որ հայ-թուրքական արձանագրությունները ենթադրելու էին փոխադարձ սահմանի ճանաչում: Հայաստանը ներկայում չի վիճարկում Թուրքիայի սահմանը, Թուրքիայի տարածքի հանդեպ իր իրավունքը: Բայց, Թուրքիայի սահմանի չճանաչումը այդ հարցը պահում է բաց:

Այդ իմաստով ուշագրավ է, որ 2008 թվականին Մոսկվայից սկսած հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը չհասավ ավարտին, եւ բաց մնաց նաեւ Թուրքիայի սահմանի հարցը:

Թուրքիան ներկայում գտնվում է բավական բարդ վիճակում: Աներկբա է, որ այդ երկրի նախագահ Էրդողանը փորձեց սկսել մեծ խաղ, որը թերեւս իր քաշով չէր, եւ նա ծանրաձողն ակնհայտորեն գցել է «ոտքին»: Նա փնտրում է նոր մոտեցման հնարավորություն, այդ հարցում գործընկեր դիտարկելով Մոսկվային:

Ռուսաստանն ու Թուրքիան օդանավային հայտնի միջադեպից մի քանի ամիս անց կարծես թե փորձեցին հաշտվել, թեեւ այդ հաշտությունը ստացվում է բավական արյունոտ՝ Անկարայում Ռուսաստանի դեսպանն է ցինիկաբար գնդակահարվում տեսախցիկների առաջ, Ռուսաստանն է Սիրիայում ռմբահարում եւ սպանում թուրք զինվորների:

Ռուս-թուրքական հաշտության իրական էներգետիկան նախօրեին դաջված էր Մոսկվայում հանդիպած Պուտինի եւ Էրդողանի, նաեւ հանդիպմանը ներկա ռուս եւ թուրք այլ պաշտոնյաների, օրինակ ՌԴ արտգործնախարար Լավրովի, ՊՆ նախարար Շոյգուի դեմքին:

Նրանց դեմքերը ոչ թե հաշտություն, այլ հոգեհաց էին հիշեցնում:

Այդ իրավիճակում, հատկապես Արեւմուտքի հետ Թուրքիայի հարաբերության լարվածության նոր ալիքի ֆոնին, Երեւանն ըստ երեւույթին հնարավոր է համարում առնվազն ակնարկի մակարդակով խոսել ռուս-թուրքական պայմանագրի մասին:

Այդ պայմանագիրը միայն Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունը չէ, որ կարգավորել է հայության շահի եւ անվտանգության հաշվին: Ռուս-թուրքական պայմանագրով գործնականում կազմավորվել է Կովկասի անվտանգության համակարգի կմախքը, որը միս ու արյունով գոյատեւել է մինչեւ Արցախի առաջին պատերազմ:

Արցախի առաջին պատերազմում հայկական կողմի հաղթանակը գործնականում «լուծարել» է ռուս-թուրքական պայմանագիրը, ինչով էլ նաեւ պայանավորված է եղել այդ պատերազմում հայկական կողմի հանդեպ Արեւմուտքի բավական նկատելի համակրանքը:

Ապրիլի պատերազմը գործնականում ոչ միայն Ադրբեջանի գրոհն էր, այլ Ադրբեջանի միջոցով ռուս-թուրքական մի քանի տարի շարունակ նախապատրաստված փորձը՝ դե ֆակտո վերականգնել պայմանագիրը: Այդ փորձը տապալվեց:

Չի բացառվում, որ տապալման գործում զգալի դեր ունեցավ նաեւ ռուս-թուրքական գժտության հանգամանքը, որի պատճառ էր հանդիսացել նոյեմբերին Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին ռուսական օդանավի խոցումը: Ընդ որում հատկանշական է, որ ժամանակի ընթացքում թե Ռուսաստանը, թե Թուրքիան բավական թափանցիկ ակնարկում էին, որ դա «երրորդ կողմի» ձեռքի գործն էր:

Բացառված չէ, որ եթե ռուս-թուրքական գործողությունների ներդաշնակությունը չընդհատվեր 2015 թվականի նոյեմբերին, 2016 թվականի ապրիլին Հայաստանն ու Արցախը կարող էին հայտնվել առավել ուժգին ճնշման տակ, որին դիմակայելու հարցում լինեին առավել լուրջ եւ բարդ խնդիրներ:

Այդպիսով, Արցախի առաջին պատերազմում հայկական կողմի հաստատած ստատուս-քվոյով փաստացի լուծարված ռուս-թուրքական պայմանագիրը դե ֆակտո վերականգնելու փորձը տապալվեց: Դրան հաջորդեց Վիեննայի օրակարգը՝ ստատուս-քվոն հրադադարի պահպանման մեխանիզմով ամրապնդելու տրամաբանությամբ:

Այն, որ ԱՄՆ հովանու ներքո կազմակերպված Վիեննայի օրակարգը ունի հենց այդ տրամաբանությունը, հուշում է նախօրեին ԵԱՀԿ-ում Բաքվի ներկայացուցչի տարածած հայտարարությունը, թե ինչու է Ադրբեջանը դեմ այդ մեխանիզմի ներդրմանը: Բաքուն հայտարարում է, որ եթե մեխանիզմը ներդրվում է առանց հայկական զինուժը հետ քաշելու, ապա դա փաստացի ամրագրում է ստատուս-քվոն:

Ստատուս-քվո արտահայտությունն իրականում դիվանագիտական ֆորմալություն է, քանի որ խնդրի բուն էությունը հենց Կովկասի անվտանգության նոր համակարգի ձեւավորումն է, որտեղ առանցքում ռուս-թուրքական պայմանավորվածությունը չէ:

Ընդ որում, այդ իմաստով հատկանշական էր Փարիզում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Օլանդի հայտարարությունն այն մասին, որ այդ մեխանիզմի ներդրումը թույլ կտա պատժել հրադադարը խախտողին: Այլ կերպ ասած, Ֆրանսիայի նախագահն ամրագրում էր խնդրի արժեքը Արեւմուտքի կամ Եվրատլանտյան հանրության համար:

Այդ ֆոնին հատկանշական է, որ հայկական կողմը գործնականում առաջին անգամ ոչ ուղիղ, բայց բավական թափանցիկ ակնարկում է ռուս-թուրքական պայմանավորվածությունից «խորը վիրավորվածության» մասին, միաժամանակ արձանագրելով, որ ընդունում է ներկայիս իրողությունները:

Այդպիսով, Երեւանը գործնականում ակնարկում է, որ չի վիճարկում Թուրքիայի սահմանը, բայց նաեւ անվիճարկելի է համարում Արցախի եւ Ադրբեջանի ներկայիս սահմանը: Համենայն դեպս, եթե Վիգեն Սարգսյանը խոսում է «եթե»-ներ չլինելու եւ իրողությունից ելնելու մասին, ապա ներկայիս իրողությունը հենց դա է:

Այդ համատեքստում էլ Հայաստանը փաստորեն հայտարարում է, որ ռուսական ռազմակայանը դիտարկում է Թուրքիայի դեմ պատնեշ: Ուշագրավն այստեղ այն է, որ Ռուսաստանը գործնականում խուսափել է իր ռազմակայանը դիտարկել այդպիսին: Մոսկվան երբեք չի խոսում, որ 102-րդ ռազմակայանը Թուրքիային զսպելու համար է: Մոսկվան դրան մշտապես տվել է ընդհանրական պատասխաններ, քանի որ այդ ռազմակայանի իրական նշանակությունը Մոսկվայի համար հանդիսացել է հենց ռուս-թուրքական պայմանագիրը վերահսկելը կամ այդ պայմանագրի պարեկություն իրականացնելը:

Պատրա՞ստ է արդյոք Մոսկվան մտածել այդ գործառույթի փոփոխության մասին:

Մարտի 14-ին Սերժ Սարգսյանը մեկնել է Մոսկվա: Կան ռուսական աղբյուրներին մոտ կանգնած փորձագետներ, որոնք խոսում են, թե Մոսկվայում կարող է ստորագրվել 102-րդ ռազմակայանի կարգավիճակի ընդլայնման վերաբերյալ որեւէ համաձայնագիր: Պաշտոնական մակարդակում դեռեւս չի նշմարվում որեւէ բան, թեեւ «մեկ գիշերվա» ռեժիմը բնորոշ է հայ-ռուսական հարաբերությանը:

Այդուհանդերձ, նաեւ այդ ֆոնին հետաքրքիր է Վիգեն Սարգսյանի հայտարարությունը: Արդյոք Երեւանը ակնարկում կամ առաջարկում է, որ կհամաձայնի ռազմակայանի կարգավիճակի վերաբերյալ ռուսական առաջարկի, եթե Մոսկվան էլ ընդունի հայկական տարբերակն ու որեւէ կերպ պաշտոնապես արձանագրվի այդ հարթության վրա ռազմակայանի՝ Թուրքիային զսպելու հանգամանքը:

Ռուսաստանն անկասկած հրաժեշտ չի տվել ռուս-թուրքական պայմանագրի տրամաբանությամբ գործող տարածաշրջանային անվտանգության համակարգը վերականգնելու մտքին, սակայն իրադարձությունների զարգացումը վկայում է, որ այդ խնդիրը դառնում է ավելի ու ավելի դժվար, առավել եւս ապրիլի պատերազմից հետո: Թեեւ այստեղ իհարկե բանը միայն ապրիլի պատերազմը չէ: Ակնհայտ է, որ Մոսկվան առնվազն մարտավարական շրջանակում դիտարկում է անվտանգության նոր համակարգի շուրջ իր դերի վերաբերյալ Արեւմուտքի հետ պայմանավորվելու տարբերակներ, համակերպվելով մտքին, որ այլեւս չի ունենալու վճռորոշ դերը:

Հարցն այն է, թե արդյոք մոտ, թե հեռու է այդ հարցում վերջնական բեկումը: Դա իհարկե պայմանավորված է մի խումբ կարեւորագույն գործոններից, այդ թվում Երեւանի պահվածքից: Դրանում փոփոխությունները նկատելի են, իհարկե առայժմ բավական վախվորած:

Հակոբ Բադալյան

Օրացույց